Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին՝ հայտնելով իր մտահոգությունները մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի կապակցությամբ: «Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաեւ` հենց Եվրոպական խորհրդարանի 1998թ. ի վեր ընդունված բանաձեւերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձեւում»,- ասված է նամակում: Հ. Աբրահամյանը նաեւ գրել է, որ բանաձեւի հեղինակը՝ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը «երբեւէ առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկույցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան»: «Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը ԼՂ-ին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է: Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում ԵԽ-ի հեղինակությանը եւ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»,- գրել է նա: