Մեր թերթի մայիսի 13-ի համարում հրապարակված «Պարտատոմսերի մասին մոռացել են» հոդվածում անդրադարձել էինք այն մարդկանց խնդրին, ովքեր խորհրդային տարիներին ձեռք են բերել գանձապետական պարտատոմսեր, սերտիֆիկատներ ու արժեթղթեր եւ անկախ Հայաստանի օրոք չեն կարողացել դրանց դիմաց փոխհատուցում ստանալ: Այս առնչությամբ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից խոստացել էին տրամադրել տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք նախատեսվում է դրանց վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Երեկ նախարարությունից ուղարկել են հետեւյալ պատասխանը, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «ՀՀ կառավարության 26.03.1992 թվականի N 181 որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության խնայբանկին հանձնարարվել էր 1992 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 1993թ. հունվարի 1-ը ընդունել իր կողմից բացթողնված նախկին ԽՍՀՄ խնայբանկի ներքին շահող փոխառության պարտատոմսերը, սերտիֆիկատները, գանձատնային պարտավորությունները, պետական նպատակային անտոկոս փոխառությունները եւ ձեւակերպել դրանք որպես ավանդ: Իսկ այդ որոշման 4-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1993-ի հունվարի 1-ից կարող են իրենց մոտ եղած վերոհիշյալ արժեթղթերը փոխանակել այլ վճարային արժեթղթերով, ինչպես նաեւ խնայբանկերում ձեւակերպել որպես ավանդ` հաշվեգրելով 1991-ի մարտին սահմանված 40% եւ 1992-ի հունվարի 1-ից սկսած 9% չափով փոխհատուցումներ` անկախ ավանդի ձեւակերպման ժամկետից: (Վերոհիշյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել 11.01.2000թ. N 4 որոշմամբ): Հաշվի առնելով, որ ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին օրենքում 08.04.2010թ. կատարվել է լրացում, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց արտահերթ կարգով փոխհատուցում է տրվում Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, հայտնում ենք, որ եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանները մինչեւ 1993-ի հունվարի 1-ը վերոհիշյալ արժեթղթերը ձեւակերպել են որպես ավանդ, ապա սահմանված կարգով հաշվառվելուց հետո նրանց կտրամադրվի փոխհատուցում: Ինչ վերաբերում է ավանդների նկատմամբ ունեցած ժառանգության իրավունքին, ապա, ըստ հաստատված կարգի, եթե Հայրենական Մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիսացող ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50% դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Այսինքն, համաձայն կարգի, որպես ժառանգ դրամական օգնություն ստանալու իրավունք ունի միայն ամուսինը` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի 50% չափով»: