Հայտնի է, որ մոտ 500 ղարաբաղցիների տներում ինտերնետ կապ է տեղադրված,
իսկ պետական կամ մասնավոր հիմնարկներում ինտերնետ-կետերի ստույգ քանակը
չկարողացանք ճշտել:
Բոլոր նրանք, ովքեր տանը «Փանասոնիկ» հեռախոսակապով միացված ինտերնետ գիծ
ունեն, սեպտեմբերի 1-ից մեկ ժամի դիմաց կվճարեն ոչ թե 6, այլ 18 ցենտ, իսկ
մալուխային գծի բաժանորդները՝ 1 ցենտի դիմաց՝ 6 ցենտ: Այլ կերպ ասած,
սակագները բարձրացվել են 3-6 անգամ: Բաժանորդներից մեկի խոսքերով, նման
չափով բարձրացումն անընդունելի է: «Սակագների բարձրացման միակողմանի
որոշումներ են ընդունվել, ինչը, կարծում եմ, մոնոպոլիայի արդյունք է.
մրցակցություն չկա՝ ինչ ուզում՝ անում են: Նույնիսկ, եթե ավելացնում են,
ոչ թե մի քանի անգամ պետք է ավելացնեն, այլ որոշ չափով, որպեսզի լրացուցիչ
մասը չգերազանցի նախկին սակագինը: Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեմ
հրաժարվել վերոնշյալ ծառայությունից, քանի որ հաշվարկներ էի կատարել
գործող սակագների վրա, իսկ ներկայիս սակագներն ամենեւին էլ ձեռնտու չեն:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ են սակագները հենց հիմա բարձրացնում, երբ բոլորովին
վերջերս «Ղարաբաղ-Տելեկոմի» դուստր ձեռնարկությունը ստանձնել է Հայաստանի
կապի ոլորտի երկրորդ օպերատորի դերը: Ի՞նչ է, մեր հաշվի՞ն են ուզում
ներդրումներ կատարել ՀՀ-ում»,- նկատեց զրուցակիցս:
Հարցի առնչությամբ դիմեցինք ԼՂՀ տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանին, որի հավաստմամբ`
«Ղարաբաղ-Տելեկոմը»՝ սակագները բարձրացնելու առաջարկով դեռ վաղուց է դիմել
կառավարությանը: «Նրանք առաջարկում էին սակագների ավելի կտրուկ
բարձրացում, բայց մենք կարողացանք մեղմացնել եւ կանգնել այս տարբերակի
վրա: Ընկերությունն այս տարի, ըստ պայմանագրի, պարտավոր է 10 մլն դոլարի
ներդրում կատարել: Գուցե դրանո՞վ է պայմանավորված սակագների
բարձրացումը»,- ասաց Ա. Ծատուրյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ
կառավարությունը ընկերության հետ բանակցություններ է վարում՝ սակագնային
եւ այլ հաշվարկները ոչ թե դոլարով, այլ հայկական դրամով կատարելու շուրջ,
որպեսզի հետագայում դոլարի կուրսի բարձրացումից սպառողները չտուժեն:
Պարզ է, որ ինտերնետ-կետերի մի զգալի մասը պետական ձեռնարկություններում
է, որոնք այդ ծառայությունների համար վճարում են պետբյուջեից: Սա
նշանակում է, որ այսուհետ պետբյուջեից 3-6 անգամ ավելի գումար պետք է
տրամադրվի «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին:
Այս ընկերության մուտքն Արցախ հույս էր ներշնչում, որ կապի բնագավառում
կունենանք մեծ հաջողություններ, եւ դրանից կշահեն նաեւ շրջանի բնակիչները:
Անցյալում Ղարաբաղի ամենամեծ գյուղերի բնակիչները կարողանում էին օգտվել
հեռախոսից, քանի որ համարյա բոլոր տներում հեռախոս կար: Այժմ պատկերն այլ
է: Ժամանակին ամենամեծ գյուղերից մեկում՝ Մարտունու շրջանի Կարմիր
Շուկայում հեռախոս օգտագործող ընտանիքների թիվը հասնում էր 120-ի, իսկ
հիմա այդ նույն գյուղի բնակիչները համագյուղացիներին զանգահարելու
հնարավորություն չունեն, իսկ մայրաքաղաք կամ այլ երկիր զանգահարելու համար
հասնում են կապի բաժանմունք:
Ներկայումս հեռախոսացանցի վիճակը ծանր է նաեւ Ստեփանակերտում: Այստեղ
որեւէ տեղ զանգահարելու համար ստիպված ես լինում մի քանի անգամ փորձել,
իսկ շատ հաճախ նույն գծում միաժամանակ հայտնվում են մի քանի հոգի:
Ստեփանակերտի բնակչուհի Նորա Ավետիսյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց.
«Իհարկե, ողջունելի է, որ «Ղարաբաղ-Տելեկոմն» այս ոլորտում կատարում է
ներդրումներ՝ կապի ծառայություններ մատուցելով, բայց բջջային կապին
զուգահեռ` առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել քաղաքային ցանցի
բարելավմանը, քանի որ ոչ բոլորի սոցիալական վիճակն է թույլ տալիս օգտվել
բջջային հեռախոսակապից»:
«Ղարաբաղ-Տելեկոմի» գործունեության, կատարած աշխատանքների, ծրագրերի,
բաժանորդների քանակի եւ այլ հարցերի մասին մենք արդեն մի քանի ամիս է չենք
կարողանում ընկերությունից տեղեկություն իմանալ (անընդհատ մերժում կամ
հետաձգում են տեղեկություններ տրամադրելը): Ուստի ստիպված ենք ներկայացնել
միայն բնակիչների կարծիքները:
Շատերը դժգոհությամբ են խոսում այն մասին, որ կապի բաժանմունքում,
զանգահարելով մի այլ երկիր, հնարավոր չի լինում տեսնել, թե քանի րոպե է
տեւել հեռախոսազրույցը, արդյունքում` ստիպված են լինում վճարել այնքան,
որքան բաժանմունքի աշխատողն է պահանջում. «Կապի ծառայությունները մեզ վրա
շատ թանկ են նստում, հատկապես Հայաստան եւ այլ երկրներ խոսելու համար
նախատեսված կտրոններ օգտագործելու դեպքում, երբ վճարում ենք ոչ թե խոսացած
վայրկյանների համար, այլ առնվազն 3 րոպեի համար»,- փաստել է
զրուցակիցներից մեկը:
Այս ամենին զուգահեռ` հարկ է նկատել, որ «Ղարաբաղ-Տելեկոմը» ոլորտում
կատարել է բավական մեծ ներդրումներ, որոնց շնորհիվ ընկերությունն այսօր
ունի բջջային հեռախոսակապի եւ ինտերնետային կապի բազմաթիվ բաժանորդներ:
Սակայն պետք է խոստովանել, որ ընկերությունը դեռ անելիքներ շատ ունի.
Ղարաբաղի դեռեւս ոչ բոլոր շրջաններն ու գյուղերն են ապահովված բջջային
կապով: