Ծառը աճելու է` հատուկ էֆեկտների շնորհիվ

21/05/2010

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող բարձրահասակ ու երկարավարս գեղեցկուհի, Դոնի Ռոստովում ծնված Եվա Ռիվասը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում արդեն ներկայացրել է իր ելույթի կառուցվածքը: Արդեն մեկնարկել են բեմական փորձերն ու հայտնի են դարձել բեմականացված շոուի մանրամասները: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցչի «Ծիրանի կորիզ» երգի ժամանակ իլյուզիոնիստական հնարքներ ու հատուկ էֆեկտներ կբանեցվեն. «կաշխատի» արհեստական ջրվեժը, որին կմոտենան բալետային պարուհիներն ու կուժով (կայքում նշվում է` ծաղկամանով) ջուր վերցնելով` կջրեն ծիրանի կորիզը, որն էլ հենց հանդիսատեսի աչքի առջեւ կսկսի աճել: Ընդ որում` ծիրանենու աճը չի դադարի Եվայի երգի ողջ ընթացքում: Պիրոտեխնիկական հնարքների լայն կիրառումը թույլ կտա Եվայի ելույթի ընթացքում բեմը ողողել փայլփլող գնդակներով, որոնք դեպի առաստաղ կբարձրանան հենց այն պահին, երբ կորիզը ծիլ կտա: Իսկ ետին պլանում կսկսեն շողշողալ կրակե լեզուները: Ֆինալում բեմի վրա գտնվող բոլոր մասնակիցներն ուս ուսի տված կմիախմբվեն ու ձեռքերը հաղթական վեր կբարձրացնեն: Նշենք, որ երգչուհու հետ բեմում կլինի նաեւ միջազգային համբավ վայելող 83-ամյա դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Ինչպես նաեւ բեք-վոկալիստները, որոնց աշխատանքը կառուցված է բավականին խելամիտ ու խորամանկ. բոլոր երեք վոկալիստներն ապահովելու են ձայնային բազմազանությունն ու ապահովագրելու են երգի անխափան ընթացքը: Իսկ հայկական պատվիրակությունը, որն արդեն տեւական ժամանակ է՝ Եվրոպայում պրոմո-տուրեր է անցկացնում, արդեն հասցրել է եվրոպական տարբեր քաղաքներում ծիրանենիներ տնկել: Եվան խոստացել է անպայման գոնե մեկ ծիրանենի տնկել նաեւ Նորվեգիայում ու հույս է հայտնել, որ հրաշք տեղի կունենա ու սկանդինավյան ցուրտ կլիմայական պայմաններում իր տնկած ծառը երկար կյանք կունենա: «Իմ տնկած ծառերը սովորաբար միշտ արագ են աճում»,- ասել է նա: