Վերջերս լույս է տեսել հայկական կինոյի առավել ամբողջական ու վերահրատարակված կատալոգը: Երկլեզվյան (հայերեն եւ անգլերեն) կատալոգը վավերացրել է հայ կինոյին վերաբերող ողջ ինֆորմացիան` ստեղծելով խտացված դոկումենտալ արխիվ, որտեղ հավաքագրված են կինոստեղծողների անունները (նաեւ տեխնիկական կազմը), դերասանների ցանկը, տարեթվերն ու արտադրության մանրամասները: Կատալոգը կինոգետների երկարատեւ աշխատանքի արդյունք է: Ինչպես նշեց կինոգետ Միքայել Ստամբոլցյանը` այս ծանրակշիռ փաստաթուղթը ոչ թե արժեւորում կամ վերարժեւորում է ֆիլմերը, այլ` առաջին հերթին, ծանոթացնում է մեր հարուստ կինոժառանգության հետ: Վերահրատարակված կատալոգի հիմք են հանդիսացել 1960-ականներին Դանիել Բզնունու կողմից հավաքագրված հայկական ֆիլմերի ամփոփագրերը, տիտրերը, ինչպես նաեւ՝ կինոարխիվներում պահվող նյութերը: Արդյունքում ստեղծվել է ֆունդամենտալ բազա, որից կարող են օգտվել ինչպես կինոյի մասին հրապարակումներ անող հեղինակները, այնպես էլ այլազգի կինոարտադրողները: Պետք է նշել, որ կատալոգում հատուկ հավելված կա, որի առանցքում անկախ Հայաստանի Հանրապետության կինոն է: Կինոարխիվ ստեղծողները ոչ մի գնահատական չեն տալիս, միայն ամփոփ ինֆորմացիա են հաղորդում: Նույնիսկ, երբ ֆիլմերը բարձր որակի չեն լինում, դրանք արխիվացնել է հարկավոր: