«Մենք հետ չենք կանչելու օրինագիծը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ երեկ հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով օտարալեզու դպրոցների մասին նախագծին: Նրա ասելով՝ սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ այդ նախագծին 38 տոկոսը կողմ է, 40 տոկոսը` դեմ, մյուսները չեն կողմնորոշվել: Թե ինչ հարցումների մասին էր խոսքը, Աշոտյանը չմասնավորեցրեց: «Այս ամբողջ քննարկումների ընթացքում քննադատության մի փոքր հատվածն էր կոնստրուկտիվ, մնացյալը կամ զավեշտ էր, կամ էմոցիոնալ էր, կամ պիտակավոր»,- ասաց Ա.Աշոտյանն ու ավելացրեց, թե մարդիկ քննադատում են առանց կարդալու եւ տեղեկանալու օրինագծին: Նրա խոսքերով՝ օտարալեզու կրթությունը պետք է լինի տարրական` 5-ից բարձր դասարաններում, դպրոցների թիվը չի գերազանցի 15-ը` 1 տոկոսը: Երեւանում այդ դպրոցների թիվը կսահմանափակվի, իսկ հայագիտական առարկաների պարտադիր հայերեն դասավանդման պահանջը կսահմանվի օրենքով: «Մարդիկ հորինում են պատմվածքներ ու սկսում են դրանց դեմ պայքարել. այլընտրանքային միջազգային կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն այն դեպքում, եթե չեն հակասում կրթական պետական չափորոշիչներին եւ ունենալու են ֆիքսված հայագիտական առարկաների բլոկ»,- ասում է Ա.Աշոտյանը: Օրինագիծն այժմ վերամշակման փուլում է, մոտ ապագայում կառավարության համապատասխան գերատեսչությունների կողմից եւս մեկ անգամ քննարկում կլինի, որից հետո լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ: Ա.Աշոտյանն անդրադարձավ նաեւ, իր խոսքերով՝ «այն մարդկանց, ովքեր իրեն պարբերաբար Նժդեհի մասին են հիշեցնում եւ հարցը մատուցում են այնպես, որ նժդեհական հանրապետական նախարարը նմանատիպ առաջարկ է արել»: «Այդ մարդկանց պետք է ասեմ` պետք չէ տրոհել Նժդեհի մտավոր ժառանգությունը ցիտատների եւ դրանք լցնել գրպանը, ու պատեհ-անպատեհ առիթներին գրպանից հանել նժդեհական հերթական ցիտատը: Մարդիկ, ովքեր Նժդեհին տրոհում են ցիտատների` չեն հասկացել նժդեհական ուսմունքի բուն էությունը. իսկ Նժդեհը դրել է հայկական բարձրավանդակում հայ ազգի հարատեւման խնդիրը: Ինչ մեթոդներով կհարատեւի հայ ժողովուրդն իր իսկ հայրենիքում, այդ գործիքակազմի ընտրությունը կախված է այդ պահի, այդ ժամանակահատվածի իշխանությունից: Եվ իմ նախաձեռնությունն ավելի նժդեհական է, քան այն մարդկանց, ովքեր ընդդիմանում են»,- հայտարարեց նախարարը:
Աշոտյանը ըմբռնումով է վերաբերվում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ դիրքորոշմանը. «Նա մեր երկրի առաջին վարչապետն է եղել եւ 90-ականների սկզբին օտարալեզու կրթության վերջը ՀՀ-ում համարում է նաեւ իր քաղաքական ժառանգությունը, եւ իմ նախաձեռնությունը՝ որպես այդ ժառանգության նկատմամբ ոտնձգություն: Թեեւ դա այդպես չէ»: Ա.Աշոտյանը տվյալներ ներկայացրեց նաեւ իր կրթության մասին. «8 տարի սովորել եմ Գոգոլի անվան ռուսական դպրոցում, 90 թվականին տեղափոխվել եմ հարակից հայկական դպրոցը: 2 տարի սովորել եւ գերազանցությամբ ավարտել եմ հայկական դպրոցը: Ոսկե մեդալի համար տվել եմ քննություններ հայերենով, եւ մեդալով ավարտել եմ հայկական դպրոցը»: