Մահացել է

19/05/2010

Երեքշաբթի երեկոյան հիվանդանոցում մահացել է մայիսի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ հարկի պատուհանից դուրս նետված քաղաքացի Գագիկ Ղազարյանը: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ, Ղազարյանը մեղադրվում էր խոշոր չափի թմրամիջոցների, հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության մեջ: Նախկինում երկու անգամ դատապարտվել է նույն արարքի համար: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մայիսի 14-ին: Մայիսի 17-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը փակ նիստում բավարարել էր Գագիկ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու` նախաքննական մարմնի միջնորդությունը, ինչից հետո Ղազարյանը դահլիճի պատուհանից փորձել էր փախուստի դիմել, սակայն վայր էր ընկել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: «Այդ պահին դատարանի կազմից նիստերի դահլիճում ոչ ոք չի եղել: Կազմը (նախագահող դատավորը եւ քարտուղարը) դուրս է եկել, բարձրացել վերեւ` իրենց աշխատասենյակ, եւ մոտավորապես 5-10 րոպե հետո դեպքն է տեղի ունեցել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ա. Ենգոյանը: Ի դեպ, դեռեւս չի հրապարակվում, թե դեպքի պահին, բացի ուղեկցող ոստիկաններից, ովքե՞ր են եղել դահլիճում, եւ թե ինչո՞ւ ոստիկանները չեն կարողացել կանխել դեպքը, եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար: Նշենք, որ Ոստիկանությունը կատարվածը պաշտոնապես որակում է որպես փախուստի փորձ: