Երեկվանից «Ա1+»-ի ինտերնետային կայքում հայտնվել է մի էկրան, որն ազդարարում է, որ հեռուստաընկերությունը սկսում է իրականացնել ինտերնետային հեռարձակում: Առայժմ դա կլինի փորձնական հեռարձակում: Ինչպես նշված է «Ա1+»-ի կայքում, սա փորձնական մի շրջան է` գտնելու այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա ցանկացած ինտերնետային հեռուստադիտողի, անկախ կապի որակից ու արագությունից, կարողանալ դիտել «Ա1+»-ի հաղորդումները: «Ա1+»-ի ղեկավարությունը խոստանում է նաեւ, որ բոլոր տեխնիկական խնդիրները կլուծվեն առաջիկա երկու ամիսներին, եւ հուլիսի 1-ից կփորձեն ապահովել անխափան եթեր: Այսինքն` հուլիսի 1-ից «Ա1+» հեռուստաընկերության ծրագրերի ինտերնետային հեռարձակումները կիրականացվեն մշտական հիմունքներով: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը զրկվել է եթերից 2002թ. ապրիլի 2-ից` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ եւ հակառակ Եվրադատարանի վճռին, տարբեր միջազգային կազմակերպությունների կոչերին՝ մինչ օրս հնարավորություն չի ստանում եթեր վերադառնալու: