Երեկ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկեց կոալիցիայի հեղինակած` վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Հիշեցնենք, որ այս օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Այս տարբերակը ենթարկվել է լրամշակման: Այն նախապես սահմանում էր բավականին վտանգավոր դրույթներ զանգվածային լրատվամիջոցների համար: Քաղաքացին, ով գտնում էր, որ լրատվամիջոցը կամ անձը զրպարտել կամ վիրավորել է իրեն, իրավունք ուներ այդ կազմակերպությունից կամ անձից պահանջել նվազագույն աշխատավարձի 250-2000-ապատիկի չափով տուգանք: Բացի այդ, պատասխանատվության էր ենթարկվելու նաեւ այն լրատվամիջոցը, ով ոչ միայն ուղղակիորեն փոխանցում էր որեւէ մեկի վիրավորանքը կամ զրպարտությունը, այլ որեւէ մեկնաբանություն էր անում տվյալ հայտարարության նկատմամբ: Օրինագիծն արժանացավ որոշ լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների բուռն քննադատությանը: Եվ ի վերջո որոշվեց օրինագծի հեղինակների եւ լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանքային խումբ կազմել եւ այն որոշակի փոփոխության ենթարկել: Եվ ահա երեկ Պետաիրավական հանձնաժողովը քննարկեց այս լրամշակված տարբերակը: Օրինագծի հեղինակներից ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե վիրավորանքի ու զրպարտության համար նախկինում սահմանված կոնկրետ չափերն այժմ փոխարինվել են նվազագույն աշխատավարձի «մինչեւ 1000-ապատիկի» եւ «2000-ապատիկի» չափով ձեւակերպումներով: Այսինքն, հեղինակի խոսքերով, նախկինում եթե նվազագույն շեմ էր սահմանված 250-ապատիկը, հիմա դատավորն իր հայեցողությամբ կարող է նաեւ 50-ապատիկի չափով տուգանք սահմանել: Տուգանքի չափն էլ դատավորը պետք է որոշի վիրավորանքի եւ զրպարտության տարածման ազդեցությամբ, կոնկրետ գործի առանձնահատկությամբ: «Եթե մարդուն 10 հոգու մեջ ես վիրավորում, դա տալիս է որոշակի ազդեցություն, իսկ եթե հանրային հեռուստատեսությամբ կամ որեւէ տպագիր մամուլով ես վիրավորում, ապա դա մեծ հնչեղություն ունի եւ այլ խնդիր է առաջացնում: Այս եւ այլ հանգամանքները հաշվի առնելով` դատարանն է որոշելու պատճառած վնասի չափը»,- ասում է Հ.Սահակյանը:
Ընդ որում, տուգանքի երրորդ` բարձր չափը սահմանված էր լրատվամիջոցների համար, լրամշակված տարբերակում լրատվամիջոցն ու անձը հավասարվել են: Բացի այդ, հստակեցվել է այն դրույթը, որ լրատվամիջոցը երբ փոխանցում է որեւէ մեկի վիրավորանքը կամ զրպարտությունը, պատասխանատվության չի ենթարկվելու: Բացի այդ, Հ.Սահակյանի խոսքերով, լրատվամիջոցը պատասխանատվության չի ենթարկվելու նաեւ այն դեպքում, երբ վիրավորանքն ու զրպարտությունը ուղղակիորեն փոխանցելու հետ միասին, նաեւ որոշ կարծիք կամ գնահատողական դատողություն է արտահայտում: Հ.Սահակյանը հավատացնում է, որ ընդունել են աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները: Առաջարկություններ ներկայացրած` «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ երեկ մեզ փոխանցեց, թե աշխատանքային խմբին «ավելին անել չի հաջողվել»:
Այս օրինագծի թեկուզեւ լրամշակված տարբերակի առնչությամբ գերակշռող է այն կարծիքը, թե այն գրվել է հատուկ իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող մի քանի լրատվամիջոցների, հատկապես թերթերին պատժելու համար: Եթե որեւէ մեկի հայցով դատարանը որեւէ թերթի նկատմամբ կիրառի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի կամ 2000-ապատիկի, այսինքն` 1-2 մլն դրամի չափ տուգանք, ապա դա լուրջ գումար կլինի գործող թերթերի համար: Միջինը 5000-6000 տպաքանակ ապահովող հայաստանյան թերթերի համար դա մեծ գումար է: Իսկ եթե իշխանությունները որոշեն «Ա1+» հեռուստաընկերության նման իրենց համար ոչ ցանկալի հրապարակումների համար պատժել որեւէ թերթի, ապա 1 տարում նման մի քանի դատական հայցը բավական կլինի տվյալ լրատվամիջոցը փակելու համար: Պաշտոնյաներն իրենք դա չեն էլ թաքցնում ու մասնավոր զրույցներում անընդհատ կրկնում են, թե համարձակ հրապարակումների վերջը կգա, երբ ընդունվի այս օրենքը:
Քննարկմանը ներկա արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ըստ էության չհերքեց այս օրինագիծը լրատվամիջոցներին սնանկացնելու համար որպես մահակ օգտագործելու նպատակը, միայն ավելացրեց, թե լրամշակված տարբերակում լրատվամիջոցների մտահոգությունների մեծ մասը մեղմվել են: «Միգուցե նախնական տարբերակն ինչ-որ տեղ թողնում էր նման դատողություններ անելու համար, բայց վերանայված տարբերակի դեպքում եւ՞ս խոսել այդ մասին: Տարբերակը վերանայելու առաջարկությունները լրատվամիջոցներից են ստացել: Այսինքն` դա ձեր առաջարկություններն են, որոնք տառացիորեն փոխանցվել են նախագծին: Մահակ չի դառնա, այս իրավիճակում չի դառնա»,- ասաց Գ.Դանիելյանը:
Իսկ արդյո՞ք նախարարն ինքը փոխհատուցում կպահանջի որեւէ լրատվամիջոցից, եթե գտնի, որ իրեն վիրավորել են: «Ինքս հակված չեմ, բայց նախապես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Բայց բոլոր դեպքերում մարդուն պետք է տալ այդ հնարավորությունը»,- պատասխանեց նախարարը:
«Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այս օրինագծում, այնուամենայնիվ, չեն լուծվել մտահոգող հարցերը: Նա մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ պատժի չափի որոշումն այս դեպքում էլ թողնվել է դատարանի հայեցողությանը: Նա դիտավորություն չի տեսնում այստեղ, պարզապես գտնում է, որ օրինագծի վրա լրացուցիչ ու հիմնավոր աշխատանք կատարելու համար լուրջ աշխատանք ու ժամանակ է պահանջվում, ինչը, սակայն, չեն արել հեղինակները: «Իսկ մեզ մոտ եղած օրենսդրական ավանդույթն այնպիսին է, որ հեղինակը միշտ շահագրգռված է, որ ինչքան հնարավոր է շուտ իր օրինագիծը առաջ տանի»,- ասում է Բ.Նավասարդյանը:
Երկուշաբթի օրն այս օրինագիծը մեկ անգամ եւս պետք է կարճատեւ քննարկվի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում, որպեսզի հստակ ձեւակերպում մտցվի, որ այն բարոյական վնասի փոխհատուցման նպատակ ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի նույն օրը սկսվող ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: