Ավագյանը խոստովանել է

19/05/2010

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապղծության մեջ մեղադրվող Լեւոն Ավագյանին երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի բակում դիմավորել են «Ամոթ, ամոթ» վանկարկումներով եւ «Պետությունը հովանավորում է մանկապղծությունը», «Հաջորդը կարող է լինել քո երեխան» պաստառներով: Լեւոն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 142 հոդված 2-րդ կետով` 1985թ. մինչեւ 2008թ. իր սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Ընթացող դատավարությամբ ընդամենը 5 անչափահաս տուժող է ընդգրկված, որոնցից ընդամենը մեկն էր ներկայացել դատարան` Հասմիկ Սինանյանը: Ըստ «Ա1+»-ի` տուժողների փաստաբանները երեկ մանրամասն ներկայացրել են, թե Լեւոն Ավագյանն ինչպես է շահագործել երեխաներին, դասերի ընթացքում տարբեր պատրվակներով իր սենյակ ուղարկել, որտեղ էլ նրանց նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Ամբողջ նախաքննության ընթացքում իրեն վերագրած մեղադրանքը հերքող նախկին մանկավարժը, սակայն, երեկ իր վերջին խոսքում խոստովանել է իր մեղքը` ասելով. «Ես ընդունում եմ իմ մեղքը եւ դատարանին խնդրում մեղմ պատիժ սահմանել»: Տեղից արձագանքել է նրա նախկին սան Լաուրա Աթեյանը` բղավելով. «Դու ներում չունես: Էդ դպրոց չի եղել մեր համար, համակենտրոնացման ճամբար է եղել: Ես մինչեւ հիմա չեմ մոռացել քո ծեծերը: Ամեն ինչ եղել է, ծեծ էլ, բռնություն էլ, բռնաբարություն էլ: Մինչեւ հիմա ես երիկամների ցավ ունեմ: Քո կողքին պետք է նստեր նաեւ տնօրենը` Մերուժան Ենգիբարյանը, նա քեզանից էլ դաժան էր»: Մեղադրող դատախազը պահանջել է Ավագյանին ազատազրկման դատապարտել 1,5 տարի ժամանակով: Ավագյանի փաստաբանը դատարանից խնդրել է նրան պայմանական ազատ արձակել, նրա մասին դրական բնութագրող տեղեկանքներ էր բերել նույն դպրոցի տնօրենից եւ համայնքապետարանից: «Դուք երեխաներ ունե՞ք: Նույնպես կպաշտպանեի՞ք այդ մանկապիղծին, եթե նա ձեր երեխայի հետ նման կերպ վարվեր»,- դահլիճից բղավել են ներկաները: Վճիռը հրապարակվելու է մայիսի 24-ին: Տուժողները դժգոհ էին, որ դատավորը նիստը վարել է արագացված կարգով` հնարավորություն չտալով ամբողջությամբ ներկայացնել Ավագյանի հանցագործությունները: Նիստը դռնփակ չլինելու պատճառով սաներից շատերը հրաժարվել էին դատարանում հայտնել իրենց նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին: «Ես չեմ հավատում, որ Ավագյանը զղջում է իր արածի համար: Շատ ծիծաղելի է, որ նրան այդ ամենի համար պետք է պատժեն 1,5 տարով: Իրականում նման մարդկանց պետք է բոլորի աչքի առաջ մահապատժի ենթարկել»,- դատարանից դուրս գալով` ասել է գործով տուժող Հասմիկ Սինանյանը: Դատական նիստից հետո սաներից Լաուրա Աթեյանը «Ա1+»-ին պատմել է, թե Ավագյանն ինչպես է տաք սուպը թափել իր գլխին, իսկ հետո օրերով զրկել ճաշարանից. «Ամառային արձակուրդներին, երբ մեր աղջիկներին ճամբար էին ուղարկում, այնտեղ նրանց ծեծում եւ բռնաբարում էին: Մեզ հետ թուրքից վատ են վարվել: Լ. Ավագյանն էլ, Մերուժան Ենգիբարյանն էլ պետք է ամենախիստ ձեւով պատժվեն»: Գայանե Սահակյանը մինչ օրս գլխացավեր ունի. «Ենգիբարյանն ու Ավագյանն ինձ ծեծում էին քացով, բոքսով (բռունցքներով)»: