Հայաստանն առաջինն է լինելու

26/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հարցազրույց Հայաստանում «Արեւելյան գործընկերության» ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան համակարգող Բորիս Նավասարդյանի հետ

– Պարոն Նավասարդյան, անցած տարեվերջին «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Բրյուսելում կայացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ որոշվեց ստեղծել «ազգային պատֆորմներ», որի շրջանակներում համագործակցելու են Հայաստանն ու Եվրամիությունը: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

– Այդ ֆորումին մասնակցած հայաստանյան պատվիրակները ձեւավորեցին նախաձեռնող խումբ, որն էլ սկսեց ձեւավորել Հայաստանի քաղաքացիական ֆորումի «ազգային պլատֆորմը»: Մարտի վերջին տարածվեց հայտարարություն, որով հրավիրվում էին Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները` ընդգրկվելու այդ պլատֆորմի մեջ: Եվ այս, եւ հաջորդ տարի դեռեւս ընդգրկվելու հնարավորություններ կլինեն, բայց որոշվեց, որ 1-ին փուլում լինեն այն կազմակերպությունները, որոնք ունեն 3 տարվա գործունեության փորձ, եւ որոնց գործունեությունը համապատասխանում է «Արեւելյան գործընկերության» առաջնահերթություններին: Ստացվեց մոտ 170 դիմում: Բացի տեխնիկական անհամապատասխանություն ունեցողներից, մնացած բոլորը` մոտ 140-ը, կընդգրկվեն «ազգային պլատֆորմի» մեջ: Հունիսի 7-ին կանցկացվի հիմնադիր ժողով, որտեղ կձեւավորվեն աշխատանքի սկզբունքները, կքննարկենք մեր առաքելությունը եւ աշխատանքի ուղղվածությունը: Ցանկալի կլիներ, որ բոլոր երկրներում «ազգային պլատֆորմների» ձեւավորման գործընթացն ընթանար նույն արագությամբ: Բայց այլ երկրներում, թերեւս, այդքան ակտիվություն չկա, որքան Հայաստանում, եւ մեր երկիրը այս առումով առաջինն է լինելու:

– Ո՞րն է լինելու ծրագրում ընդգրկված կազմակերպությունների գործառույթը: Նրանք պետք է միասնաբա՞ր աշխատեն «Արեւելյան գործընկերության» 4 թեմատիկ ուղղություններով, թե՞ կկազմվեն տարբեր խմբեր:

– Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կստեղծվեն առնվազն 4 աշխատանքային խմբեր, որոնք կհամապատասխանեն «Արեւելյան գործընկերության» 4 թեմատիկ պլատֆորմներին: Նախաձեռնողների պատկերացմամբ, գործունեության հիմնական ուղղվածությունը պետք է լինի լուսավորչական աշխատանքը: Քաղաքացիական հասարակության այն ինստիտուտները, որոնք ներգրավվել են «ազգային պլատֆորմում», պետք է տարածեն «Արեւելյան գործընկերության» բովանդակությունը, իմաստն ու հեռանկարները հանրության շրջանում: Ընթացքում կարող են ձեւավորվել նաեւ հստակ թիրախ ու գործունեության ոլորտ ունեցող այլ խմբեր: Հաջորդ կարեւոր գործունեության ոլորտը կլինի՝ առաջարկություններով ձեւավորել այն ուղղությունները, որոնք պետք է հիմնականը լինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Կարեւոր է նաեւ այն, որ «ազգային պլատֆորմը» կունենա գործընկերներ` ի դեմս Եվրամիության այն երկրների հ/կ-ների, որոնք ներառված են ֆորումում: Խոսքը գնում է երկկողմանի պարտավորությունների կատարման եւ արդյունավետ համագործակցության մասին, եւ մենք կարող ենք երկկողմանի վերահսկողություն իրականացնել: Նման փորձ չենք ունեցել:

– Պարոն Նավասարդյան, ծրագրի շրջանակում նախատեսվո՞ւմ է Հայաստանի հետ ԵՄ-ի կողմից ասոցիացված համաձայնագրի ստորագրում: Հայտնի է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ նման գործընթաց արդեն սկսվել է:

– Հունիսին այդ ուղղությամբ կսկսվեն բանակցությունները: Արդեն Եվրամիության կողմից եղել է հայտարարություն, որ նրանք մեր կառավարության հետ սկսում են աշխատանքներն այդ համաձայնագրի շուրջ:

– «Արեւելյան գործընկերության» ծրագիրը թերեւս միակն է իր ձեւաչափով, որտեղ քաղաքացիական հասարակության մասնակցությունը պարտադիր է: Ծրագրի մեկնարկից անցել է մոտ մեկ տարի. քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման առումով կա՞ն ցանկալի արդյունքներ:

– Քաղաքացիական հասարակության ներգրավման առումով առաջընթացը ակնհայտ է: Նման բան երբեւիցե չի եղել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում քաղաքացիական հասարակությունն ունենար որեւէ ինստիտուցիոնալ դեր: Մենք տեսնում ենք, որ կան լուրջ հեռանկարներ, իսկ երբ սկսվի պրակտիկ համագործակցություն Եվրամիության կառույցների եւ Հայաստանի միջեւ, քաղաքացիական հասարակությունը միշտ կունենա իր ասելիքն ու անելիքը:

– Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը եւ Եվրոպական պառլամենտը Հայաստանին վերաբերող բավական կոշտ բանաձեւեր ընդունեցին: Ձեր կարծիքով, այդ զարգացումները կարո՞ղ են ազդել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, մասնավորապես` «Արեւելյան գործընկերության» ծրագրի վրա:

– Ինձ այդպես չի թվում: Երբ քաղաքական շահեր ունեցող ինստիտուտները փորձում են մտնել այնպիսի հարցերի մեջ, որոնցից բացարձակապես տեղեկություն չունեն, ապա այդպիսի պատահական եւ կասկածելի որոշումներ են ի հայտ գալիս: Որպեսզի դա բացառվի, կարեւոր է, որ ինչքան հնարավոր է՝ շատ կարծիքների փոխանակում եւ շփումներ լինեն: Օրինակ, Եվրախորհրդարանում լինելու է Հայաստանի օր, որին հրավիրված են քաղաքացիական հասարակության ֆորումում ակտիվ հ/կ-ները: Կքննարկվեն մի շարք հարցեր, եւ, բնականաբար, մենք այնտեղ կփորձենք խորհրդարանականներին ներկայացնել մեր մտահոգությունները` այդ բանաձեւի հետ կապված, նպատակ ունենալով թույլ չտալ, որ կրկնվեն այդ կարգի ոչ կոմպետենտ որոշումները: