– Որքա՞ն զինվոր է այսօր պառկած հոսպիտալում եւ հիմնականում ի՞նչ հիվանդություններով:
– Հոսպիտալ գալիս են տարբեր տիպի հիվանդներ՝ թերապեւտիկ, նյարդաբանական,
վիրաբուժական եւ այլ պրոֆիլի: Ինչ վերաբերում է թվերին, դա կարեւոր չէ:
Մենք բոլոր հիվանդներին ընդունում ենք, ամբողջ ծավալով ուսումնասիրում եւ
բուժում ենք, անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաեւ քաղաքացիական
ծառայություններից, օրինակ, Դիագնոստիկ կենտրոնից, որպեսզի զինվորը
լիարժեք ստուգվի եւ ախտորոշվի: Համենայնդեպս, զինվորն առանց վերջնական
բուժման չի գնա զորամաս հետագա ծառայության: Ինչ վերաբերում է
ծառայությունից ազատվելուն, ասեմ, որ դա բարդ հասկացություն է բանակի
համար, ազատվում են նրանք, ովքեր չեն կարող ծառայել հիվանդության
բերումով, հոգեկան ապրումների առումով եւ այլն: Կա սահմանված
հիվանդությունների ցանկ, որտեղ նշվում է, թե որ դեպքերում զինվորը չի
կարող շարունակել ծառայությունը: Դա մի 250 էջանոց հրամանագիրք է, բոլոր
հիվանդությունները հնարավոր չէ թվարկել:
– Մեր տվյալներով` հիմնական հիվանդություններն են էպիլեպսիան ու սակավամտությունը:
– Այս հիվանդությունները համեմատաբար քչացել են:
– Ինչպե՞ս է պատահում, որ երբեմն հիվանդ երիտասարդ է հայտնվում բանակում:
– Երբեմն երիտասարդի հիվանդությունը չի բացահայտվում քննության ժամանակ եւ
նա անցնում է ծառայության: Խնդրի մի կողմն այն է, որ մարդիկ երբեմն չեն
ուզում ասել իրենց երեխայի հիվանդության մասին՝ օրինակ գիշերամիզությունը,
ամաչում են ասել: Եթե ծնողը կամ զինվորը չի նշում կամ գանգատներ չի
ունեցել, մենք ո՞նց իմանանք: Կան հիվանդություններ էլ, որ զինակոչիկն ինքը
չգիտի դրանց մասին, ինքը մեզ այդ մասին չի ասում եւ անցնում է ընդհանուր
հետազոտություն, այսինքն՝ ոչ նեղ մասնագիտական կամ ապարատային:
– Ի՞նչ վնասվածքներով են հիմնականում հոսպիտալացվում զինվորները:
– Բանակում նույն տրավմաներն են ստանում, ինչ որ քաղաքացիական կյանքում է
լինում: Զինվորները 18 տարեկան երեխաներ են, շատ անգամ մարզումների
ժամանակ կարող են տրավմա ստանալ: Իրենք որոշ առումով այնքան էլ
դաստիարակված չեն, որ խուսափեն տրավմաներից: Մանավանդ, այս սերունդը շատ
անկազմակերպ, շուտ բռնկվող սերունդ է: Լինում են բարդ դեպքեր, երբ զինվորը
պետք է կողմնորոշվի՝ ինչ անի, որ նման իրավիճակում չհայտնվի: Բանակում
ամեն ինչ կանոնակարգված է, եթե մարդիկ ենթարկվեն այդ կանոններին,
պահանջներին, ես չեմ կարծում, որ այդքան տրավմա կլինի: Դրանք անկասկած
կապված են զինվորի դաստիարակության հետ:
– Ինչո՞ւ են մարդիկ վախենում իրենց երեխաներին բանակ ուղարկել:
– Նորից դաստիարակության խնդիր է: Երբ ընտանիքում տղա է ծնվում,
ուրախանում են, ասում են` զինվոր ծնվեց: Մեր երեխաներն այսօր դպրոցում,
տանը համապատասխան դաստիարակություն չեն ստանում, հոգեբանորեն պատրաստված
չեն զինծառայության: Գալիս են բանակ, սկսվում է նրանց ադապտացումը
պայմաններին եւ պահանջներին:
– Շատերը բանակից ընկճված են վերադառնում:
– Զինվորների մի մասն ընկճվում է ապագայի անորոշությունից: Չգիտեն՝ ինչ են անելու զորացրվելուց հետո:
– Շատ է ասվում, որ մեծանում է ֆիզիկապես թույլ սերունդ, դա չի՞ անդրադառնում բանակի վրա:
– Մենք բանակի համար ընտրում ենք պիտանի զինակոչիկներ: 4 փուլ բժշկական
քննություն են անցնում: Մենք մեծ ծավալի բուժական աշխատանք ենք տանում:
Բուժական օգնություն ենք ցուցաբերում նաեւ զինծառայողների ընտանիքների
անդամներին: Խնդրեմ, գնացեք ու տեսեք: Այսօր մոտ 30 ուղեգիր ենք տվել
ընտանիքի անդամներին` պետպատվերի սահմաններում բուժում ստանալու համար: Սա
ՀՀ պաշտպանության նախարարի հրաշալի նախաձեռնությունն է: Մենք կատարում ենք
նաեւ պրոֆիլակտիկ աշխատանքներ, որպեսզի բանակում հիվանդություններ չլինեն:
Նախազորակոչային հասակում պատվաստում չստանալու պատճառով բանակում
ունենում ենք մեծ քանակի հիվանդություններ: Սա մեզանից մեծ ջանքեր է
պահանջում: Ներկայումս հիվանդությունների կանխարգելման նպատակով կատարում
ենք միանգամից 6 պատվաստում, որը տարածաշրջանում եւ նախկին Սովետական
Միությունում առաջինն է իր տեսակով: Պատվաստում ենք հետեւյալ
հիվանդությունների դեմ՝ դիֆտերիա, փայտացում, կարմրուկ, էպիդեմիկ պարօտիտ,
հեպատիտ «Ա», որովայնային տիֆ, տուլարեմիա: Ուրախությամբ պետք է նշեմ, որ
պատվաստումների ժամանակ եւ հետագայում նույնպես բարդություններ չի
նկատվել: Ընդհակառակը, պատվաստումներից հետո հիվանդություններ չեն
գրանցվել Զինված ուժերում: Այս առումով ՊՆ-ն հատկացրել եւ հատկացնելու է
մեծ գումարներ: Հիվանդությունների կանխարգելման առումով արտասահմանյան
երկրների բանակներից ետ չենք մնում: Նախատեսվում է աշնանային զորակոչի
ժամանակ ավելացնել եւս մեկ-երկու պատվաստում:
– Հոսպիտալ տեղափոխվողների թիվը տարեցտարի աճո՞ւմ է, թե՞ նվազում:
– Դա մի թիվ է, որի մասին մենք հիմա չենք կարող խոսել: Բայց ասեմ, մենք
խաղաղ պայմաններում զբաղվում ենք զինվորների զուտ բուժական հարցերով եւ
պրոֆիլակտիկայով: Եթե բժիշկը տեսնում է, որ այս երեխայի մոտ կա ճողվածք,
հնարավոր չէ, որ զինվորը չբուժվի: Այս սերունդը, որ զորակոչվել է,
զորացրման ժամանակ գնում է առողջ վիճակում: Իհարկե, կան հիվանդություններ,
որոնք անխուսափելի են, բայց դա կա նաեւ քաղաքացիական կյանքում: Հիվանդ
զինվոր չպետք է լինի մեր բանակում: Եվ ինչպես ՊՆ նախարարն է ասում՝ «Ավելի
լավ է հարյուր զինվոր պակաս լինի, քան թե մեկ հիվանդ զինվոր լինի
զորամասում»:
– Այսօր շատ է խոսվում, որ հոսպիտալի միջոցով ծնողները փորձում են
բանակից ազատել իրենց երեխաներին: Այսինքն, համակարգը կոռումպացվա՞ծ է:
– Այդ խոսակցությունները նաեւ մեզ են հասնում, բայց ես դրանց մեջ օբյեկտիվ
հիմք չեմ տեսնում: Դրանք բամբասանքներ են, որոնք ավելի արագ են տարածվում,
քան բուն ճշմարտությունը: Միայն խորհուրդ կտամ` մտնել հոսպիտալ ու տեսնել`
նրանք հիվանդնե՞ր են, թե՞ ոչ: Գիտե՞ք, կա երեխա, որ դժվարանում է ծառայել,
եկեք մարդկայնորեն նայենք՝ տանից դուրս է եկել, ինքնուրույն կյանք չի
վարել, պարզ ասեմ, մամայի ձեռքի տակից է դուրս եկել ու գնացել է զորամաս,
որտեղ իր նման երեխեք են հավաքված՝ տարբեր դաստիարակությամբ,
սովորույթներով, ու դժվարանում է ծառայել: Այսպիսիների համար մենք
պայմաններ ենք ստեղծում, որպեսզի նրանց մոտ հոգեկան խնդիրներ չառաջանան:
Զինվորական բժիշկը պարտավոր է ամեն ինչի նկատմամբ ուշադիր լինել, անգամ`
փոքր թվացող պրոբլեմին լուծում տալ: Կցանկանայի, որ ՀՀ բանակին սեփական
երեխայի աչքով նայենք: Ամեն ինչ պետք է արվի բանակը հզորացնելու համար: