Նոր օրենսգիրք

16/05/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի առջեւ դրված է 2 խնդիր` մշակել նոր Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգը եւ դրա հիման վրա՝ նոր օրենսգիրքը: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Վերջինս տեղեկացրել է, որ այս անհրաժեշտությունն առաջացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցի հրապարակումից հետո: Հիշեցնենք, որ զեկույցի հեղինակները խիստ քննադատության էին ենթարկել ՀՀ դատական համակարգը: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների, որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, երբ դեռ չէր ավարտվել քննությունը, եւ դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Երբեմն, ինչպես նշված է զեկույցում, դատավորներն իրենք էին ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը: Զեկույցում մտահոգություն էր հնչել, որ դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքը: