Հաճախորդը նյարդայնանում է

21/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Թերեւս շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործության վերաբերյալ բողոքը դատարանն ընդհանրապես վարույթ չընդուներ:

Հայտարարել, որ ապրիլի 16-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է բողոքը, եւ առավելագույնը կես ժամ տեւող ձեւական նիստերից բացի, ոչինչ չանել` մեղմ ասած` անազնիվ է: Արդեն 1 ամիս է, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքի քննության դատավարություններն ընթանում են 4 տարբեր խմբերով (ըստ մահվան հանգամանքների), եւ գործը քննող դատավորներն էլ տարբեր են, սակայն, ձեռագիրը նույնն է: Շուրջ 1 ամսվա ընթացքում ավելի քան 10 նիստ է կայացել, որոնց ընթացքում տուժողի իրավահաջորդի պաշտպան Արտակ Զեյնալյանը ավելի քան 60 հարց է հնչեցրել դատարանում, ակնկալելով գոնե դրանց մի մասի պատասխանները ստանալ ՀՔԾ մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից եւ Դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանից: Սակայն, ակնհայտ է, որ վերջիններս տրամադրված չեն որեւէ հարցի պատասխանել եւ այդ մասին բացահայտ հայտարարում են դատարանում: Եթե մինչեւ երեկվա նիստը վերջիններս, թերեւս պարտադրված, ներկայանում էին նիստերին եւ ակնհայտ անտարբերությամբ ու ձանձրույթով նիստերի ընթացքում ժամանակ էին սպանում, ապա երեկ Վահագն Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին: Երբ «Չերյոմուխա-7»-ից զոհվածների գործի քննության ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, նախաքննական մարմնին հարց ուղղեց, թե ինչու չեն պատասխանում մի տարրական հարցի` արդյո՞ք պետության կողմից խախտվել է իր որդու կյանքի իրավունքը, Վ. Հարությունյանը ափերից դուրս եկավ: Նա տեղից կանգնեց եւ սկսեց բղավել ու գոռգոռալ զոհերի հարազատների վրա` նրանց մեղադրելով անհասկացողության մեջ. «Ինչքա՞ն պետք է ա ձեզ բացատրենք, որ հասկանաք»: Նիստը նախագահող Գայանե Կարախանյանը, ՀՔԾ-ի քննիչին նկատողություն անելու փոխարեն, հանգիստ սպասեց՝ մինչեւ նա ավարտի իր բոցաշունչ ելույթն ու նստի իրեն հատկացված տեղում: Ապա դատավորը սենսացիոն հայտարարություն արեց` զոհվածի մորը մեղադրելով նրանում, իբրեւ նա հարցը տալիս է ինչ-որ միտումով` հասարակական հնչեղության կամ դատարանի դահլիճում ինչ-որ արտառոց միջադեպ գրանցելու, այլ կերպ ասած` որդու մահը շահարկելու նպատակով: Մեզ հետ զրույցում զոհվածի մայրը խիստ վրդովված ասաց. «Ոնց կարելի է, սպանված երեխայի մորը մեղադրել դիտմամբ հարցեր տալու մեջ: Անհարմար է, չէ, ես ի՞նչ ակնկալիք պետք է ունենամ, ես երեխա եմ կորցրել: Ոչ իրենց նման պաշտոն ունեմ, ոչ էլ չգիտեմ ինչերով եմ զբաղված: Իմ ակնկալիքը միայն արդար դատավարությունն է ու այն, որ երեխայիս սպանող հանցագործը պատժվի»: Սպանված Գոռ Քլոյանի հայրն էլ` Սարգիս Քլոյանը, դիմելով քննիչներին՝ ասաց. «Ես պարզապես զարմանում եմ: Գիտեք՝ ով է զոհվել, գիտեք՝ ինչ զենքից է զոհվել, գիտեք, որ դիմահար կրակոցով են գնդակահարել: Այսքանն իմանալով հանդերձ, քանի՞ ժամ է ձեզ պետք, որպեսզի գնաք զորամաս, պարզեք, թե ով է զենքի պահեստի դուռը բացելու հրաման տվել, վզից բռնեք ու տանեք կուտուզկա, որ համ ձեր հոգին ազատվի, համ էլ` մերը»: Իհարկե, այս հարցին պատասխան չհնչեց, քանի որ դատավորը անմիջապես հայտարարեց, որ դատական նիստը ավարտված է, իսկ վճիռը կհրապարակվի հունիսի 4-ին: Նույնությամբ ընթացավ նաեւ զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդի բողոքի քննությունը: Նիստը նախագահող Գագիկ Խանդանյանը բողոքարկող կողմին ընդհանրապես արգելեց հարցեր տալ, ուղղակիորեն հայտարարելով. «Դուք հարցեր տալու իրավունք չունեք»: Իսկ թե կոնկրետ որ օրենքով է սահմանափակվում բողոքարկող կողմի հարցեր տալու իրավունքը, դատավորը հարկ չհամարեց մանրամասնել: Դատարանի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքից զայրացած՝ մարտի 1-ին սպանված զինծառայողի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, դիմելով դատավորին` արտասվելով ասաց. «Պարոն Դատավոր, դուք արգելում եք, որ իմ փաստաբանը հարցեր տա: Այդ դեպքում ես պատրաստ եմ ստորագրություն տալու, որ եթե ինձ տեղեկացնեն նախաքննության արդյունքներին, դրանց գաղտնիությունը կպահպանվի ու չի հրապարակվի: Ինձ ընդամենը 2 հարցի պատասխան է պետք. ո՞վ հրամայեց, որ 7 ամսվա զինծառայողին տարան կանգնեցրեցին Լեոյի փողոցում, եւ ո՞ւմ հրամանով գնդակահարեցին իմ տղային»: Նիստի ավարտին Վ. Հարությունյանից հարցրեցինք, թե ինչու զոհվածների հարազատներին չի տեղեկացվում նախաքննության ընթացքում կատարված բացահայտումների մասին, եթե այդպիսիք կան: «Հարազատների կողմից նյութերին ծանոթանալու համար ոչ մի խոչընդոտ էլ չկա, նրանք երբեք սահմանափակված չեն եղել պարզաբանումներ ստանալու հնարավորությունից»,- ասաց Հարությունյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ չեն պատասխանում գոնե այն հարցերին, որոնք նախաքննական գաղտնիք չեն պարունակում, Ա. Հարությունյանը հրաժարվեց պատասխանել: Նշենք, որ նախօրեին զոհվածների հարազատները դիմել էին Արմեն Հարությունյանին` խնդրելով նրան մասնակցել դատական նիստերին, քանի որ դրանց ընթացքում սահմանափակվում է իրենց խոսքի ազատությունը եւ ոտնահարվում է արժանապատվությունն ու վիշտը: Երեկվա նիստին արդեն ներկա էր ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, որն արձանագրեց ու ձայնագրեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ դատարանում: Մեզ հետ զրույցում Ա. Հարությունյանն ասաց, որ իրեն դիմած մարդիկ ասել են, թե իրենց հանդեպ դատարանում ցուցաբերվում է անհարգալից վերաբերմունք. «Իմ համար դա շատ տարօրինակ է, ո՞նց կարելի է նման բան անել: Այդ պատճառով էլ որոշեցինք, որ, ինչքան էլ զբաղված լինենք, իրենց հետ կապված դատավարություններին մեր ներկայացուցիչներն անպայման ներկա լինեն»: Նաեւ ասաց, թե իր ներկայացուցիչը դիտարկումներ կանի, իսկ 6-7 նիստի արդյունքներից հետո արդեն կորոշվի` հանդես գալ հայտարարությա՞մբ, թե՞ կարծիք հայտնել:

Սովորաբար, ՀՔԾ քննիչ Վ. Հարությունյանն ու ավագ դատախազ Հ. Հարությունյանը նիստից անմիջապես հետո արագորեն լքում են դահլիճն ու շտապ դուրս են գալիս դատարանի շենքից: Սակայն երեկ զոհվածների մայրերը իրենց երեխաների նկարները ձեռքներին՝ շրջապատեցին վերջիններիս ծառայողական մեքենան, ինչի պատճառով էլ նրանք ավելի քան կես ժամ ստիպված եղան մնալ դատարանի շենքում` մինչեւ հարազատները դադարեցրին մեքենայի «շրջափակումը»: