Մահացել է Ջեյմս Դիոն

17/05/2010

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` երեկ առավոտյան Լոս Անջելեսում ստամոքսի քաղցկեղից մահացել է 67-ամյա ռոք երգիչ Ռոնի Ջեյմս Դիոն: Խռպոտ ձայնով հայտնի Ռոնի Ջեյմս Դիոն ոչ միայն երգել է, այլեւ երգերի տեքստեր է գրել, նա նաեւ մի շարք հայտնի հիթերի երաժշտության հեղինակ էր: 1986թ. երգիչը կազմակերպել է բարեգործական համերգ իր բարեկամ ռոք աստղերի մասնակցությամբ եւ շահույթը փոխանցել Աֆրիկայի սովյալներին օգնող հիմնադրամի հաշվեհամարին: Դիոն ժամանակին «Black Sabbath»-ում փոխարինել է Օզի Օզբորնին, հետո միացել է «Deep Purple» խմբի կիթառահար Ռիչի Բլեքմորի ստեղծած «Rainbow»-ին, ժամանակ առ ժամանակ հանդես է եկել որպես մեներգիչ, իսկ վերջին տարիներին երգել է «Heven and Hell» խմբում, որը ստեղծել է «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին: Դիոն անցյալ տարվա ամռանն էր հայտնել, որ բժիշկներն իր ստամոքսում չարորակ ուռուցք են հայտնաբերել: Նա բուժվել էր Հյուսթոնի հիվանդանոցում, վիրահատությունից հետո քիմիաթերապիայի մի քանի կուրս անցել եւ, ըստ մտերիմների, հավատում էր, որ մոտ ապագայում անպայման կվերադառնա բեմ: