Օտար` յուրայինների մեջ

19/05/2010

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին ուղղված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությունը պաշտպանելը շատ ծանր է անդրադարձել ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի վրա: ԱԺ այս քառօրյայի նիստերի ընթացքում ավելի ակնհայտ է դարձել, որ Վ.Այվազյանը հատկապես ՀՀԿ խմբակցությունում հայտնվել է մեկուսացված-միայնակ վիճակում: ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը խուսափում է նրա հետ շփումից: Մեր տեղեկություններով, հանրապետականներին հրահանգված է սառեցնել նրա հետ ունեցած մտերմիկ հարաբերությունը: Եվ Վ.Այվազյանը նախկինի նման այլեւս միջանցքներում ու դահլիճներում պատգամավորների հետ ընդհանուր զրույցների չի մասնակցում: Այս քառօրյայի նիստերին, անգամ տնտեսական ոլորտին վերաբերող օրինագծերի քննարկմանը նա գրեթե չի մասնակցել, շենք մտնելիս էլ ընդամենը բարեւում է պատգամավորներին ու անցնում: Պատգամավորը խուսափում է շփվել նաեւ լրագրողների հետ եւ պատասխանել իրեն վերաբերող անցանկալի հարցերին: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բնապահպանության նախարարության դեմ: ՎՊ բացահայտումները վերաբերում են Վ.Այվազյանի` նախարար եղած տարիների չարաշահումներին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարկային ու այլ բնույթի լայնածավալ ստուգումներ են սկսվել նրա` Չարենցավանում ու այլուր գտնվող ընկերությունների նկատմամբ: