Դատավարություններից ձանձրացել է

16/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հատուկ քննչական ծառայության` Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, սովորաբար, պարտաճանաչորեն ներկայանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 16-ից սկսված Մարտի 1-ի զոհերի գործով բոլոր դատավարություններին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները դատարանում վիճարկում են Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի անգործությունը: Ասել, թե պարոն Հարությունյանը ներկայանում է նիստերին, որովհետեւ ասելու բան ունի, կամ իր ղեկավարած խմբի հերթական բացահայտումներն է ներկայացնելու` թյուրիմացություն կլինի: Պարզապես ավելորդ խոսակցություններից խուսափելու եւ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ չմեղադրվելու համար, թերեւս այդպես հրահանգել են: Պարոն Հարությունյանը, սովորաբար, դատավարության ընթացքին հետեւում է լուռ, դեմքի անտարբեր արտահայտությամբ: Միայն երբեմն-երբեմն տեղից ռեպլիկներ է բաց թողնում զոհվածների հարազատների կամ դատարանում նրանց շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանի հասցեին: Եթե նախորդ դատական նիստերի ժամանակ Վ. Հարությունյանը վերջիններիս բողոքը համարում էր անհիմն, ապա հիմա նա գտնում է, որ զոհվածների հարազատներն ու պարոն Զեյնալյանը թատրոն են կազմակերպել: Համենայն դեպս, երեկ ընթացող դատավարության ժամանակ, փոխանակ պատասխանելու իրեն ուղղված հարցերին, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը, ակնհայտորեն նյարդայնանալով, ասաց. «Դատարանի դահլիճում թատրոն եք սարքել»: Որքան էլ զարմանալի է, նա արժանացավ դատավոր Արմեն Խաչատրյանի դիտողությանը: Նրա կողմից հնչող նմանատիպ ռեպլիկները, սովորաբար, նույն գործը քննող (զոհերի հարազատների բողոքի քննությունը ընթանում է տարբեր խմբերով` ըստ մահվան հանգամանքների) մեկ այլ դատավոր` Գայանե Կարախանյանը չլսելու է տալիս ու թույլատրում է, որ վերջինս անկաշկանդ, իր սրտի ուզածի չափ արտահայտվի: Երեկվա նիստում քննվում էր 10 զոհերից 3-ի` Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գրիգորյանի եւ Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը: Դատավարության ընթացքը ենթադրում էր, որ երեկ պետք է կայանար, այսպես կոչված` հարցուպատասխանի փուլը: Այսինքն, զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ակնկալում էր պատասխան ստանալ ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության պաշտոնյաներից, թե ինչու, ասենք, սպանությունների առիթով քրեական գործեր չեն հարուցվել, ի՞նչ բացահայտումներ են մինչ օրս կատարվել, կամ, վերջիններիս կարծիքով` պետության ներկայացուցիչների կողմից խախտվե՞լ է արդյոք զոհերի կյանքի իրավունքը, թե՞ ոչ: Ավագ դատախազ, պատասխանող Հարություն Հարությունյանը, որն ակնհայտորեն տրամադրված չէր հարցերին պատասխանելու, միայն կրկնեց ամեն դատավարության ընթացքում ասված խոսքերը. «Նախաքննությունը ընթացքի մեջ է: Բացի այդ, նշված հարցերին գրավոր պատասխաններ են տրվել այն ծավալով, որը չի վնասի գործի շահերին»: Այլ տեղեկատվություն տրամադրելը եւ հարցերին բանավոր պատասխանելը պարոն Հարությունյանը համարեց աննպատակահարմար: Դատավոր Ա. Խաչատրյանն ասաց, որ դատարանը իրավասու չէ պարտադրելու, որ ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պատասխանեն հարցերին: Չնայած բողոքող կողմն ըստ էության հնարավորություն չունեցավ հնչեցնել իր հարցերն ու ստանալ դրանց պատասխանները, բայց 3 զոհերի իրավահաջորդների բողոքի քննությունը համարվեց ավարտված: Դատավոր Արմեն Խաչատրյանը իր որոշումը կհրապարակի մայիսի 24-ին: