Վերջին օրերին Կոնյակի գործարանի թեման դարձյալ ուշադրության կենտրոնում
հայտնվեց: Այս անգամ գործարքի օրինականության, ստվերայնության, գործարքի
արդյունքում Երեւանի կոնյակի գործարանի սեփականատեր դարձած ֆրանսիական
«Պեռնո Ռիկար» ընկերության՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունների
կատարման հարցի վրա ուշադրություն է հրավիրում ԱԺ «Արդարություն»
խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: Նա պնդում է, որ
ֆրանսիական ընկերությունը դիտմամբ չի կատարում պայմանագրով նախատեսված
որոշ պարտավորություններ, ինչը կարող է մեր կոնյակագործության մահվան
պատճառ դառնալ: Նույնիսկ առաջարկվում է ստեղծել խորհրդարանական
ժամանակավոր հանձնաժողով եւ այդ հարցով ստորագրահավաք սկսել: Լավ, իսկ
կոնկրետ ինչի՞ց է դժգոհում պրն Սարգսյանը: Արամ Գ. Սարգսյանը, իր
խոսքերով` հիմնվելով «Պեռնո Ռիկարի» հրապարակած տվյալների վրա, պնդում է,
որ կոնյակի բազային սպիրտը, որը մինչեւ գործարանի սեփականաշնորհումը եղել
է մոտ 1,6 մլն դեկալիտր, առնվազն կիսով չափ պակասել է: «Ըստ պայմանագրի`
«Պեռնո Ռիկարը» պարտավոր էր ինչքան այդ բազային սպիրտից վերցներ, նորից
այդ քանակությամբ սպիրտ ներդներ, որպեսզի սպիրտի պաշարը չպակասեր: Նրանք
խախտել են պայմանագրի ամենակարեւոր կետը, որը մեր կոնյակագործության համար
ուղղակի մահացու հարված է»,- համոզված է ԱԺ պատգամավորը: Վերջինիս
խոսքերով՝ այդ բազային սպիրտն իր հնությամբ եւ իր արժեքով մեր ազգային
հարստության մաս է կազմում եւ, ըստ նրա՝ հենց այդ արժեքն է, որ գործարանի
վաճառքի ժամանակ չի մտել գործարանի արժեքի մեջ: «Եթե 1,6 մլն դեկալիտր
սպիրտը գնահատվեր, գործարանի արժեքը մի քանի անգամ կբարձրանար»,- պնդում է
նա: Վերջերս Արամ Գ. Սարգսյանը պարզել է, որ «Պեռնո Ռիկարն», իր
կոնսոլիդացված բյուջեում, Երեւանի կոնյակի գործարանը, որը գնել է 28 մլն
դոլարով, գնահատում է 770 մլն դոլար: «Տեսեք` ինչ հարստություն ենք մենք
ջրի գնով տվել: Դրանից ելնելով է, որ ես ասում եմ, որ անհրաժեշտ է հիմա
ձեւավորել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը ստուգի, թե ինչպես
են նրանք կատարում պայմանագրի պարտավորությունները»,- պարզաբանում է մեր
զրուցակիցը: Սակայն գործարքը կատարվել է ութ տարի առաջ, ինչո՞ւ է պրն
Սարգսյանը հիմա բարձրացնում այդ հարցը: «Կարո՞ղ է որեւէ ,մեկը կարծում է,
թե ես ուզում եմ ինքս գնել այդ Կոնյակի գործարանը»,- տարակուսում է ԱԺ
պատգամավորն ու ավելացնում, որ անհրաժեշտ է ստուգել նաեւ «ԱրմենՏելի»,
օդանավակայանի, բաշխիչ ցանցերի վաճառքի պայմանագրերը: Սակայն պատգամավորը
չի առաջարկում բոլոր նշված դեպքերի համար ԱԺ-ում ժամանակավոր
հանձնաժողովներ ստեղծել: Իսկ ինչո՞վ է առանձնանում Երեւանի կոնյակի
գործարանը, որի դեպքում Արամ Սարգսյանն առաջարկում է ԱԺ-ում ժամանակավոր
հանձնաժողով ստեղծել: «Եթե օդանավակայանի դեպքում էլ փաստեր ունենայի, այդ
հարցն էլ կբարձրացնեի»,- ասում է նա: Ա. Սարգսյանը նշում է, որ այն, ինչ
ինքը հիմա ուզում է նախաձեռնել, պետք է աներ կառավարությունը, եւ
ավելացնում է, որ եթե ինքը լիներ իշխանության ղեկին, ապա անպայման կփորձեր
պարզել, թե նշված գործարքներից ո՞րն է օրինական, որը՝ ոչ: Հասկանալի չէ
միայն, թե ինչո՞ւ պետք է իշխանությունը կասկածի տակ առնի իր կատարած
գործարքների օրինականությունը: Ինչեւէ, տարիներ առաջ էլ «ԱրմենՏելի»
հարցով ստեղծվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որն առանձնակի
հաջողությունների չհասավ: Ինչի՞ վրա է հույս դրել Ա. Սարգսյանը՝ հիմա էլ
Կոնյակի գործարանի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկ անելով: «Ես
հույսով չեմ ապրում: Ես աշխատում եմ այն սկզբունքով, որ անհրաժեշտ է
գործել եւ հասնել այդ նպատակին»,- ասում է Ա. Սարգսյանը: Տպավորությունն
այնպիսին է, որ Ա. Սարգսյանն ինքն էլ չի հավատում, որ այս ամենն ինչ-որ
արդյունք կտա. «Ես չեմ կարծում, որ այս իշխանություններն անվերջ մնալու
են, որպեսզի ես մտածեմ, թե անիմաստ է իմ գործունեությունը: Այսօր չի
ստացվի, բայց ես կֆիքսեմ այդ ամենը եւ վաղը, երբ որ իսկապես
հնարավորություն կլինի եւ ժամանակը կգա, ես նրանցից փաստաթուղթ
կպահանջեմ»: Վերջինիս խոսքերով` ինքն ընդամենն ուզում է կանխել այն, ինչ
արդեն կատարվում է: Ա. Սարգսյանն արդեն այս հարցով նամակով դիմել է ԱԺ
բոլոր խմբակցություններին եւ կոալիցիայի ներկայացուցիչներից արդեն իսկ
խուսափողական պատասխան է ստացել: ԱԺ պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ
նիստերի հաջորդ քառօրյայում ինքը ստորագրահավաք է սկսելու՝ Երեւանի
կոնյակի գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով: