1999թ. դեկտեմբերին Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում բացված
«Արմենիկում» կլինիկական կենտրոնում անվճար բուժման իրավունք ունեն միայն
ՀՀ քաղաքացիները։ Ըստ կենտրոնի տնօրեն Լեւոն Գեւորգյանի, կենտրոնն
արտասահմանցի հիվանդներին չի ընդունում, քանի որ իրենք «Արմենիկում»
դեղամիջոցը ցանկանում են գրանցել տարբեր երկրներում, որպեսզի այնտեղ էլ
նման հիվանդների բուժումը պետպատվերով լինի։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները մեկ շաբաթում ընդունում են «Արմենիկումի» երեք
ներարկում։ Բուժման կուրսը տեւում է չորս շաբաթ։ «Արմենիկում» կլինիկական
կենտրոնի յուրաքանչյուր սենյակում դրված են մեկ կամ երկու տեղանոց
մահճակալներ (ընդհանուր թվով՝ 52), տեղադրված է օդափոխիչ, սառնարան,
ինչպես նաեւ` հեռուստացույց։ Հիվանդները կարող են սեղանի թենիս խաղալ կամ
լսել երաժշտություն, օգտվել հեռախոսից։
Փորձեցինք պարզել, թե Կենտրոնում քանի՞ հիվանդ կա, եւ կա՞ն արդյոք հղի
կանայք կամ արտերկրների քաղաքացիներ, սակայն տնօրենը հրաժարվեց
պատասխանել՝ պատճառաբանելով, որ նման տեղեկատվությունը գաղտնի է պահվում։
Լ. Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ «Արմենիկում» դեղամիջոցն արդեն գրանցվել է Լիբերիայում, Հնդկաստանում, Կոնգոյում։