Թվում է` մեր երկրում պետական բոլոր ինստիտուտները խիստ զբաղված են ժրաջան աշխատանքով: Երկրի նախագահը եւ ոչ մի րոպե չի դադարեցնում հայ-թուրքական բարեկամության հաստատմանն ուղղված ջանքերը: Արտգործնախարարի պաշտոնական այցելությունների աշխարհագրությունն ընդարձակվում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ: Երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններն աշխատում են` առանց իրենց (եւ, ի դեպ, միմյանց) խնայելու: Լեփ-լեցուն բանտերը, ապօրինի դատավճիռները, ծաղկող կոռուպցիան, մանկապիղծ ուսուցչին ընդամենը երկու տարի դատապարտելը վկայում են, որ դատական համակարգում եւս ձեռքերը ծալած չեն նստել: Կարճ ասած` ազատ րոպե ոչ ոք չունի: Անընդհատ թվացող այս շարժումը, սակայն, քաոտիկ է եւ անպտուղ:
Բայց խնդիրն այն է, որ այս ստատիկ, ճահճային վիճակից որեւէ մեկն ակտիվորեն չի դժգոհում: Բանն այն է, որ բոլոր, բառացիորեն բոլոր կողմերին ավելի հարմար է կանխատեսելի ճահիճը, քան ոչ կանխատեսելի ապագան, թեկուզեւ` տեսականորեն պայծառ: Այն, որ հասարակության կողմից իշխանությունների անգործությունից լուրջ դժգոհություն, ընդվզում չի ակնկալվում նաեւ առաջիկայում, վկայում է երեկ տեղի ունեցած Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի շահագործումը: Այսինքն` Ազատության հրապարակն այսուհետ բաց է լինելու ցանկացողների, ենթադրաբար` նաեւ ընդդիմության հանրահավաքների համար: Կծառայի՞ այն ընդդիմությանը, թե՞ կմնա որպես ապահով տանիք ընդհատակում կայանած 500 ավտոմեքենայի համար: Առավել հավանական է երկրորդ տարբերակը: Առնվազն մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները: Ճահիճը չի անհանգստացնում նախեւառաջ երկրի իշխանություններին: Պատճառն այն է, որ նրանցից ոչ ոք ոչ մի բանի համար անձամբ իրեն պատասխանատու չի զգում: Նախ` որովհետեւ կյանքի բոլոր դեպքերի համար հղում է արվում ՀՀ նախագահին: Երկրորդ` որովհետեւ իշխանավորները պատասխանատվություն զգալ չեն ցանկանում: Իսկ պատասխանատու չզգալու համար անհրաժեշտ է մի շատ կարեւոր բան` տեղյակ չլինել, կամ ձեւացնել, որ տեղյակ չես: Ճիշտ, ինչպես մեր իրավապաշտպաններից մեկը. պատմում են, որ երբ իրավապաշտպանների մի խմբի թույլ են տվել մտնել մեկուսարան եւ հանդիպել խոշտանգված քաղբանտարկյալներից մեկի հետ (վերջինս հիմա արդեն ազատության մեջ է), իրավապաշտպաններից մեկը քաղբանտարկյալի` հարվածներից վնասված դեմքին չի նայել, որ հանկարծ չնկատի խոշտանգման հետեւանքները: Դե՛, իսկ եթե ինքն իր աչքերով չի տեսել, ուրեմն դաստիարակությունը չի կարող թույլ տալ ասել հասարակությանը մի բան, ինչն ինքն ընդամենը լսել է ուրիշներից: Սա խիստ բնորոշ է մեր իշխանություններին, ինչ-որ առումով` նաեւ ընդդիմությանը:
Այդպես է նաեւ Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձեւի դեպքում: Այն, ի դեպ, Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր տակավին ապրիլի 8-ին: Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, որ հերթական ոչ հայանպաստ բանաձեւի ընդունումն իր ոչ պրոֆեսիոնալիզմի կամ անգործության հետեւանք է: Քաղաքական գործիչները ծուլորեն մեղադրում են միմյանց, քննարկում հնարավոր զարգացումներն ու յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը: Այն, հասկանալի է, զրոյական է. այս դեպքում եւս որեւէ մեկը չի ստանձնում իր սխալները:
Միակ թեման, որ ակնհայտ աշխուժությամբ քննարկվում է քաղաքական շրջանակներում, եւ ինչը քաղաքական ակտիվ կյանքի իմիտացիա է ստեղծում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թույլ տվեք ասել` «մեծ» քաղաքականություն վերադարձի հավանականությունն է: Այս դեպքում էլ հետաքրքիրը ոչ թե բուն գործողությունն է, այլ հնարավոր ինտրիգները: Եվ մեկ էլ` սցենարում ում ինչ դեր է վերապահված, եթե նման բան, այդուհանդերձ, տեղի ունենա: Իշխանական վերնախավից այս թեմայով տեղեկատվություն չի իջնում: Հետաքրքրասեր լրագրողները, որպես կանոն, ստանում են մոտավորապես այս պատասխանը` երկու անգամ երկու՝ չորս է, իսկ Ռոբերտ Քոչարյանը վաղուց արդեն չափահաս մարդ է. քաղաքականություն վերադառնալու ցանկության դեպքում այդ մասին կհայտարարի` ի լուր ամենքի: Իրականությունից հեռու չի թվում լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե օլիգարխները հավաքվել են հանրապետությունից դուրս եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ` որոշել քայլերի այն հաջորդականությունը, որով կպայմանավորվի Քոչարյանի վերադարձը: Թեեւ դժվար է պատկերացնել Քոչարյանին եւ մեր օլիգարխներին` զրուցելիս, մտքեր փոխանակելիս: Մեր երկրի օլիգարխները Չուբայսի կամ Խոդորկովսկու կրթվածությունը կամ աշխարհայացքը չունեն` ինքնուրույն վերլուծություններ եւ դրանից համապատասխան եզրակացություններ անելու համար, այսինքն` ունեն բոլոր հնարավորությունները` օգտագործվելու` ըստ նպատակահարմարության: Հետեւաբար` նրանց անցյալն ու անորոշ ներկան օգտագործում են նրանք, ովքեր օլիգարխների հետ ընդհանուր լեզու գտնելու ժամանակ եւ էներգիա ունեն: Ժամանակի առումով` Ռոբերտ Քոչարյանը պիտի որ խնդիր չունենա: Նրա էներգիան եւս, ինչպես երեւում է որսի լուսանկարներից, տեղում է` առավել քան երբեւէ: Մեր երկրում ինտրիգները, որքան էլ դրանց եզրափակիչ գլուխն անտրամաբանական լինի, հավանական են: Պատմությունը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան է քամահրում հասարակությանը, որ վերադարձի փորձ կանի: Սակայն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին զրույցները հիշեցնում են այս վերջին ընտրություններից հետո Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ծիծաղելի մի միջադեպ: Լիբերալ-դեմոկրատ Դեւիդ Լոզը, որպես Մեծ Բրիտանիայի նոր կոալիցիոն կառավարության դրամատան գլխավոր քարտուղար, առաջին օրը մտնելով աշխատասենյակ, հայտնաբերում է մի երկտող, որ նրան էր թողել իր նախորդը` լեյբորիստ Լայամ Բեռնը: Երկտողում ասված էր. «Դրամատան թանկագի՛ն գլխավոր քարտուղար, վախենում եմ` փող չկա: Քեզ հաջողություն: Լավագույն մաղթանքներով` Լայամ»: Եթե բրիտանական Լայամ անվան փոխարեն դնենք մեր երկրի նախագահի անունը, երկտողի տեքստը փոփոխության, միեւնույն է, չի ենթարկվի: