Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շաղոյանը, օգնության խնդրանքով բաց նամակ է հղել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին: «Մերձդնեստրի իշխանությունների կողմից Է. Վարդանյանի ձերբակալությունը կատարվել է շինծու մեղադրանքով: Է. Վարդանյանը, լինելով անկախ լրագրող, չէր կարող տիրապետել ռազմական, պետական եւ օրենքով պահպանվող գաղտնիքի, նա չէր աշխատում պետական կառույցում»,- գրել է Թ.Շաղոյանը` նամակում ներկայացնելով որդու գործի հետ կապված մանրամասները եւ զարգացումները: «Վերջին հույսով եւ հավատով` դիմում եմ Ձեզ օգնության խնդրանքով: Խնդրում եմ Ձեզ` աշխարհի առաջատար տերությունների ղեկավարներին, գործուն միջոցներ ձեռնարկել որդուս նկատմամբ արդարությունը վերականգնելու եւ նրան անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»,- գրել է հայազգի լրագրողի մայրը: Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: