Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը 2009թ. ընթացքում իր համար բացահայտել է, որ «Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ ավելի մեծ վտանգ է Սերժ Սարգսյանի համար, քան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Այդ մասին նա երեկ ասել է «Կովկաս 2009» միջազգային գիտաժողովում՝ իր հրապարակած «Հայաստանը 2009թ.» զեկույցում: Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը ցանկանում է առաջ նայել, իսկ Քոչարյանը նրան ձգում է դեպի հետ: «Քոչարյանի վերադարձը չի բխում ՀՀ-ի շահերից: Հայաստանում չի կարող կրկնվել Մեդվեդեւ-Պուտին` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տարբերակը»,- «Ա1+»-ին ասել է Ռ. Կիրակոսյանը: Նա դժգոհ է նաեւ ընդդիմության առաջնորդներից։ «Ժպտացող դեմքերը, հանրահավաքներում խելացի ելույթները բավարար չեն: Հստակ քայլեր են պետք»,- ասել է նա: Իր զեկույցում Կիրակոսյանը վստահեցրել է, որ 2009թ., ինչպես նաեւ՝ 2010թ. խնդիրները 2008թ. մարտի 1-ի հետեւանքներն են: «ՀՀ իշխանություններն այդպես էլ չցանկացան վերացնել Մարտի 1-ի հետեւանքները: Արտաքին խնդիրներով նրանք ցանկանում են քողարկել ներքինները: Իշխանություններն այդպես էլ չգնահատեցին ընդդիմության դերը, այն վտանգ է ընկալվում եւ ոչ թե ժողովրդավարության զարգացմանը նպաստող հանգամանք»: Ռ. Կիրակոսյանի կարծիքով` 2009թ. ՀՀ-ում նաեւ հիմնավորվել է այն տեսակետը, որ ամենավտանգավոր մասնագիտությունը լրագրողինն է, որոնց նկատմամբ կատարված բռնությունները մնում են անպատժելի: