Իմ փոքրիկ նավակ (հիդրոլոգիական)

24/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Բնապահպանության նախարարության գնած հիդրոլոգիական նշանակության հատուկ նավի պատմությունը կամ ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումն այդ պատմության մասին բավական հետաքրքիր դրսեւորումներ է ստանում:

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խարդախության եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առիթով:

Հիշեցնենք, որ 2009թ. սկզբին ՎՊ-ն հայտարարեց, թե ստուգումների արդյունքում բացահայտել է, որ Բնապահպանության նախարարության ներկայացրած հայտի համաձայն՝ 2006թ. բյուջեով 153 մլն դրամ է հատկացվել այդ սարքավորման համար: Գնումների գործակալության հայտարարած մրցույթին մասնակցել է միայն «Կամար» ՓԲԸ-ն, որն էլ, բնականաբար, շահել է այդ գումարը եւ Ռուսաստանից գնել ու Հայաստան է հասցրել այդ նավը: 2008թ. ՎՊ-ն բացահայտեց, որ այդ նավի արժեքը «ըստ հանրապետություն ներմուծված մաքսային փաստաթղթի՝ կազմում է 79,931.6 հազ. դրամ, տարբերությունը` 73,068.4 հազ. դրամ, որը չի կարող ապահովել պետական միջոցի ծախսման արդյունավետությունը»: «Նախարարությունը, որը կոչված է շուկայի ուսումնասիրության միջոցով կազմել եւ ներկայացնել առաջարկին համարժեք պահանջարկ, որոնց պայմաններում պետության կարիքները կբավարարվեին հնարավորինս շահավետ պայմանագրերի կնքմամբ, ձեռք է բերել ապրանք՝ հիդրոլոգիական նավ, որը երկու անգամ թանկ է հանրապետություն ներկրված տվյալ ապրանքի մաքսային արժեքից»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ:

Գլխավոր դատախազությունն էլ իր հերթին պարզել է, որ «Կամար» ՓԲԸ-ն ձեռք է բերել ոչ թե հիդրոլոգիական, այլ «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավ, որի գործարանային արժեքը եղել է մոտ 47 մլն դրամ: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե իրականում ո՞վ է կանգնած այս «Կամար» ՓԲԸ-ի ետեւում, որը իրականացրել է այս «մութ» գործարքը: Փոխարենը՝ մեզ հաջողվեց զրուցել «Կամար» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե մաքսային փաստաթղթում նշված 79,9 մլն դրամի մեջ մտնում են գնման այդ 47 մլն դրամը, սահմանին վճարած 12,2 մլն դրամ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) եւ ճանապարհածախսը: Իսկ ՎՊ նշած 73 մլն տարբերությունից, ըստ Հ. Վարդանյանի` վճարել են եւս 13,5 մլն դրամ ԱԱՀ: Եվ, ըստ տնօրենի` քանի որ «Կամարը» շահույթ հետապնդող ընկերություն է, գործարքից իրենք ստացել են 18 մլն դրամ շահույթ, բացի այդ, վճարել են նաեւ 3,6 մլն դրամ եկամտահարկ: «Այս մի քանի խոշոր ծախսերը հանած ՎՊ ներկայացրած 73 մլն տարբերությունը նվազում եւ դառնում է 38 մլն դրամ: Մենք այս թվաբանությունը ներկայացրել ենք ՎՊ-ին, ինչո՞ւ ՎՊ-ն դա հաշվի չի առել»,- ասում է Հ. Վարդանյանը: Տնօրենը նաեւ հավատացնում է, որ այդ ընթացքում հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել իր ղեկավարած ընկերությունում, սակայն խախտումներ չեն հայտնաբերել: Ամեն դեպքում կասկածելի է մնում մնացած 35 մլն դրամի ճակատագիրը: Հ. Վարդանյանն ավելացնում է, թե քանի որ իրենց գնածն ու տեղափոխածը սովորական ապրանք չէ, եւ գործարքը կատարվել է արտակարգ իրավիճակներում, ապա այն ունեցել է բազմաթիվ չնախատեսված ծախսեր: Օրինակ, նրա խոսքերով, նավը ռուսական մաքսային պահեստում մնացել է 3,5 ամիս, ինչի համար վճարվել են հազարավոր դոլարներ: Գործարքը կատարվել է 2006թ. աշնանը (այդ ընթացքում փակվել է նաեւ ՌԴ Վերին Լարսի սահմանը): Եվ նավի տեղափոխման համար սահմանված ավտոմոբիլային ճանապարհը փոխարինվել է Սեւ ծով եւ Փոթի նավահանգիստներով: Բացի այդ, անցակետի չնախատեսված փակումը կրկնակի երկարացրել է տեղափոխման ժամկետը, ինչի ընթացքում էլ նավն, ըստ տնօրենի, ապահովագրել են հնարավոր անցանկալի վիճակներից խուսափելու համար: Ըստ տնօրենի` դա եւս արժեցել է հազարավոր դոլարներ: Ըստ Հ. Վարդանյանի` մինչ այդ նավը ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնելը, իրենք կատարել են բազմաթիվ այլ նախատեսված ու չնախատեսված ծախսեր, ինչը, գումարելով, դառնում է այդ 35 մլն դրամ տարբերությունը, որը հաշվետվության մեջ հաշվի չի առնվել: Բացի այդ, վերջինս պնդում է, որ Բնապահպանության նախարարության կողմից մրցույթին ու իրենց ներկայացված տեխնիկական պահանջի մեջ նշված է եղել միայն նավի կառուցվածքին` երկարությանը, բարձրությանը, սենյակների քանակին եւ նման այլ տվյալներին վերաբերող տեխնիկական պահանջներ, սակայն չի եղել հիդրոլոգիական սարքավորումների մասին որեւէ պահանջ: Իսկ եթե լիներ, ապա այն ավելի թանկ կարժենար, եւ տնօրենը վստահեցնում էր, որ այդ դեպքում իրենք մրցույթին չէին մասնակցի: Այդ սարքավորումները, իբրեւ թե, հետո պետք է գնվեին ու տեղադրվեին նավի վրա: Իհարկե, սա անհավանական է, քանի որ, որպես կանոն, պետք է նշված լինեին մրցույթի տեխնիկական բոլոր պահանջները: Վերջինս նաեւ ավելացնում է, թե նավը կշռում է 26,6 տոննա, ինչի միայն մետաղային արժեքը հավասարվում է ձեռք բերած գնին: Իսկ իրենց հաջողվել է էժան գնել, որովհետեւ արտադրող ընկերությունը սնանկացման եզրին է եղել եւ նավերը վաճառել է գրեթե ինքնարժեքով:

Չնայած Հ. Վարդանյանի վերոշարադրյալ փաստարկներին, այնուամենայնիվ, այս գործարքի մեջ բավական անհասկանալի ու մութ կետեր կան: Օրինակ, շատ զարմանալի է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործը հարուցելիս անտեսել է այս ընկերությանը: Փաստորեն գործարքի կողմերը հանդիսանում են պատվիրատուն` ՀՀ Բնապահպանության նախարարությունը, եւ կատարողը` «Կամար» ընկերությունը, սակայն, չգիտես՝ ինչո՞ւ, ստացվում է, որ խարդախությունը կատարել է մի կողմը: Ճիշտ է, Դատախազությունը հարցաքննել է ընկերության տնօրենին, բայց գումարը ծախսած ընկերության` «Կամար» ՓԲԸ-ի նկատմամբ գործ հարուցված չէ: Մյուս անհասկանալի հանգամանքն այն է, որ մեր իրականության մեջ մրցույթ, այն էլ՝ պետպատվերի իրականացման մրցույթը, պատահական ընկերությունները չեն շահում, ինչպես մեզ հետ զրույցում ցանկանում էր ներկայացնել Հ. Վարդանյանը: Հայաստանում, որպես կանոն, նախապես հայտնի է լինում հաղթողի անունը, գործարքի ու «ատկատի» թվերը, եւ բոլոր այդ տվյալները մանրամասն ճշտելուց հետո նոր մրցույթ է հայտարարվում: Իսկ «Կամարը», տնօրենի խոսքերով, շատ համեստ, ընդամենը 1 փոքրիկ, անշուք սենյակ զբաղեցնող ընկերություն է եւ հիդրոլոգիական նավի գնման մրցույթը պատահաբար է շահել: Չի բացառվում, որ, իսկապես, «Կամար» ընկերությունը չունի նման մրցույթներ շահելու իրավունք, այլ պարզապես որպես «դրածո ընկերություն»՝ օգտագործվել է վերեւներում ծրագրված ու իրականացված այս գործարքի ընթացքում: Հաջորդ հանգամանքը ավելի շատ քաղաքական է, որն էլ, թերեւս, այս պատմության ամենակարեւոր մասն է: Այս գործարքը տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի պաշտոնավարության շրջանում, ով քաղաքական դաշտում դասվում է Ռոբերտ Քոչարյանի համակիրների շարքին: Եվ բուռն թափ ստացած ներիշխանական պայքարում նախկին նախարարը դեղին քարտ ստացավ, որովհետեւ պաշտպանել էր Գագիկ Ծառուկյանի` Ներսես Երիցյանին ուղղված քննադատությունը: ՎՊ-ն դեռեւս 2008թ. էր հայտնաբերել աղմկահարույց այս գործարքի հետ կապված մանրամասները, սակայն, չգիտես՝ ինչո՞ւ, ՀՀ գլխավոր դատախազությունը գործ հարուցեց բացահայտումից 1,5 տարի հետո: Ինչո՞ւ այդքան ժամանակ գործ չէր հարուցվում, երբ խարդախությունը ՎՊ-ի կողմից վաղուց բացահայտված էր: