«Այն քաղաքականությունը, որ վարում է ՀՀ-ն, շատ վախվորած է եւ շատ զգուշավոր»,- երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին բանաձեւին: Ըստ Հարությունյանի` այդ բանաձեւը հերթական ճնշումն է Հայաստանի նկատմամբ: «Տարատեսակ ճնշումներ միշտ եղել են եւ կլինեն: Եվ մեր ասածը հենց նա էր, որ մենք, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, պետք է ճիգեր գործադրենք միջազգային իրավունքով տրված հնարավորությունները օգտագործելու համար. այ, երբ ՀՀ-ն սկսի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել իրեն տրված միջազգային իրավունքի նորմերով եւ ցեղասպանության հարցն էլ քաղաքական հարթությունից տեղափոխի միջազգային իրավունքի հարթություն, համոզված եմ, որ կարճ ժամանակում եւ՛ ԱՄՆ-ի, եւ՛ ՌԴ-ի, եւ՛ ԵՄ-ի վերաբերմունքը կփոխվի ՀՀ-ի հանդեպ»,- ասել է նա: Ըստ ՀՌԱԿ ատենապետի` միջազգային հանրության հետ պետք է խոսել իրենց լեզվով, իրենց գրած օրենքներով. «Բայց երբ մենք երկուստեք հանցագործների հետ` եւ՛ ադրբեջանական, եւ՛ թուրքական կառավարության, նստում ենք բանակցությունների եւ հանցագործներին ուզում ենք ինչ-որ բան համոզել, Թուրքիային «ճնշման ենք ենթարկում»` այլ երկրների խորհրդարաններն են ճանաչում, դատապարտում ցեղասպանությունը, որը մեզ որեւէ իրավական, փոխհատուցման հարց չի լուծում, այս պարագայում բնական են նման ոչ հայանպաստ բանաձեւերը, ճնշումները եւ այլն: Հատկապես մեր երկրի նկատմամբ, որ չունի ռեսուրսներ, չունի մեծ շուկա, քաղաքական համակարգը կայացած չի, մարդու իրավունքների եւ մյուս բաների մասին խոսելն ավելորդ է»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների սառեցմանը, ապա Առաքելյանի համոզմամբ, այդ առանձնապես ոչինչ չի տալիս մեզ. «Ամեն պահի, երբ փչեն միջազգային քամիները, 5 վայրկյան հետո արձանագրությունները կհայտնվեն խորհրդարանում, 4 վայրկյան հետո կվավերացվեն, ինչպես վավերացվում են մեր բոլոր օրենքները` ռոյալ նվագելու պես, միանգամից 10 կոճակ սեղմելով»: Այնպես որ, ըստ Հարությունյանի` վտանգը չի վերացել, եւ Թուրքիան մեծ հաշվով շահած է դուրս եկել այս գործընթացից. «Սա Դավութօղլուի եւ մնացած օղլուների ուզած խաղն է, նրանք աշխարհին ցույց տվեցին, որ իրենք աշխարհիկ պետություն են, ուզում են հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, եւ իրապես ձգտում են ԵՄ: Քարոզչության տեսանկյունից Թուրքիան շահեց, եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե արձանագրությունները դեռ օրակարգում են, պետք է ընկալել քարոզչության շրջանակում: Իսկ մեր թույլ տեղը մեր ներքին թուրքերն են»,- ասել է նա` հավելելով, որ խոսքն այն քարոզիչների մասին է, որոնք պնդում են, թե «սրանք այն թուրքերը չեն, սրանք ուրիշ թուրքեր են»: