Ուսանողն առաջին հերթին սպառող է

17/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Աբովյան-Տերյան փողոցների միջնահատվածում, Ազգային գրադարանին կից ընկած հատվածը, որը հայտնի է «Ուսանողական այգի» անվամբ, դեռ անցյալ տարի խաղաղ, զով, կանաչ ու ոչ մարդաշատ վայր էր: Այդտեղ գործում էին մի քանի բացօթյա սրճարաններ, որոնք գրեթե երբեք լիքը չէին լինում, իսկ աստղադիտարանի հատվածը հիշեցնում էր այն անդորրի մասին, որով էլ, ըստ մեր մայրաքաղաքի «հեղինակ» Ալեքսանդր Թամանյանի` պետք է ավարտվեր «Պլանի գլուխը»` Երեւանի առաջին գլխավոր հատակագիծը:

Հիմա պատկերն այլ է, արդեն մեկ ամիս է, ինչ այգին երկու կողմից կառուցապատվում է, երկու հսկայական, 9 մետր խորություն ունեցող հիմնափոսեր են փորվել, ծառեր են արմատախիլ արվում, տարածքը լցվել է շինարարական նյութերով, մի խոսքով` «անտեր» մնացած այգին փորձ է արվում լցնել շահույթ ապահովող կառույցներով: Կառուցվում են զվարճանքի կենտրոններ` սրճարաններ, դիսկոտեկներ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան դասերից հետո կամ էլ, թերեւս, ըստ այդ շինարարությունն իրականացնողների ակնկալիքի` ուղղակի դասերի փոխարեն՝ սրճարան գնալ, գարեջուր խմել, ծխել ու ժամանակ անցկացնել ավելի հարմարավետ պայմաններում, քան եղել է մինչ այդ: «Ուսանողն առաջին հերթին սպառող է» կարգախոսով ուղղորդվելով, այգին բետոնապատվում է (պարզ է, որ կանաչ գոտուց շահույթը քիչ է, բետոնն ավելի լայն հեռանկարներ ունի): Իսկ հաշվի առնելով, որ ըստ սրճարանատերերի նախագծերի` պետք է ստորգետնյա հարկեր կառուցվեն, տարածքը նաեւ հողազրկվում է: Իմիջիայլոց, հենց այդ մոտեցմամբ էլ կառուցվում էր Հյուսիսային պողոտան, որտեղ այժմ հնարավոր չէ հաստաբուն ծառերի գոյության մասին երազել, քանի որ, եթե տակը դատարկություն է, արմատ ունեցող բույս լինել չի կարող:

Այգում տեղի ունեցող շինարարական բումը լայն արձագանք է ստացել հատկապես երիտասարդների, ուսանողների շարքերում: Ինտերնետային տարածքում ստեղծված «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական խումբն արդեն մի քանի շաբաթ ակտիվորեն պայքարում է այգու ոչնչացման դեմ` ստորագրահավաք ու «լուռ, կանաչ» ակցիաներ կազմակերպելով: Ակցիայի մասնակիցները նամակներ են գրում տարբեր մարմիններին` ապացուցելով, որ շինարարությունն ընթանում է ճարտարապետական, քաղաքաշինական, բնապահպանման օրենքների խախտումներով: «Զբոսայգիները քաղաքային մշակույթի կարեւոր բաղադրիչներից են: Իսկ շինարարության թույլտվությունը տրվել է` մի քանիսի մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից»,- նշում են խմբի անդամները:

Նման աղմկալի արձագանք Երեւանի քաղաքապետարանը թերեւս չէր սպասում, քանի որ մինչ այդ բոլոր որոշումներն ընդունվել են հանգիստ ու սահուն, իսկ հիմա քաղաքապետարանը ստիպված է որոշ բացատրություններ տալ: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից որեւէ նոր օբյեկտ կառուցելու թույլտվություն չի տրվել: Խոսքը դեռեւս 1996թ. ի վեր գործող սրճարանային երկու հնաոճ տաղավարներն արդիականացնելու եւ հիմնանորոգելու մասին է»: Այստեղ ուշադրության է արժանի «օբյեկտ» բառի գործածման եղանակը: Օբյեկտ կարող է համարվել նաեւ քանդակը, արձանը կամ էլ հենց կանաչ հատվածը, սակայն քաղաքապետարանն այդ բառը գործածում է արդիական, «հիմնանորոգված» իմաստով` օբյեկտ համարելով միայն ուտել-խմելու վայրը:

Որպես այդ այգու վերափոխման կարեւոր կետ` քաղաքապետարանն ընդգծում է, որ սրճարանների մոդեռնացումը հօգուտ քաղաքի ու քաղաքացիների է լինելու, քանի որ բացվելու է վերջերս այգում տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանը, որը նախկինում թաքնված է եղել ծառերի ետեւում ու հեռու է եղել անցորդների աչքից: Ինչպես ասում են, եթե մարդը չի գնում արձանի մոտ, ապա արձանն է գալիս մարդու մոտ: «Շինարարությունն իրականացնող «Էլեգանտ 5» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով պարտավորվել է բարեկարգել սրճարանին հարակից տարածքը: Ամբողջովին փոխվելու, նորոգվելու են արձանի շրջակայքի ու ճեմուղու սալահատակն ու եզրաքարերը, թարմացվելու են տարածքի թփերն ու սիզամարգերը: Տեսանելի փակցված վերակառուցման էսքիզից հստակ երեւում է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո զբոսայգին կունենա ավելի բարեկարգ տեսք` կանոնակարգված մուտքերով»,- ասված է հաղորդագրության մեջ: Այն կարդալով կարելի է ենթադրել, որ այգում թփեր ու սիզամարգեր լինելու են, իսկ ծառեր` ոչ:

Եվ երբ քաղաքապետարանը նշում է, որ նախագծերը հաստատվել են՝ «բացառելով ծառահատման հնարավորությունը», դա դիտվում է որպես բացահայտ դեմագոգիա, քանի որ ծառերն արդեն իսկ հատվել են, ու հնարավոր է՝ էլի հատվեն, նկատելի է նաեւ, որ էսքիզի վրա դրանք մեծ տեղ չեն զբաղեցնում: «Ի՞նչ անել, երբ ծառահատման դեպք է արձանագրվել» հարցը քաղաքապետարանն ուղղում է Բնապահպանության նախարարությանը, նշելով, որ «ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողությունն ու պատիժների կիրառումը» հենց այդ նախարարության գործառույթն է: Տարբեր հանդիպումների եւ քննարկումների ընթացքում բնապահպան չինովնիկներն ասում են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ քաղաքապետարանի որոշման հետ վիճել ու որեւէ կերպ փոխազդել դրա վրա իրենք պարզապես չեն կարող:

Տխուր պատկեր է ուրվագծվում. ստացվում է, որ մեր պետական ապարատի աջ ձեռքը տեղյակ չէ, թե ինչ է անում ձախ ձեռքը: Իսկ թե ինչպես են համագործակցում Երեւանի գլխավոր ճարտարապետն ու Քաղաքաշինության նախարարությունը, ընդհանրապես մշուշով է պատված: Տարբեր «մշուշոտ» գործարքների ականատեսը լինելով, մենք` երեւանցիներս, ամեն քայլափոխի լսում ենք, որ «կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումն ու խնամքը Երեւանի քաղաքապետարանի գերակա ուղղություններն են»: Եվ մնում է միայն զարմանալ, թե ինչո՞ւ այդ գերակա ուղղությունը տեղ չի գտնում քաղաքապետարանի կողմից հաստատվող նախագծերում: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքապետը կապիտալ ունեցող մարդկանց ճնշմանն է ենթարկվում (կապիտալիստական հասարակարգն իր օրենքներով է զարգանում), սակայն մենք քաղաքապետ ընտրելով` կապիտալի պարտադրանքին դիմադրող ուժ ենք ընտրում: Համենայնդեպս, ուզում ենք դրան հավատալ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, տարբեր հ/կ-ների ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ու երկարատեւ զրույց են ունեցել: Խմբի անդամ Վահրամ Սողոմոնյանը նկատել է. «Քաղաքապետը ցանկանում էր ասել մեզ, թե այս անգամ հանդուրժել է հարկավոր, իսկ մյուս անգամ նման դեպքեր չեն լինի»: Քաղաքապետը պաշտոնապես հայտարարել է, որ «այսուհետ կառուցապատումներն ու գետնափոր կառույցները Երեւանի հանրային կանաչ տարածքներում կբացառվեն»:

Տետրից սկսվող հոգեբանություն

Մայրաքաղաքի 4 բուհերի արանքում գտնվող «Ուսանողական այգու» ճակատագրով առաջինը մտահոգվեցին հենց ուսանողները, ինչը վկայում է, որ հայաստանցիների նոր սերունդն այդքան էլ հակված չէ ողջունել տարատեսակ ժամանցային վայրերի բուսնումը, եւ ավելի շատ հակված է մտորել ներկայի մասին: Երիտասարդները` հիասթափված լինելով իրենց ծնողների սովետական մտածելակերպի անօգնականությունից, իրոք, ուզում են իրենց քաղաքի տերը լինել: Նրանք բնական ու տրամաբանական քայլեր են անում, քանի որ սեփական եռանդը գործի դնելու շանս են տեսնում: Եվ հենց նրանց ակտիվության շնորհիվ ակտիվացել է նաեւ պետական ապարատը: Երբ ամեն կողմից հարցեր են տրվում, այդ հարցերի պատասխանները (կամ էլ պատասխաններից խուսափելու նորագույն ձեւերը) անհրաժեշտություն են դառնում: Վերջերս ուսանողները նոր հարցադրումներ անելու եւս մեկ հնարավորություն ստացան, քանի որ բուհերից մի քանիսում կապիտալիստական համակարգն իրենց նվեր արեց` անվճար տրամադրելով 48-էջանոց տետր, որն առատորեն լցված է գովազդներով: Իսկ վրան էլ հպարտորեն գրված է` «Հայաստանի ուսանող»: Սույն տետրի ստեղծողները դիմում են հայ ուսանողին գովազդի լեզվով ու գովազդատուի հոգեբանությամբ` ցանկանալով ուսանողի մեջ առաջին հերթին սպառող տեսնել: Տետրի յուրաքանչյուր էջի տակ գովազդ է տպագրված: Բայց ինչպիսի՜ գովազդ: Ուսանողներին առաջարկվում է այցելել բարեր, ռեստորաններ, կարաոկե ակումբներ, խաղատներ, ոսկյա զարդերի խանութներ, «բրենդային» ապրանքատեսակների բուտիկներ: Եթե գոնե որպես բացառություն` մեկ թանգարանի կամ էլ թեկուզ կրթական ծրագրերով հագեցած որեւէ կայքէջի հղում լիներ, պատկերն այնքան զավեշտալի չէր լինի: Էլ չասենք այն մասին, որ ամենալավ նվերն ուսանողին կլիներ ապագա աշխատատեղերի ինֆորմացիան: Բայց ստացվում է, որ հայ ուսանողին համակարգն առաջարկում է միայն ուտել, խմել, երգել, պարել, ոսկի ու մոդայիկ պայուսակներ գնել: Դա անելու համար հաստատ չարժե սովորել: Ուշագրավ է, որ շատ ուսանողներ այդ նվերը ստանալով` այն պարզապես դեն են շպրտել` փաստելով, որ առաջարկը պահանջարկին չի համապատասխանում: Միգուցե եկել է այն ժամանակը, երբ հայ կապիտալը պետք է փորձի ավելի խելամիտ ու նպատակային ներդրումներ կատարել: «Ուսանողական այգում» մասշտաբային, կապիտալ շինարարություն իրականացնող ընկերությունը թերեւս ուզում է հավատալ, որ ինստիտուտների խաչմերուկում գտնվող այդ վայրը հեռանկարային է` շահույթ ստանալու գործում: Չէ՞ որ ամեն օր այդ այգով երիտասարդ հայաստանցիների մեծ զանգված է անցնում-գնում, սակայն նրանց գլխաքանակի ու դրամապանակի պարունակության «որսը» բնավ էլ դյուրին չի լինի: Արդյոք սեփականաշնորհված տարածքի անհայտ մնալ ցանկացող տերերը մտածե՞լ են, որ զվարճանքի բիզնեսը նման մեկնարկ ունենալով` դատապարտված է ձախողման: Համենայնդեպս սպասելի է, որ երիտասարդներին նման պարզունակ ժամանցով գայթակղել այլեւս չի ստացվի: Բովանդակություն է պետք: