Ես ու մարդկանց ներկայությունից խուսափող Էլմիրան հասակակիցներ ենք, բայց Էլմիրան դպրոց չի գնացել, բակում մանկական խաղեր չի խաղացել, զբոսայգիներում չի քայլել ու կյանքի հրաշքի զգացողությունը չի վայելել:
Էլմիրային մտավոր հետամնաց երեխաների դպրոց տանելու մոր որոնումներն ավարտվել են նրանով, որ դպրոցի տնօրենն ասել է. «Ավելի լավ ա, դու իրան տանես Սեւանի տուն-ինտերնատ»: Այսինքն` այնտեղ, որտեղից չեն վերադառնում կամ վերադառնում են արդեն մահացած: Նման «խորհուրդներից» հետո մայրը` Եղիսաբեթը, որոշել է Էլմիրային պաշտպանելու համար տանը «փակել»: Մեկ-մեկ «հանում» է դուրս, բայց միայն այն դեպքում, երբ դրսում արդեն մութ է` «որ չտեսնեն իրան»:
Էլմիրայի համար իր կյանքի, ապրելու իմաստավորված լինելու մոտիվը խնդրահարույց է, քանի որ ֆիզիկական իր գոյությունը «տեղավորվում» է միայն «չգոյության» սահմանների մեջ: «Ինքը մենակություն ա սիրում, մենակ ժամանակ իրան հանգիստ ա զգում, բայց, երբ տանը մարդ ա լինում` բարկանում, ներվայնանում ա, մենակություն ա ուզում»,- ասում է Էլմիրայի մայրը` Եղիսաբեթը` վստահեցնելով, որ ուղիղ 32 տարի առաջ ծննդաբերել է միանգամայն առողջ երեխա: Սակայն որոշ ժամանակ անց նկատել է, որ Էլմիրան չի «աճում», եւ դիմել է բժիշկների օգնությանը: Գլխի, գանգի չափումների ժամանակ բժիշկները հայտնաբերել են, որ գլխի ոսկորը չի զարգանում, հետեւաբար խորհուրդ են տվել ինչ-որ դեղամիջոցի մի երկու ներարկում անել կամ տանել Մոսկվա վիրահատության: Ներարկումներն, այնուամենայնիվ, արդյունք չեն տվել, իսկ Մոսկվայում վիրահատվելու համար ընտանիքի համար անբարենպաստ ժամանակներ են եղել: «Էդ տարիներին 25 տարեկան տալոջս էի խնամում, որը լյարդի ցիռոզով հիվանդ էր: Նա էլ ջահել-ջահել մահացավ: Էնպես ստացվեց, որ իր վրա էինք կենտրոնացած, մահամերձ էր, եւ հետո էլ` վիրահատությունն էլ ռիսկային էր, քանի որ բժիշկները նախազգուշացնում էին մահվան ելքի հավանականությունը: Գլխի, ուղեղի հետ գործ ունեին, բարդ վիրահատություն էր»,- պատմում է տիկին Եղիսաբեթը, ում համար աղջկա խնամքի հարցն այնքան ծանր է, որ տարիների տառապանքը նրան կոպիտ ու աննրբանկատ է դարձրել: Թեեւ ասում է, որ Էլմիրան մանկամիտ է եւ շատ բան չի հասկանում, բայց իմ ու նրա երկխոսությունն ադեկվատ է, դժվարությամբ, բայց կարողանում է հարցերիս կարճ ու կոնկրետ պատասխանել: Սիրում է առանձնանալ ու չի սիրում մարդկանց ներկայությունն ու աղմուկը: Հաճախ մորից պահանջում է հյուրերին վայրկյան առաջ հրաժեշտ տալ, հակառակ դեպքում քթի տակ փնթփնթում, բարկանում ու ինքն իր հետ վիճում է: Մայրն ասում է. «Ինքը ընդհանրապես ոչ մեկի հետ չի խոսում, մենակ ինքն իրա հետ ա խոսում: Այսինքն` չի խոսում, վիճում, ջղայնանում, կռվում ա: Կարծես մեկը կա, որին բողոքում, դժգոհում ա: Ոնց որ իրա էդ տեսակ լինելու համար ա կռվում»: Էլմիրան ինքն իր հետ կռվում, ըմբոստանում է իր կերպի դեմ: Ինչ-որ մեկից արդարություն է ուզում, բայց երբ շատ է բարկանում` մայրը հանգստացնող հաբով «քնացնում» է: Հարցնում եմ` «Ուզո՞ւմ ես իջնել բակ»: «Չէ, չէ, չէ…»,- ասում է ու կծկվելով մխրճվում է բազմոցի մեջ: Վախենում է, որովհետեւ նրա կերպարանքը ցերեկվա լույսին արտացոլվում է մարդկանց խորհրդավոր հայացքների մեջ: Ամենաշատը սիրում է ծնողներին, քանի որ նրանց օգնությամբ է պաշտպանություն գտնում: Մեկ էլ սիրում է արեւածաղկի սերմերը ու երբ նյարդային է լինում` անընդհատ «չրթում է»: Այդպես հանգստանում է, որովհետեւ արեւածաղկի կեղեւը ջարդելը պայքարի նման է, մի բան ջարդում է: Ջարդում է այն, ինչ կարող է, ու ինչն իր ուժին համարժեք է: Հաղթահարելու, հաղթելու զգացողություն է ապրում: Էլմիրան մեկ էլ չի սիրում իր հարեւանուհի Ռուզանին (անունը փոխված է), որովհետեւ սուր զգացողություն ունի, ու զգայարաններն իրեն հուշում են, որ կեղծ ու բարեպաշտ ժպիտով Ռուզանն իրեն չի սիրում: «Ախր իրան բան էլ չի ասել, նորմալ կին ա: Հենց գալիս ա` ջղայնանում ա, ինձ ասում ա` ասա թող գնա: Էդ Ռուզանից վատանում ա: Ամենաուժեղը զգում ա, թե ով ա իրան սիրում ու ով չի սիրում»: Մի բան էլ կա, որ Էլմիրային հուշում են իր զգայարանները. երբ ծնողներն իրենից գաղտնի փորձում են ինչ-որ տեղ գնալ ու իրեն քնացնելու համար դեղահաբ տալ: Այդ ժամանակ Էլմիրան իսկույն հայտնվում է ծնողների մոտ ու խնդրում է իրեն մենակ չթողնել. «Շշմում ենք, թե ոնց ա գլխի ընկնում»:
Էլմիրայի թույլտվությունը ստանալուց հետո նրան լուսանկարում եմ: Հավանաբար նկարվում է կյանքում առաջին անգամ, որովհետեւ էս աշխարհում իր համար ամենադաժանը հայելին ու ինքն են: Բայց քանի որ նրա դառնությունները խորն ու մարդկային բնազդների համար մի քիչ խորթ են, անզգուշաբար հարցնում եմ` «Կուզե՞ս նկարներդ ապարատի վրա ցույց տամ»: «Չէ, չէ, չէ, չեմ ուզում, մամա, ես չեմ ուզում, որ ցույց տա…»,- տագնապած հայացքով խուճապի է մատնվում նա: Շփոթված հարցնում եմ` «Ինչո՞ւ… չե՞ս սիրում քեզ»: «Չէ՛, չեմ սիրում, չի երեւո՞ւմ»,- բարկացած պատասխանում է: Ասում եմ` «Բայց ես քեզ սիրում եմ, դու ինչո՞ւ քեզ չես սիրում: Անկեղծ եմ ասում, որ սիրում եմ, չիմանաս ձեւեր եմ թափում»: Էլմիրան աչքերը լցնում է ու «պլշած» հայացքով երկար նայում է աչքերիս մեջ: Հետո հեռանում է ննջասենյակ:
Ծնողները` Համլետ եւ Եղիսաբեթ Մանասյաններն, ապրում են Էլմիրայի ցմահ, անժամկետ հաշմանդամության 10.600 դրամով, մեկ էլ Համլետի բանվորությունից ստացած օրական վճարներով: Նախկին Էլեկտրատեխնիկական գործարանում օպերատոր աշխատած 57 տարեկան այս տղամարդն այսօր գերեզմաններում բետոն է թափում: Պատահում է` օրերով գործ չի լինում, բայց քաղցից ու չքավորությունից չեն սրտնեղում, նեղվում են միայն Էլմիրայի համար դեղորայք չգնելու դեպքում: Ավանի հոգեբուժական դիսպանսերից անվճար տրվող «Տիզերցին» հանգստացնող դեղորայքն արդեն քանի տարի չեն տրամադրում: Ասում են` չենք ստանում, առաջարկում են փոխարինողը, որն Էլմիրայի նյարդային «կծկումների» ժամանակ դրական ազդեցություն չի թողնում. «Ստիպված գնում ենք Զեյթունում գտնվող մի պետական դեղատնից: Թանկ է` 2500 դրամ, այսինքն` մեր համար շատ թանկ ա, օրը երկու անգամ խմացնում ենք: Արդեն երեք տարի ա, էնտեղից դեղատոմսը տալիս են, որ մենք առնենք»: Տիկին Եղիսաբեթը չի աշխատում, քանի որ նախ Էլմիրային շուրջօրյա խնամք է անհրաժեշտ, եւ բացի այդ, տառապում է երիկամներից, նյարդային բորբոքումով ու միգրենով: Ասում է` «Էն, ինչ որ մեր տանը տեսնում ես` նախկինից մնացած ա: Էն ժամանակ ամուսինս աշխատել, նորմալ ապրել ենք ու տուն ու տեղ ենք դրել: Հիմա հազիվ օրվա հացն ա հասնում: Աշխատանքն անկայուն ա, ու պատահում ա ընդհանրապես բանվորության պահանջարկ չի լինում: Ախր նման հիվանդ ունեցողի համար շատ դժվար ա, դու դժվար թե մեր դրության մեջ մտնես: Հետո անընդհատ ուտել ա ուզում, պիտի հասցնես… Մի խոսքով` շատ բարդ ա: Մի բանով էլ մեկին դիմում ես` պատասխանն էնքան ցավոտ ա, որ մյուս անգամ չես համարձակվում դիմել, որ էդ պատասխանը չլսես. տար ինտերնատ, ասում են… Այսինքն` ես երեխա ծնեմ, տանջանքով պահեմ ու ձեռքից բռնած տանեմ, ասեմ` հանձնում եմ` ոնց ուզում եք վարվե՞ք հետը: Չէ, սոված մեռնեմ էլ` չեմ անի էդ բանը»: Մինչդեռ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի ոլորտը կարգավորող պետական փաստաթղթերում այնքան սիրուն ծրագրեր կան, որոնց կատարման հեռանկարը անորոշ ու մշուշոտ է: Սկսած հաշմանդամներին տրվող պետական աջակցությունից, հասարակության մեջ ինտեգրելուց, վերջացրած նրանց համար դրսի խողովակներով եկած փողերի հասցեականությամբ: Տիկին Եղիսաբեթն ասում է` «Անկեղծ եմ ասում, որպես ծանր հաշմանդամ ունեցող ընտանիք՝ երբեւէ ոչ մի բանից չենք օգտվել: Ճիշտն ասած` մենք ոչ մեկից ակնկալիք չունենք ու ինչ-որ մեկից սպասելիք ունենալու բնավորություն էլ չունենք, բայց հավատացեք, որ շատ դժվար ա մեզ համար: Մի անգամ դիմել եմ թաղապետարան, որ ինձ որպես խնամակալ ձեւակերպեն, էն էլ ասել են` չի լինի: Հիմա դիմել եմ դատարան, որ ինձ ճանաչեն խնամակալ, բայց երկու տարի ա գործը դատարանում ա, ու ոչ մի բան…»: Կրկին հյուրասենյակ է մտնում Էլմիրան ու նստում է բազմոցի այն հատվածին, որտեղից ինքն իրեն տեսնելու վախը սրտում հեռացել էր: Ասում եմ` «Երեւի հոգնել ես, ուզում ես գնամ…»: Ժպտալով ասում է` «Չէ, չէ… ուզում եմ մնաս»: Ասում եմ` «Մի վախեցի` ես չեմ նեղանա, կհասկանամ»: «Մամա, ասա իրան, որ չեմ ուզում գնա: Մի քիչ էլ մնա, էլի…»,- ասում է նա` սեփական կարծիքն արտահայտելու համար անգամ դիմելով մոր օգնությանը: