Երեկ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի դատավճիռը: Նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ կետով` անչափահասների` իր սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար սույն մանկավարժ-մանկապիղծը դատապարտվել է ընդամենը 2 տարվա ազատազրկման: Ներքին ու արտաքին քաղաքական թոհուբոհի մեջ այս դատական գործընթացը մի տեսակ երկրորդական պլան է մղվել: Մինչդեռ որեւէ քիչ թե շատ նորմալ երկրում նման խայտառակ դատավճիռը կարող էր ամբողջ դատական համակարգի անվստահության պատճառ դառնալ: Իհարկե, Հայաստանում առանց այդ էլ դատարաններին որեւէ մեկը չի վստահում: Այստեղ, սակայն, էականը դատական համակարգի անկախությունը չէ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի գրեթե բոլոր դատարանները նույնիսկ կենցաղային վեճերին առնչվող վճիռները համաձայնեցնում են իշխանության վերին օղակների հետ: Վստահաբար կարելի է ասել` այս դատավճիռը եւս բացառություն չի եղել, առավել եւս, որ դրա շուրջ որոշակի աղմուկ էր բարձրացել: Այսինքն` երեկվա դատավճիռը որոշակիորեն վկայում է իշխանությունների «ճաշակի» մասին: Քաղաքական հայացքների համար մեր իշխանությունները մարդկանց ազատազրկում են 5-7 տարով, իսկ մանկապիղծը դատապարտվում է ընդամենը 2 տարվա ազատազրկման: Այնպես որ, երեկվա դատական նիստի ընթացքում մասնակիցների պարզած պաստառների բովանդակությունը` «Վերջ մանկապղծությանը», «Ցմահ բանտարկություն», «Կանաչ լո՞ւյս մանկապղծության համար»` ուղղված էին ոչ միայն Ավագյանին ու դատավորին: