Եվրոպական խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւը երեկ իսկական խուճապ է առաջացրել ՀՀ իշխանության վերնախավում: Եվրամիության օրենսդիր մարմինը պնդում է, որ «հայկական ուժերը պետք է արագորեն լքեն ԼՂ-ին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Ավելորդ է նշել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ նման մակարդակով նման բանաձեւի ընդունումը` սկսած նրանից, որ այդպիսով ԵՄ-ն ԼՂ-ի խնդրով զբաղվելու մանդատի հայտ է ներկայացնում, վերջացրած նրանով, որ դա, ըստ էության, արտահայտում է Եվրոպայի միասնական արտաքին քաղաքականության տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Մի խոսքով` ՀՀ իշխանություններն իսկապես խուճապի մատնվելու առիթ ունեն: Սակայն ինչպես են նրանք արձագանքում այս իրադարձությանը: Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «տեղն է դրել» այդ բանաձեւի հեղինակներին` նրանց զանազան խորհուրդներ տալով եւ բացահայտելով ԵՄ-ի դիրքորոշման հակասությունները: Նրա հայտարարությունից հետո երեկ ողջ իշխանական համակարգը լծվել էր բանաձեւի հեղինակ, Եվրոպական խորհրդարանի բուլղար պատգամավոր Եվգենի Կիրիլովի «դիմակը պատռելու» գործին: Իշխանական գրեթե բոլոր պատգամավորները հայտարարել են, որ նա ադրբեջանական նավթադոլարներին ծախված գործիչ է, սնվում է ադրբեջանական լոբբիից եւ այլն: Գուցե զուտ քարոզչական նպատակներով նման քայլերն արդարացված են: Սակայն, մեղմ ասած, լուրջ չէ Եվրոպական խորհրդարանի նման լուրջ կազմակերպության գործունեությունը պայմանավորել առանձին վերցրած որեւէ պատգամավորի կամ թեկուզ ամբողջական լոբբիի աշխատանքով: Բայց երեւի արդեն ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները քարոզչական հակահարվածներից բացի, մտածեն նաեւ, թե ինչի հետեւանք են իրար հետեւից գրեթե բոլոր միջազգային կառույցների կողմից ընդունվող նման բանաձեւերը: Ընդ որում, նույն կառույցները` այդ թվում Եվրոպական խորհրդարանը, ՀՀ իշխանություններին կոչ են անում նաեւ ազատ արձակել քաղբանտարկյալներին ու պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի մեղավորներին: Իշխանությունները, սակայն, համառորեն չեն կատարում այս` իսկապես ՀՀ-ի շահերից բխող պահանջը` միջազգային կառույցներին հնարավորություն տալով նման բանաձեւեր ընդունել ԼՂ-ի մասին: Այնպես որ, եթե մեր իշխանական հայրենասերներն իսկապես ցանկանում են անարգանքի սյունին գամել այս բանաձեւի մեղավորներին, ապա չպետք է սահմանափակվեն միայն բուլղարացիներով: Սակայն ինքնաքննադատությունը, ինչպես հայտնի է` մեր իշխանություններին բնորոշ չէ: