«Մենք կարող ենք աջակցել` դարձնելու հայաստանյան տնտեսությունն ավելի մրցակցային, ավելի ազատ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն: «Պարզ է, որ այն տնտեսությունը, որն ունի մրցակցային համակարգ, զարգանում է ավելի արագ ու լավ, քան այն, որը կենտրոնացած է մի քանիսի ձեռքերում»,- նշել է նա: 2009թ. հոկտեմբերին ՀԲ-ի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան Երեւանում հայտարարել էր, որ հայաստանյան տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք, այդ գնահատականը կրկնել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք աջակցում ենք` ուժեղացնելու ոչ միայն մրցակցային տարրը, այլեւ նպաստում ենք առեւտրի զարգացմանը, որը միջոցներից մեկն է եւ որը տնտեսությունը դարձնում է ավելի առողջ: Բայց մյուս կողմից` սա բավականին բարդ հարց է: Իհարկե, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը գտնվել է տրանսֆորմացիայի մեջ, եւ այժմ վերակառուցման փուլն է»,- ասել է Ռոլֆ Բյոնկեն։ ՀՀ-ի համախառն ներքին արդյունքի եւ արտաքին պարտքի հարաբերակցության վերաբերյալ հարցին` արդյոք արտաքին պարտքի ծավալների աճը չի՞ մոտեցել վտանգավոր սահմանագծին, ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավարը արձագանքել է. «Իհարկե, սահմանագիծ գոյություն ունի, որից հետո արտաքին փոխառությունը դառնում է բեռ տվյալ կառավարության համար եւ սկսում է շատ միջոցներ կլանել բյուջեից: Բայց Հայաստանը չի հասել այդ փուլին, եւ ձեր Ֆինանսների նախարարությունն էլ շատ ուշադիր հետեւում է գործընթացին: ԵՄ խորհրդատվական խումբն էլ, իր հերթին, աջակցություն է ցուցաբերում` ձեռնարկելու այն միջոցները, որոնք կիրառվում են ԵՄ-ում»: