Հայը հային պարգեւատրեց Կաննում

24/05/2010

Մայիսի 23-ի երեկոյան տեղի ունեցավ Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը: Գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենին», շնորհվեց թաիլանդցի ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլին` «Քեռի Բունմին, որ հիշում է իր նախկին կյանքերը» դրամայի համար: Փառատոնի «Գրան-Պրին» մնաց հայրենիքում` շնորհվելով Քսավիե Բովուայի «Մարդիկ եւ աստվածներ» ժապավենին: Աշխարհի ամենաինքնատիպ ռեժիսորներից մեկի` Թիմ Բերտոնի գլխավորած ժյուրին որոշել էր ռեժիսուրայի մրցանակը նույնպես հանձնել ֆրանսիացու` Մատյո Ամալրիկին («Շրջագայություն»): Լավագույն դերասանուհի ճանաչվեց աշխարհահռչակ ֆրանսուհի Ժյուլիետ Բինոշը` իրանցի ռեժիսոր Աբբաս Քիարուսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Լավագույն դերասանի մրցանակը կիսեցին երկուսը` իսպանացի Խավիեր Բարդեմը` Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Biutiful» ֆիլմում մարմնավորած դերի համար, եւ իտալացի Էլիո Ջերմանոն («Մեր կյանքը»): Ընդ որում, դերասաններին պարգեւատրելու հարցում կինոքննադատների եւ ժյուրիի կարծիքները համընկան: Ինչպես եւ սպասվում էր, Նիկիտա Միխալկովի ֆիլմը ոչ մի մրցանակի չարժանացավ: Կաննի այս փառատոնում մեծ մրցանակի արժանացավ նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: Վերջինիս «Պատմական շուն» ժապավենն արժանացավ «Ոսկե արմավենու»` որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ: Սակայն ամենահատկանշականն այն է, որ Ավետիքյանին մրցանակը հանձնեց մեկ այլ մեծ հայազգի կինոգործիչ` փառատոնի «Սինեֆոնդասյոն» ծրագրի եւ կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը (դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ): «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել պատմությանը, քանզի, իմ կարծիքով, ֆիլմերը, որ ես ստեղծում եմ, ինձ կապում են իմ պատմության հետ»,- ասաց Ս. Ավետիքյանը: