Նովոռոսիյսկի դատարանը սպանության մեղադրանքով ազատազրկման է դատապարտել երկու հայտնի «օրենքով գողերի»` Արմեն Հարությունյանին եւ Մատվեյ Կարաբուլատին: Արտագնա դատական նիստը տեղի է ունեցել Կրասնոդարում: «Երեւանում 1970թ. ծնված Արմեն Հարությունյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի է Կանեւսկի մականունով, Ռուսաստանի հարավում ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն է: Նա մեկ այլ հայտնի քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի հոգեզավակն է: Նրա հանցակիցը` Սուխումում 1960թ. ծնված Մատվեյ Կարաբուլատը, բնակվում է Նովոռոսիյսկում եւ հայտնի է հանցագործ աշխարհում Սուխումսկի մականվամբ»,- ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Հեղինակությունների նկատմամբ քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասով: Հանցագործության գլխավոր կազմակերպիչ է ճանաչվել Արմեն Հարությունյանը: Նովոռոսիյսկի 46-ամյա բնակիչը ծեծի էր ենթարկվել եւ մահացել: Այսպիսով, ըստ աղբյուրի, Հարությունյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ Կարաբուլատը` 10 տարվա ազատազրկման: Գործով անցնող եւս 4 հանցակիցներ նույնպես մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել տարբեր ժամկետների ազատազրկման: Աղբյուրը հայտնել է, որ Հարությունյանը տառապում է չորս քրոնիկ հիվանդություններով, այդ թվում` շաքարախտով, եւ սա հիմք է տալիս, որպեսզի առողջական վիճակի պատճառով նա վաղաժամկետ ազատ արձակվի: Հարությունյանի փաստաբանները պնդում են, որ նա չի կարող գտնվել ազատազրկման վայրում` առողջական ծայրահեղ ծանր վիճակի պատճառով: Գործը շուտով կարող է հայտնվել միջազգային դատական ատյաններում: