Հիմա էլ ջուրն են սուբսիդավորում

21/05/2010

Երեւանում շարքային սպառողների համար ջրի սակագինն այս տարի կմնա անփոփոխ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն, «Երեւան ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը հուլիսի 8-ից կլինի 195 դրամ 1 խմ-ի համար, բայց Երեւանի քաղաքապետարանը որոշել է սուբսիդավորել ջրի սակագինը` 1 խ/մ-ի համար 14 դրամով, ինչի արդյունքում սպառողը 1 խմ-ի համար կվճարի 181 դրամ, այսինքն` այնքան, որքան հիմա է վճարում:

Թեեւ «Երեւան ջուրը» առաջարկում էր սպառողների համար հուլիսից ջրի սակագինը բարձրացնել 14%-ով, ինչի արդյունքում 1 խմ-ի դիմաց վճարվող 181 դրամը պետք է դառնար 207 դրամ, ՀԾԿՀ նման բարձրացումը անհիմն է համարել: Ուսումնասիրելով ընկերության կողմից սակագնի բարձրացման հիմնավորումները, մասնավորապես, վաճառված ջրի ծավալը, սղաճը, եվրո-դրամ փոխարժեքի տատանումները, ՀԾԿՀ-ն եզրակացրել է, որ դրանց ազդեցությունը 1 խմ սակագնի վրա ոչ թե 26 դրամ է, այլ ընդամենը 14 դրամ: «Երեւան ջուրն» ակնկալում էր որ այս տարի պետք է իրացնի շուրջ 54 մլն խմ ջուր, մինչդեռ, ըստ ՀԾԿՀ-ի, իրացման ծավալը կլինի ավելի շատ՝ 61.5 մլն խմ: