Կառավարության նույն որոշումով Սեւանից ջրառը սահմանվել է տարեկան 150 մլն
խ/մ: Բնապահպանության նախարարության տվյալներով` այս տարի, մինչեւ վերջին
որոշումը լճից բաց է թողնվել 120 մլն խ/մ ջուր: Իսկ Ջրային տնտեսության
Պետական կոմիտեի լրատվականից տեղեկացրին, որ ջրառը սահմանված չափերի մեջ
է, ու այդ 30 մլն խ/մ-ն դեռ չի վերցվել, կարող է եւ չվերցնեն էլ: Բայց սա
քիչ հավանական է թվում, որովհետեւ Սեւանից ջուր վերցնում են նաեւ առանց
թույլտվության եւ, վերջապես, ջուրը փող արժե: Ուղղակի մեջբերենք
վարչապետին գլխավոր դատախազի ուղղած նամակը, որտեղ նշված է, թե «2000թ.
հունիսի 14-ից մինչեւ 20-ը ջրի բացթողումը կատարվել է անօրինական կարգով:
Բաց թողնված ջրի ծավալների գրանցման մատյանների համեմատությունից պարզվել
է, որ 2000թ. հունիսի 14-ից մինչեւ ստուգման օրը՝ սեպտեմբերի 8-ը,
Գեղամավանի տեղամասում ջրաչափի ցուցմունքը 10 մլն խ/մ-ով ավելի է, քան
«Սեւան» ՀԷԿ-ինը (…), որը կազմում է 1 մլն 118 հազար կիլովատտ
էլեկտրաէներգիա»: Դատախազությունը նաեւ եզրակացրել է, որ չափումները
«կրում են ձեւական բնույթ, կատարվում են մոտավոր, որը պայմաններ է
ստեղծում չարաշահումների համար՝ ինչպես բաց թողնվող ջրի ծավալների, այնպես
էլ` ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակությունը ոչ լրիվ ցույց
տալու առումով»:
Ճիշտ է, այս դեպքը 2000-ին է տեղի ունեցել, բայց Հայաստանի էներգետիկ
համակարգում եւ Սեւանա լճի շուրջ տիրող իրավիճակից ելնելով` կարող ենք
ենթադրել, որ նույնն էլ այսօր է կատարվում: Ուղղակի ավելացնենք, որ Սեւանի
ջուրը նախ հասցնում է էլեկտրաէներգիա արտադրել, ապա միայն ոռոգում է
դաշտերը: Երկու դեպքում էլ ջուրը փող է բերում: Այնպես որ, ջուրը հաստատ
բաց կթողնեն, իսկ 30 մլն խ/մ կվերցնե՞ն, թե՞ ավելի շատ, ո՞վ է ստուգելու:
Թե որքանո՞վ է նպատակահարմար ոռոգման համար ուշ աշնանը Սեւանից ջուր
վերցնելը, մեզ չպատասխանեցին ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ
Բնապահպանության նախարարությունից: Ասենք, որ գործող կարգի համաձայն` նախ`
Գյուղնախարարությունը որեւէ պատճառաբանությամբ պետք է դիմի
կառավարությանը, որն էլ ջուրը բաց թողնելու որոշում պետք է կայացնի: Ամեն
ինչ կարգով է արվել, իսկ թե ավելի կոնկրետ ի՞նչ պատճառաբանություններ են
եղել, մեզ չբացատրեցին: Միայն Գյուղնախարարությունից Մամիկոն Գասպարյանն
ասաց, թե գյուղատնտեսությունը ոռոգվում է նաեւ ուշ աշնանը. առջեւում
աշնանացանն է: Մինչդեռ բնապահպանական հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներն այլ կարծիքի են: «Ես համոզված եմ, որ այդ որոշումն
ընդունել են Սեւանի բարձրացումը դանդաղեցնելու համար,- ասում է Կանաչների
միության նախագահ Հակոբ Սանասարյանը: -Եվ ընդհանրապես, Սեւանի շուրջ
կատարվող իրադարձությունների հերթականությունը հուշում է, որ ամեն ինչ
արվում է, որպեսզի լիճը շատ դանդաղ բարձրանա»: Ինչպես հայտնի է, բոլորովին
վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Հայաստանի մի քանի
օլիգարխներ դիմել են նախագահ Ռ. Քոչարյանին Սեւանա լճի բարձրացումը
դանդաղեցնելու խնդրանքով, որպեսզի իրենց հյուրանոցները եւ սննդի
օբյեկտները ջրի տակ չմնան: Դրան հետեւեցին համապատասխան քննարկումներ եւ
միջոցառումներ այն մասին, թե լիճն ավելի կտուժի, եթե շարունակի բարձրանալ
արագ տեմպերով: «Սեւանա լճի բարձրացման մասին վաղուց են խոսում ու ծրագրեր
կազմում,- ասում է «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե
Դանիելյանը: -Ափամերձ տարածքները մաքրելու մասին թող մտածեին այն
ժամանակվանից, երբ լճից ջրառը պակասեցրին: Չէր կարելի թույլատրել ափին
այդքան մոտիկ շինություններ կառուցել: Ինչ է, չգիտեի՞ն, որ եթե ջուրը
բարձրանա, ափերը կծածկի: Այս ամեն ինչը միտումնավոր է արվում»:
«Ես վախենում եմ մտածել, թե մեր իշխանությունները դա անում են նաեւ
միջազգային կառույցների ճնշմամբ»,- կարծում է Հ. Սանասարյանը:
Մտավախության պատճառն այն է, որ 1997-98թթ. Համաշխարհային բանկը (ՀԲ) մեր
Բնապահպանության նախարարության հետ միասին ուսումնասիրություններ է
կատարել եւ բավական հետաքրքիր հաշվետվություն կազմել: ՀԲ-ն մանրակրկիտ
քննարկել եւ ներկայացրել է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման
ամենահարմար տարբերակը ջրառի սահմանափակումն է: Արդյունքում լիճը 34
տարում կբարձրանա 3 մետր, իսկ 85 տարում՝ 6 մետր: Հաշվետվության մեջ
քննարկված էին նաեւ այլ տարբերակներ՝ կառուցել Որոտանի թունելը եւ Եղվարդի
ջրամբարը, ավելի շատ ջուր հասցնել եւ Սեւանն ավելի կարճ ժամանակում
բարձրացնել: Բայց այս երկու տարբերակները, մանավանդ` Որոտանի թունելի
կառուցումը, ՀԲ-ն համարել է տնտեսապես ոչ նպատակահարմար եւ եզրակացրել, որ
այդ դեպքում ծախսերը օգուտից շատ կլինեն: Նախ, որ կառուցելու համար
բավական գումար կծախսվի, եւ հետո` Որոտանի ջուրը թող էլեկտրաէներգիա
արտադրի: ՀԲ-ն նշել էր, որ Որոտանի հունը փոխելու դեպքում Ադրբեջանի հետ
միջպետական խնդիրներ կառաջանան. գետը հոսում է Ադրբեջան: Մի հիշեցում եւս.
Սեւանա լիճը տարածաշրջանի միակ քաղցրահամ ջրամբարն է, եւ հարկ եղած
դեպքում այն կարելի է օգտագործել նաեւ խմելու համար: Սեւանի ռազմավարական
նշանակությունը մեզ համար շատ կարեւոր է նաեւ այս տեսակետից:
Կառավարությունը կարծես թե հաշվի չառավ ՀԲ-ի տեսակետը եւ թունելի
կառուցումն ավարտին հասցրեց: Սա, իհարկե, ողջունելի է, բայց մինչեւ օրս
Որոտանից Սեւան այդպես էլ ջուր չի հոսել: Բնապահպանության նախարարության
մամլո քարտուղար Արծրուն Պեպանյանը պատասխանեց, թե Որոտանից Սեւան ջուր չի
գալիս, որովհետեւ լիճն առանց այդ էլ լավ է բարձրանում, եւ հիմա նախ պետք է
ափերը նախապատրաստեն: Իսկ տիկին Դանիելյանի կարծիքով` Արփա-Սեւան թունելը
վատ վիճակում է եւ չի կարող ավելի մեծ քանակի ջուր տեղափոխել. փլուզումներ
կառաջանան: Եվ կարծես թե Սեւանը ճոճվում է, որ բարձրանա, իսկ մեր
իշխանությունները, ՀԲ-ն եւ ազգային օլիգարխներն ուժով զսպում են այդ թափը:
Ու Սեւանի ճակատագիրը կախված է նախ այս երեք հզոր ուժերի քմահաճույքից: Մի
խոսքով, բոլոր կողմերն էլ կարծես թե ուզում են, որ լիճը բարձրանա, բայց
պիտի դանդաղ բարձրանա, որպեսզի օլիգարխների հյուրանոցները ջրի տակ
չանցնեն, որպեսզի կառավարությունն իր կրիայի տեմպերով հասցնի ափերը մաքրել
ու միջազգային կառույցներին չնյարդայնացնել, որպեսզի Որոտանը հոսի
Ադրբեջան, եւ ՀԲ-ն չանհանգստանա նրա բողոքներից: