Ես էլ դու եմ, ես չկամ

17/05/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Առարկություն չընդունող տոնով պաշտպանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ակնհայտորեն վստահ է` հասարակական ընդվզման իրական վտանգն այնքան էլ մեծ չէ, որքան թվում է: Հայրենիքում մայրենի լեզվով կրթություն ստանալու դեմ հիմնավորումներ ներկայացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը. իբր` ժամանակն է, որ մենք մեզ կողքից նայենք, իբր` օտարալեզու կրթությունը հավելյալ հնարավորություն է հայ ժողովրդին` վերափոխվելու: Քննություն չբռնող այս հիմնավորումներից երեւում է, որ նախագիծն ամեն գնով պաշտպանվելու է:

Հարց է առաջանում` բայց ինչո՞ւ հայ ժողովրդին «վերափոխվել» հիմա, եւ ինչո՞ւ չէր կարելի 10 տարի առաջ սկսել մեզ անգլիախոս կամ ռուսախոս մեկի աչքերով նայել: Պատասխանը պարզ է` թեեւ հասարակությունն ուղղակի պատվեր չի իջեցրել` հանրակրթության լեզուն դարձնել ռուսերենը կամ այլ լեզու, սակայն հասարակ-ությունը, այսինքն` մեծամասնությունը, դիմադրել այս նախագծի դեմ չի պատրաստվում: Այսօր, առավել քան երբեւէ, կան բոլոր հիմքերը` առանց լուրջ դիմադրության իրացնել «դավադիր» որակումը ստացած նախագիծ: Հայերեն մտածող, մի քանի լեզուների տիրապետող մարդիկ բավականին մատչելի հայերենով հիմնավորում են այս նախագծի իրական վտանգները: Արձագանքը նախարարի եւ օմբուդսմենի ներողամիտ ժպիտն է: Իսկ ժպիտն ասում է` հետո շնորհակալություն կհայտնեք, տգետնե՛ր: Չտեսնելով պայքարի այլ ձեւ` Հայ ազգայնականների համախումբն անցած շաբաթ բավական կոշտ արձագանքեց ԿԳ նախարարի նախաձեռնությանը: Նրանք բաց տեքստով նախարարին հիշեցրին, որ ՀՀ հանրակրթության համակարգը պարզապես պարտավոր է ՀՀ-ում բնակվող հայ նոր սերնդին տալու բացառապես հայեցի կրթություն, որն անհնար է առանց հայոց լեզվի: Օտար լեզուներով ուսուցման մասին անգամ մտածելը դավաճանություն է, «իսկ դավաճանների վերջը բոլորին է հայտնի»: «Հայոց հայրենիքը, հայ ազգն ու հայկական մշակույթը եռամիասնություն են, մեկնումեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուս երկուսի, իսկ հայ մշակույթի հիմքերի հիմքը հայոց լեզուն է»: Սյս սրբություններից անգամ մեկի դեմ ոտնձգությունը հայ ազգայնականների վճռական հակահարվածին կարժանանա. «ՀՀ-ում կրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն` եւ վերջ: Այս տարրական ճշմարտություն-պահանջը չհասկացող եւ դա չապահովող հայազգի արարածները (…) ունեն մեկ ընտրանք` հրաժարվել իրենց պաշտոններից»: Հակառակ պարագայում` ազգայնականները խոստանում են նրանց ուղարկել «պատմության աղբանոց»:

Այս օրերին այնքան հիմնավոր հակափաստարկներ են բերվել այս նախագծի դեմ, որ դրա մասին գրելն արդեն դառնում է անլուրջ: Սակայն կա կարեւոր այլ հարց: Տեսե՛ք, ԿԳ նախարարի` «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դեռ չի աշխատում, հետեւաբար մեր ինքնությունը, լեզվամտածողությունը դե յուրե առայժմ վտանգված չէ: Բայց ո՞ւմ լեզվամտածողության, ինքնության գիտակցման մասին է խոսքը: Ո՞ւմ ինքնությունը փրկելու փորձեր են արվում: Հարցրեք ազգությամբ հայ մարդկանց մեծ մասին` ուզո՞ւմ են հայերեն մտածել, կարեւորո՞ւմ են փաստը, որ Աստված մեզ ստեղծել է ոչ թե ռուս կամ բրիտանացի, այլ հայ, եւ մեզ է շնորհել հայերենն` ի պահ:

Կիրակի, Հ1-ով դիտելով «Տաշիր 2010» երգի մրցանակաբաշխությունը, ինձ համար գոնե ակնհայտ դարձավ` օրենքի այս նախագիծը ստեղծվել է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին եւ պարզապես արձանագրում է այն իրողությունը, որ ունենք:

Արդեն մի քանի տարի է` Կրեմլում հավաքվում են հայ աստղերը` Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերած մեր հայրենակիցներին, ինչպես իրենք են ասում, ուրախացնելու: Օրիգինալ չէ գրել հայկական պոպ երգի, մասնավորապես` մրցանակաբաշխությունների մասին: Ամեն տարի թվում է, թե ավելի վատ հնարավոր չէ, սակայն ռաբիս ու ստրկամիտ մտածողության հնարավորությունները, պարզվում է, անսահմանափակ են: Ամեն տարին նախորդին գերազանցում է հանդիսատեսին ապուշի տեղ դնելու հմտությամբ, հաղորդավարական ոչ պրոֆեսիոնալ, պարզունակ պահվածքով, կիսագրագետ տեքստերով: Հետաքրքիր է, որ ռուսերենով գրագետ եւ ինտելեկտի սանդղակը պահող հաղորդավարները` Եգոր Գլումովը, Մարկ Սաղաթելյանը, հայազգի հանդիսատեսի ներկայությունից, առանց ժամանակ կորցնելու, դառնում են ոչ պրոֆեսիոնալ եւ անասելի անհետաքրքիր: Նրանք գրագետ հայերենով խոսելու վրա ջանք չեն թափում, քանի որ վստահ են, որ իրենց ռաբիս, անգրագետ, տնավարի խոսքին դահլիճը կարձագանքի բուռն հրճվանքով: Եվ խնդիրն այն է, որ, ցավոք, նրանք չեն սխալվում: Մրցանակաբաշխության ֆալշն ամեն տեղ էր, հատկապես բերանները ֆոնոգրամայի տակ բացուխուփ անող երգիչների պահվածքում, Արցախում «խաշլամա ու խորոված ուտելու» հաճույքի մասին Սամվել չգիտեմինչյանի երգում: Այս համերգի մասին գրելու անհրաժեշտություն չէր էլ լինի, եթե դահլիճում չլինեին միայն ազգությամբ հայեր: Դահլիճում էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը` Մոսկվայի հայոց թեմի առաջնորդը: Եթե օպերատորները լինեին այնքան պրոֆեսիոնալ, որ նրան խոշոր պլանով չցուցադրեի՜ն: Բայց ոչ. սրբազանը մեղմ ժպիտով հետեւում էր բեմում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ բեմում Թինա Կանդելակեն էր: Նրա յուրաքանչյուր ոչ ադեկվատ հումորին, տափակաբանությանը դահլիճն արձագանքում էր այնպես, ինչպես հավատացյալները` Ս. Պետրոսի հրապարակում արտասանած Հռոմի պապի բարեպաշտական խրատներին: Մարկ Սաղաթելյանն ակնհայտորեն այդ հանդիսությունը վարում էր Թինա Կանդելակեի կողքին կանգնելու, նրա հետ սիրալիրություններ փոխանակելու համար: Կողքից այնքան տհաճ էր… Ավելորդ է ասել, որ ռուսի շուրթերից հնչած յուրաքանչյուր «շնոռակալուցյուն» բառին ուղեկցում էին բարձր հիացմունքի աղաղակներ, ծափեր: Նման մրցանակաբաշխություններում «հայ երգի արքա» Թաթան ներկայացնում է հայ ժողովրդի մշակույթը (մինչ նրա երգերը գործիքավորողը Հայաստանում Կոմիտասի մշակած երգերը հեռուստատեսությամբ համարում է «քառակուսի»): Եթե հայ երգի արքան Թաթան է, ապա թագուհին, հասկանալի է, ոչ այլ ոք է, քան Իրինա Ալեգրովան: Նրա հայրենասիրական դժգույն երգը եւս ռաբիսի ոճում էր, քանի որ, ինչպես ասացի, հայրենասիրական էր: «Բրա՜-վո՜ »,- բղավում էր դահլիճը: Մաստակ ծամող եւ ձանձրացող մի քանի տիկիններ Ալեգրովայի երգից անգամ հուզվել էին. կարոտել էին Հայաստանը: Այսօրվա Հայաստանն այնքա՜ն մատչելի ու հասկանալի է նրանց համար: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններն ընդունելուց հետո այն կդառնա էլ ավելի մատչելի: Համարյա` հարազատ: