«Բանկային համակարգ. խաբուսիկ կայացածություն» հրապարակման մեջ նշել էինք,
որ հաջորդ հոդվածում անդրադարձ է կատարվելու Հայաստանի բանկային համակարգի
կոնկրետ ներկայացուցիչներին: Խոստացել էինք նաեւ, որ փորձելու ենք
ներկայացնել բանկային առանձին սեկտորների խոշոր բանկերի սեփականատերերի
կամ կառավարիչների տեսակետներն ու գնահատականները: Չստացվեց:
Տվյալ դեպքում պարզվեց, որ երբեմն «փորձը փորձանք էլ է լինում»:
Բանկիրներն ու ֆինանսիստները, ինչպես հայտնի է, փակ «ժողովուրդ» են եւ չեն
սիրում կիսվել լրատվամիջոցների հետ: Այնպես որ, այս անգամ ստիպված ենք
խախտել «Ազգային բուրժուազիայի կայացման դժվար ճանապարհը» հոդվածաշարի
ձեւաչափը եւ ներկայացնելու ենք ոչ թե այս բնագավառի ներկայացուցիչների
տեսակետները, այլ բանկային համակարգի վերաբերյալ հրապարակային եւ ոչ
այնքան պաշտոնական մեր տեղեկությունների համադրման արդյունքում ստացված
պատկերը:
Խաբուսիկ կայացածության իրական կայացածները
Այն գնահատականը, որ մեր բանկային համակարգը՝ որպես ինստիտուտ, արտաքին
չափանիշներով ոչ միայն կայացած է, այլեւ այնքան է կայացած, որ լավագույնն
է համարվում ԱՊՀ տարածքում, հիմնված էր բանկային համակարգի գնահատման
ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա: Իսկ կայացածությունը որակել էինք
կասկածելի, քանի որ դա բխում էր հենց այդ ցուցանիշների վերլուծության
արդյունքում ստացված այն վարկանիշից, ըստ որի` մեր բանկային համակարգն
աշխարհի երկրների շարքում զբաղեցնում է վերջին պատվավոր հորիզոնականներից
մեկը: Այսինքն՝ բանկային համակարգը գրեթե չի կատարում իր հիմնական՝
ֆինանսական միջնորդության ֆունկցիան:
Այնուամենայնիվ, բանկային համակարգը Հայաստանում իրողություն է: Եվ եթե
նրա դերը համապատասխան բանկային ու մակրոտնտեսական ցուցանիշներով
նշանակալի չէ տնտեսության մեջ, դա ամենեւին չի նշանակում, որ այն
ազդեցություն չունի ընդհանրապես պետության տնտեսական, ինչու ոչ, նաեւ
հասարակական-քաղաքական կյանքում: Ի վերջո, բանկիրներն ու ֆինանսիստները
հանդիսանում են հասարակության ամենաինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ խավերից
մեկը: Եվ թեկուզ հենց հասարակության արժեքային համակարգի վրա նրանց
ունեցած ազդեցությունը բավարար է ոչ միայն չանտեսելու առանձին բանկերին ու
բանկային համակարգն ամբողջությամբ վերցրած, այլեւ դիտարկելու նրանց
գործունեությունը:
Այսպիսով, ներկայացնելով Հայաստանում գործող թվով 21 ռեզիդենտ բանկերից
(ՀՀ-ում ոչ ռեզիդենտ բանկեր չկան) առավել խոշորներին ու իրենց իրականացրած
ֆունկցիոնալ նշանակությամբ «առանձնահատուկներին», փորձենք պայմանականորեն
կառուցել ՀՀ բանկային համակարգը, ինչի արդյունքում, ինդուկցիայի մեթոդով
կարելի է կառուցել նաեւ ամբողջ համակարգի պատկերը:
Ո՞վ ով է բանկային համակարգում կամ մեր ռոտշիլդներն ու մորգանները
Բանկային համակարգի առանձին սեգմենտների դասակարգումն իրականացրել ենք
պայմանականորեն եւ չենք հավակնում այն ներկայացնել որպես վերին ատյանի
ճշմարտություն, ինչպես, ասենք, Կենտրոնական բանկը: Իհարկե, բանկերի
վարկանիշավորմամբ զբաղվում են նաեւ մի քանի մասնավոր ընկերություններ,
որոնցից ամենաարժանահավատը թերեւս «Առկա» լրատվական գործունեության
կատարած դասակարգումներն են: Սակայն կոնկրետ այս հոդվածի շրջանակներում
մեր խնդիրը բանկերի գնահատականը չէ՝ զուտ ֆինանսական եւ բանկային
ցուցանիշներով: Եվ ուրեմն, բանկերին ընտրել ենք հետեւյալ հատվածներից եւ
հետեւյալ հաջորդականությամբ.
1.«Հայխնայբանկ» (ՀԽԲ)՝ որպես, այսպես կոչված, «ցանցային բանկ»։
2. «Անելիք» բանկ՝ որպես դրամական փոխանցումների մեջ մասնագիտացած բանկ։
3. «Հայգյուղփոխօգնության» բանկ (AGBA՝ որպես կոնկրետ ֆունկցիոնալ նշանակության բանկ։
4. «Հայէկոնոմբանկ»՝ որպես միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ
ծրագրեր իրականացնող եւ այդ կառույցների հետ կորպորատիվ հարաբերություններ
ունեցող բանկ։
5. HSBC բանկ՝ որպես օտարերկրյա ծագում ունեցող բանկ:
Ընդ որում, ինչպես նշել էինք նախորդ հրապարակման մեջ, մեր բանկային
համակարգի եւ տնտեսության միջեւ կապն արտահայտող ցուցանիշները
ծիծաղելիորեն փոքր են: Այդ, նաեւ առանձին բանկերի «առեւտրային գաղտնիքը»
(թեեւ վարկային պորտֆելի կառուցվածքը հրապարակային տեղեկատվություն է)
չբացահայտելու նպատակով չենք անդրադառնա ներքոնշյալ բանկերի վարկային
պորտֆելների կառուցվածքին եւ դիվերսիֆիկացիային:
Հայաստանում ամենախոշոր ցանցային կառուցվածք եւ ամենաշատը մասնաճյուղեր
ունի «Հայխնայբանկը» (ՀԽԲ): Վերջինս, ինչպես հայտնի է, նախկին ԽՍՀՄ
«Խնայբանկի» հայաստանյան մասնաճյուղի սեփականաշնորհման արդյունքում
ձեւավորված մասնավոր բանկ է: Դրա ապապետականացման գործընթացի մասին շատ է
գրվել ու խոսվել. շուրջ 5 տարի առաջ ՀԽԲ-ն ծիծաղելի գնով սեփականաշնորհեց
ոչ այնքան անհայտ, նախկինում «բենզինի մոնոպոլիստ» համարվող Միխայիլ
Բաղդասարովը: Հետագայում, սակայն, ՀԽԲ-ի բաժնետոմսերի առյուծի բաժինը,
հավանաբար «ռազմավարական համագործակցության շրջանակներում», վաճառվեց
ռուսական «Վնեշտորգբանկին»: ՀԽԲ-ն մեծ դերակատարում ունի ոչ միայն
բանկային համակարգում, այլեւ քաղաքական իմաստով: Որոշակի քաղաքական
իրադրության դեպքում` այս բանկի` հանրապետության գրեթե բոլոր
բնակավայրերում գտնվող մասնաճյուղերը կարող են վերածվել նախընտրական
շտաբների ու կուսակցությունների տարածքային կառույցների: Նշենք, որ ՀԽԲ-ն
Հայաստանի բանկային համակարգում արտոնյալ բանկի համարում ունի, քանի որ,
ըստ բանկային ոլորտի ներկայանալ չցանկացող մասնագետների, ԿԲ-ն, մեղմ ասած,
խտրական վերաբերմունք է ցուցաբերում ՀԽԲ-ի նկատմամբ. սկսած ԿԲ-ի առաջ
ստանձնած պարտավորություններից, վերջացրած անգամ պարտադիր պահուստավորման
պահանջների խախտումներով: Սրանում կարելի է համոզվել` ուշադիր կարդալով
ՀԽԲ-ի պարբերական հաշվետվությունները: Պարզապես ընթերցողին բանկային
«լաբիրինթոսից» զերծ պահելու համար չենք ներկայացնում այդ նեղ
մասնագիտական ցուցանիշները: «Ցանցային բանկ» դառնալու հավակնություններ
ունի նաեւ խիստ կասկածելի պատմությունների արդյունքում նախկին
«Արդշինբանկի» հիմքի վրա ձեւավորված «Արդշինինվեստ» բանկը: Չնայած,
վերջինս, ըստ հաշվետվությունների, կատարում է իր պարտավորությունները: Այս
կատեգորիայի բանկերի շարքին, որոշ վերապահումներով, կարելի է դասել նաեւ
«Կոնվերս» բանկը (ԿԲ): Ըստ ոլորտի մասնագետների, ԿԲ-ն (չշփոթել
Կենտրոնական բանկի հետ), իսկապես կայացած բանկ է՝ բանկային բոլոր
չափորոշիչներով համապատասխանում է եվրոպական չափանիշներին: ԿԲ-ի հիմնական
բաժնետեր ու կառավարիչ Սմբատ Նասիբյանն էլ պրոֆեսիոնալ բանկիրի համարում
ունի:
Թեեւ այսօր ՀՀ բոլոր բանկերն էլ իրականացնում են դրամական փոխանցումներ,
սակայն բանկային այս ծառայության, այսպես ասած, առաջնեկն ու այդ առումով
հայտնին «Անելիք» բանկն է: Վերջինս, իհարկե, բացի դրամական
փոխանցումներից, իրականացնում է նաեւ բանկային մյուս գործառույթները: Իսկ
«Անելիքի» նախագահ Սամվել Ճզմաչյանը, որը նաեւ Հայաստանի բանկերի միության
նախագահն է, նույնպես ընդգրկվում է Հայաստանի լավագույն բանկիրների
հնգյակում: Այս բանկի բաժնետերերի աշխարհագրությունը լայն է: «Անելիքի»
բաժնետերերի կառուցվածքում կան բազմաթիվ ռուսական գործարարներ: Պատահական
չէ, որ «Անելիքը» Մոսկվայում ամենամեծ մասնաճյուղն ունեցող հայկական
բանկերից մեկն է:
Առանձին ուշադրության է արժանի «Հայգյուղփոխօգնության» բանկը (AGBA):
Վերջինս ստեղծվել է, այսպես ասած, Եվրամիության ծրագրի շրջանակներում եւ
մասնագիտացած է առավելապես գյուղացիական տնտեսությունների վարկավորմամբ:
Իհարկե, դասական չափորոշիչներով AGBA-ն մասնագիտացած բանկ չէ, քանի որ
իրականացնում է նաեւ ունիվերսալ բանկին հատուկ գործառույթներ: Ընդ որում,
AGBA-ն՝ գյուղատնտեսական վարկավորում իրականացնելով, կատարում է եւս մեկ
կարեւոր, ըստ էության, սոցիալական ֆունկցիա, քանի որ նրա միջոցով վարկ
ստացող գյուղացիական տնտեսությունները ոչ միայն ապահովում են իրենց
կենսագործունեությունը, այլեւ զարգացման հեռանկարներ են ստանում: Ի դեպ,
AGBA-ի նախագահ Ստեփան Գիշյանը նույնպես Հայաստանի ամենապրոֆեսիոնալ
բանկիրներից մեկն է:
Միանգամայն այլ հարթությունում են գտնվում Հայաստանի բանկային համակարգում
«ցիվիլ» համարվող մյուս 2 բանկերը՝ «Հայէկոնոմբանկը» եւ HSBC բանկը:
«Հայէկոնոմբանկը», որի հիմնական բաժնետերը Սուքիասյանների ընտանիքն է,
ընդգրկված է Համաշխարհային բանկի խմբում եւ միակ հայկական բանկն է, որի
հետ արդեն մի քանի տարի համագործակցում եւ համատեղ ծրագրեր է իրականացնում
Եվրոպական Զարգացման եւ վերակառուցման բանկը (ԵԶՎԲ): Վերջինս նաեւ
հանդիսանում է «Հայէկոնոմբանկի» 25%+1 բաժնետոմսի տնօրինողը: ՀԷԲ-ի
կառավարիչ Աշոտ Օսիպյանը բանկային համակարգում է ավելի քան 10 տարի եւ
հեղինակավոր բանկիրներից մեկն է: Ինչ վերաբերում է HSBC-ին (Honkong
Shanhay Banking Corporation) ապա դա նախկին «Midland» բանկի հիմքի վրա
ստեղծված բանկ է եւ համարվում է Հայաստանում օտարերկրյա ծագում ունեցող
ամենակայացած բանկը, որը նաեւ նշանակալի վարկային պորտֆել ունի Հայաստանի
տնտեսության վարկավորման համեստ կառուցվածքում: Այս 2 բանկերին
ներկայացնում ենք միաժամանակ, քանի որ 2-ն էլ վերջերս ԿԲ-ի կողմից
արժանացել են միեւնույն գնահատականին: Այն է՝ ինչպես HSBC-ն, այնպես էլ`
«Հայէկոնոմբանկն» ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական բանկային
մոդելին:
Մեր բանկային համակարգի առանձին ներկայացուցիչների նման տարանջատումը,
ինչպես վերը նշվեց, կատարվել է պայմանականորեն: Սակայն դա ամենեւին չի
նշանակում, թե մեր բանկային համակարգը նշվածներով սահմանափակվում է: Այս
բնագավառի մասնագետները՝ հաշվի առնելով բանկային հիմնական ցուցանիշները,
նշում են, որ լուրջ եւ ազդեցիկ բանկեր դառնալու հնարավորություններ ունեն
«Առէկսիմբանկը», «Կասկադ բանկը», «BTA Invest» բանկը, «Ինեկոբանկը»:
Առանձին բանկերին անդրադառնալու մեր որոշումը, կրկնում ենք, հարաբերական
է: Եվ այս կամ այն բանկի՝ վերը նշված ցուցակում չհայտնվելու համար պետք է
ոչ թե թաքնված պատճառներ փնտրել, այլ ուսումնասիրել դրանց ցուցանիշները.
կանոնադրական ու հիմնական կապիտալը, ակտիվների ու պասիվների
հարաբերակցությունը, վարկային պորտֆելի ծավալն ու կառուցվածքը, եւ այլն:
Բնականաբար, սխալ կլինի բանկերի մասին խոսելիս շրջանցել Կենտրոնական
բանկը: Դա մոտավորապես համարժեք կլինի նրան, որ քննարկենք ԽՍՀՄ տարիներին
քաղաքական կուսակցություններ ստեղծելու հնարավորությունը՝ չհիշելով
Կենտկոմը: Կամ, ասենք, անդրադառնալ ֆաունայի ներկայացուցիչներին՝
արհամարհելով առյուծին: Կնեղանա, ի վերջո: Իսկ համեմատությունները
պատահական չեն: Քանի որ ՀՀ ԿԲ-ն բանկային համակարգում կատարում է այն
դերը, ինչ սոցիալիզմի ու կոմունիզմի շրջանում անում էր Կոմունիստական
կուսակցության Կենտրոնական կոմիտեն: Լայն իմաստով, այստեղ կարելի է
կիրառել նաեւ Օրուելի «բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են»
սկզբունքը: Այս գնահատականը կարելի է հիմնավորել ինչպես բանկային
մակրոցուցանիշներով, այնպես էլ` առանձին բանկերի ու ԿԲ-ի միջեւ առկա
ֆորմալ եւ ոչ պաշտոնական հարաբերություններով: Պարզապես կրկին չենք ուզում
ընթերցողի ուշադրությունը սեւեռել թվային եւ առաջին հայացքից ոչինչ չասող
ցուցանիշներին:
Ի դեպ, մեր նախորդ հրապարակման մեջ տեղ էր գտել տեխնիկական վրիպակ:
Հայաստանի վարկային ներդրումներ/ ՀՆԱ հարաբերակցությունը 21%-ի փոխարեն,
ներկայացվել էր 11%, ինչի համար հայցում ենք առաջին հերթին ընթերցողների
ու ԿԲ-ի ներողամտությունը:
Հ.Գ. «Ազգային բուրժուազիայի կայացման դժվար ճանապարհը» հոդվածաշարի
հաջորդ հրապարակումը կլինի հոկտեմբեր ամսվա 2-րդ կեսին: Այն վերաբերելու է
Հայաստանի ծխախոտի շուկային, այսինքն՝ դրանում ներկայացվելու են ինչպես
տեղական ծխախոտի արտադրության օլիգարխը, այնպես էլ ներմուծող գործարարները։