Մորիս Բլանշո «Վեպ թափանցիկության մասին»

26/05/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Որտեղի՞ց է գալիս Ալեն Ռոբ-Գրիեի «Լրտեսը» վեպը ծայրեծայր լցնող լույսը: Սակայն, արդյո՞ք դա լույս է: Ավելի շուտ, թափանցիկություն է, սակայն ապշեցուցիչ թափանցիկություն, որն իրենով է ներթափանցում ամեն բան, ցրում է ուզածդ ստվեր, քայքայում է ամենայն հոծություն, իրերն ու էակները մակաբերելով առ նրբին կայլակվող հարթությունը: Այդ համապարփակ եւ ինքն իրեն համազոր թափանցիկությունը կարելի է կոչել միապաղաղ` այն անգույն է, անդադար, անսահման եւ իրենով է ներծծում ողջ տարածությունը, եւ քանզի այն մշտապես մնում է նույնական ինքն իրեն, տպավորություն է ստեղծվում, որ այն փոխում է եւ ժամանակը, օժտելով մեզ այն նոր ու նոր ուղղություններով վազանցնելու իշխանությամբ: Այդ թափանցիկությունը թափանցիկ է դարձնում մնացյալ ամեն ինչը, եւ, պարզելով ամեն ինչ, բացի ինքն իրենից, ինչ-որ առավելապես խորհրդավոր մի բան է: Որտեղի՞ց է այն գալիս: Ո՞ր կետից է լուսավորում Ձեզ: Ռոբ-Գրիեի գիրքը ամենաօբյեկտիվ նկարագրության տեսանելիություն է ստեղծում: Յուրաքանչյուր մանրամասն նրանում նկարագրվում է հանգամանալից կերպով, համաչափ ճշգրտությամբ, նկարագրվում է մեկի կողմից, ով, կարծես թե, սահմանափակվում է «տեսնելու» ընդունակությամբ: Թվում է, մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց ամեն ինչ ավելին չէ, քան տեսանելի: Արդյունքը տարօրինակ է ստացվում: Անդրե Բրետոնը մի ժամանակ կշտամբում էր վիպագիրներին նկարագրելու նրանց կրքի համար, մեզ դեղին պաստառների, հատակի սեւ ու սպիտակ գույնի սալիկների, ինչպես նաեւ՝ պահարանների, վարագույրների եւ այլ տաղտկացնող մանրամասներով հրամցնելու համար: Այդ կարգի նկարագրություններն իրոք որ ձանձրալի են, եւ չկա ընթերցող, որ չթերթի դրանք, բավարարվելով այն բանով, որ դրանք գրքում կան, կան հենց այն բանի համար, որ դրանք կարելի լինի թերթել, չէ՞ որ մենք այնքան շտապում ենք սենյակ մտնել եւ շուտափույթ իմանալ, թե ինչ է այնտեղ կատարվելու: Իսկ ի՞նչ, եթե ոչինչ էլ չկատարվի: Եվ սենյակն ադպես էլ դատարկ կմնա՞ր: Եթե տեղի ունեցող ամեն ինչը` իրադարձությունները, որոնց մենք սպասում ենք, մարդիկ, որոնց մենք տեսնում ենք` ուրիշ կոչում չունեն, քան սենյակն ավելի ու ավելի տեսանելի դարձնելու, առավել նկարագրության տրվող, սպառիչ նկարագրության թափանցիկությանը, խիստ չափված եւ այդուհանդերձ անհնարի՞ն: Ի՞նչը կարող է ավելի հուզիչ, բացառիկ լինել, իսկ հնարավոր է, եւ առավել դաժա՞ն: Ավելի մո՞տ կանգնել սյուրռեալիզմին (Ռուսել):