«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է»,- նախօրեի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել պատժամիջոցներ նախատեսող բավական ազդեցիկ մի նախագծի շուրջ: Այս խնդրում մենք համագործակցել ենք թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Չինաստանի հետ»,- ասել է Քլինթոնը: Այն հանգամանքը, որ Արեւմուտքը, պաշտոնական Մոսկվան եւ Պեկինը Իրանի խնդրում համատեղ են հանդես գալիս, Քլինթոնի համոզմամբ, ծանր հարված է այն բոլոր ուժերի համար, որոնք կտրականապես ընդդիմանում են Իրանի դեմ ճնշումներին:
«Նրանց չի ոգեւորում համագործակցության նման բարձր մակարդակը: Նրանք լրջորեն անհանգստացած են փաստից, որ բանաձեւի նախագծի տակ ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը: Մեր հակառակորդների համար սա ծանր հարված է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Բրազիլիայի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում մայիսի 16-ին պաշտոնական Թեհրանը համաձայնեց իր տրամադրության տակ եղած ուրանի պաշարներն ուղարկել Թուրքիա` հետագա հարստացման համար: Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը: