Ուղիղ մեկ տարի առաջ, «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվեցին գործարանի 4 աշխատակիցներ, ծանր վնասվածքներ ստացավ ավելի քան 8 մարդ: Զոհերի ու նաեւ տուժածների առողջական վիճակի համար գործարանի ղեկավարությունը պատասխանատվության չենթարկվեց: Մասնագետների կողմից բազմիցս հնչեցին մեղադրանքներ այն մասին, որ վթարը տեղի ունեցավ գործարանի տնօրինության մեղքով, քանի որ խնդիրը սարքավորումների տեխնիկական վատ վիճակն էր: Սակայն վերջիններս մեղքը բարդեցին զոհված աշխատակիցների վրա, պնդելով` իբրեւ վթարը տեղի է ունեցել նրանց անզգուշության եւ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով: Ինչեւէ, ինչպես ասում են, եղածը եղած է, այլեւս որեւէ բան հնարավոր չէ փոխել: Բայց գործարանի հետ անմիջականորեն կապ ունեցող եւ քիմիական արդյունաբերությունից քաջատեղյալ մարդիկ վստահեցնում են, որ քանի դեռ պետությունը անտարբեր է «Նաիրիտի» գործունեության հանդեպ, իսկ գործարանի ղեկավարությունն էլ մտածում է միայն իր գրպանի մասին, այդօրինակ դեպքերի կրկնությունը բացառված չէ:
Մենք բազմիցս ենք անդրադարձել գործարանի խնդիրներին` կապված թե անվտանգության կանոններին, թե՛ ֆինանսական չարաշահումներին եւ թե՛ գործարանի ներսում տիրող անառողջ մթնոլորտին ընդհանրապես: Թե ինչու է ռազմավարական նշանակություն ունեցող քիմիական գործարանն այսօր հայտնվել ողորմելի վիճակում եւ չի կարողանում վճարել անգամ իր օգտագործած հոսանքի եւ գազի դիմաց, մեզ հետ զրույցում մեկնաբանում է քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ հանրային խորհրդի Արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի անդամ Ջիլբերտ Մուրադյանը: Ըստ պարոն Մուրադյանի, «Նաիրիտի» վերջին տարիների անհաջողությունների հիմնական պատճառը կաուչուկի արտադրության` հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման գործարքի «գայլային պայմաններն են»: Նա պնդում է, որ հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագրում ամրագրված դրույթները տնտեսապես վնասաբեր են հայկական կողմի համար: Ջ. Մուրադյանի ներկայացմամբ, ի սկզբանե չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «Նաիրիտից» գնել տարեկան 15 հազար տոննա կաուչուկ, սակայն հայկական կողմը չինացիների համար անսպասելի առաջարկել է նրանց համար գերշահավետ պայման` համատեղ ձեռնարկության հիմնումը: «Առ այսօր հայկական կողմը կատարում է միայն Չինաստանին ձեռնտու քայլեր եւ ծառայում է նրանց: Մինչդեռ հնարավոր է նախաձեռնողների մասնակցությամբ երկկողմ քննարկումներ կազմակերպել եւ գտնել այնպիսի տարբերակ, որը շահավետ կլինի նաեւ հայկական կողմի համար»,- պնդում է պարոն Մուրադյանն ու հավելում, որ տեխնիկատնտեսագիտական առումով սխալ եւ չհիմնավորված որոշում է նաեւ գործարանից հոսքագծի մոնտաժումն ու օտարումը Չինաստան:
Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հոդվածներում, 2000 թվականին «Նաիրիտը» մասնատվեց 3 մասի` «Նաիրիտ» ԳԱ, «Նաիրիտ 1», որը ներկայիս քիմիական գործարանն եւ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ներն են: Պարոն Մուրադյանը կարծում է, որ հենց այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց ձեռնարկության քայքայման եւ ունեցվածքի փոշիացման գործընթացին: Նրա հավաստմամբ, «Նաիրիտ» ԳԱ-ն այսօր վերածվել է գործարանի արտադրական գործունեության հետ չառնչվող, լուծարվող շինծու միավորման եւ ի սկզբանե ստեղծվել էր ընկերության ունեցվածքի քայքայման նպատակով: Որպես դրա ապացույց, պարոն Մուրադյանը նշում է, որ «Նաիրիտ» ԳԱ-ն արդեն հասցրել է օտարել իրեն բաժին հասած գույքի հիմնական մասը` Աղվերանի պանսիոնատը, Կուլտուրայի պալատը, Պիոներական ճամբարի շենքը եւ այլ անավարտ շինություններ: Սակայն, մինչ այժմ չեն կարողանում լուծել իրենց աշխատողների` նախկինից մնացած աշխատավարձերի պարտքի հարցը:
Նույնքան անմխիթար է այսպես կոչված` մյուս «Նաիրիտների» վիճակը: «Նաիրիտ 2»-ը ներկայումս մատնված է անգործության, չունի բազային ֆինանսավորման աղբյուր եւ ապագա գործունեության որոշակի հեռանկար: Այն եւս տարիներով կուտակած աշխատավարձի պարտք ունի եւ գտնվում է հոգեվարքի մեջ: Ինչ վերաբերում է քիմիական գործարանին, ապա, ինչպես հայտնի է, բաժնետոմսերի 90 տոկոսը` 40 մլն դոլարով վաճառվեց մինչ այժմ անհայտ սեփականատերեր ունեցող «Ռայնովիլ Փրոփըրթի լիմիթեդ» ընկերությանը: Ըստ պայմանագրի, 5 տարվա ընթացքում վերջինս պետք է ներդներ 120 մլն դոլար` գործարանի տեխնիկական վերազինման եւ արտադրության վերակառուցման համար: «Ռայնովիլ Փրոփըրթի լիմիթեդը» պարտավորվել էր նաեւ 2008-ի սկզբին կաուչուկի, լատեքսի եւ այլ քիմիական նյութերի արտադրության ընդհանուր ծավալը հասցնել տարեկան մինչեւ 25 հազար տոննայի` ապահովելով համաշխարհային չափանիշներին համապատասխան որակ: Մինչ այժմ, վերը նշված պարտավորությունների կատարման ուղղությամբ ընկերությունը ոչ մի նկատելի քայլ չի կատարել: Վաճառքի գործարքն ավարտելուց հետո միայն պարզվեց, որ «Ռայնովիլը» ընդամենը 25 հազար եվրո հիմնադիր կապիտալ ունեցող, անհայտ ծագումով, սեփական միջոցներից զուրկ միջնորդ կազմակերպություն է: ԱՊՀ Միջպետական բանկի չինովնիկների ջանքերով նշված բանկում գրավ են դրվել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը, եւ 5 տարի ժամկետով վերցրել են 70 մլն դոլարի վարկ` տարեկան 12,5 տոկոս տոկոսադրույքով: Նշված գումարից 40 միլիոն դոլարն ուղղվել է գործարանի պարտքերի մարմանը, իսկ 30 միլիոն դոլարի մասին գործարանի ղեկավարությունն առ այսօր լռում է:
Եթե «Նաիրիտ» ԳԱ-ի եւ «Նաիրիտ 2»-ի ապագան մշուշոտ է, եւ դժվար թե վերջիններս կարողանան ոտքի կանգնել, ապա քիմիական գիտությունների թեկնածու Ջ. Մուրադյանը վստահեցնում է, որ քիմիական գործարանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցները` արդյունավետ արտադրական գործընթաց կազմակերպելու համար: Ըստ պարոն Մուրադյանի, պետք է վերանայել կառավարության որոշումներն ու վերամիավորել տրոհված «Նաիրիտ» ընկերությունը` իր նախնական կառուցվածքով եւ գործունեությամբ: Ապա պետք է վերը նշված 3 ընկերություններում անցկացնել միաժամանակյա ֆինանսական եւ տեխնիկական աուդիտ, նորմալ շահութաբերություն ապահովելու համար` կազմակերպել կաուչուկի ռիթմիկ արտադրությունը եւ սպառումը` ամսական մինչեւ 2 հազար տոննայի չափով: Ըստ Ջ. Մուրադյանի, պետք է նաեւ կատարել ուսումնասիրություն` պարզելու քիմգործարանի 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի օրինականությունը եւ արտերկրից ձեռք բերված ունիկալ սարքավորումները վերցնել պետության հովանավորության տակ: Պարոն Մուրադյանը կարծում է, որ վերոնշյալ կետերն ապահովելու դեպքում հնարավոր կլինի երբեմնի հզոր գործարանը ոտքի կանգնեցնել: «Մինչդեռ այսօր այն հսկայական պարտք է կուտակել, աշխատում է ընդհատումներով ու վնասով` թողարկելով նախագծային հզորության 10 տոկոսից էլ ցածր արտադրանք, այն էլ` ոչ միշտ բավարար որակական ցուցանիշներով: Գործարանի սեփականատերերը կարողանում են հաջողությամբ «օդից փող սարքել», վճարել բանվորների աշխատավարձերն ու անպատիժ ավելացնել «Նաիրիտի» պարտքը շուրջ 5 անգամ»,- ասում է պարոն Մուրադյանն ու ավելացնում, որ այսօր վտանգված են նաեւ գործարանի եզակի սարքավորումները, քանի որ դրանք եւս կարող են փոշիացվել: