Վանաձորցի Շահանեն ընդամենը 7 տարեկան է. նա երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հաճելիորեն զարմացրեց շատերին՝ իր «Երգ առանց ասելիքի» կատարմամբ: Ավելին` նրա ելույթը նույնիսկ հիացրել էր Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին: Իհարկե, փոքրիկ աղջիկը գուցե տեղյակ էլ չէր, որ 1950թ. մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց մի նախագիծ, որի նպատակը պատերազմներին վերջ դնելն ու Եվրոպայում խաղաղություն հաստատելն էր: Եվ ահա արդեն 60 տարի է` մայիսի 9-ը համարվում է Եվրոպայի օր: Հենց այս նպատակով էլ մայիսի 5-14-ը Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության եւ «ԴՎՎ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվեց երաժշտական փառատոն թանգարաններում: Փառատոնը կազմակերպվում է «Ձանձրույթից, փոշուց եւ քայքայումից այն կողմ, թանգարանները` որպես ցկյանս ուսումնառության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար» ծրագրի շրջանակներում: Ի դեպ, այս ծրագիրը մեկնարկել է 2008թ. դեկտեմբերին, որն իրականացվում է Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Հայաստանում: Մեզ մոտ «ԴՎՎ Ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղն այն իրականացրեց 8 կազմակերպությունների հետ համատեղ: Իսկ ուրախալին այն է, որ փառատոնն ունեցավ աշխարհագրական որոշակի լայն շրջանակ, եւ բացի Երեւանից՝ այն ընդգրկեց Գյումրին եւ Վանաձորը: Փառատոնի պաշտոնական փակման արարողությունն էլ տեղի ունեցավ Երեւանում` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ ներկա էին ոչ միայն երաժշտասերները, այլեւ` պաշտոնական այրեր: Միջոցառումը բացվեց ԵՄ-ի եւ Հայաստանի օրհներգերով, որին հաջորդեց Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավարի ելույթը, ով նախեւառաջ շնորհավորեց «Եվրոպայի օրվա» տոնի առիթով` կարեւորելով «Եվրոպան` առանց սահմանների» մոտեցումը: Տոնի կապակցությամբ ներկաներին շնորհավորեց նաեւ «ԴՎՎ Ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նազարեթ Նազարեթյանը: Իսկ միջոցառման կարեւորագույն անակնկալը Արամ Խաչատրյան եռյակի համերգն էր, որն էլ շատ սիմվոլիկ ավարտ հաղորդեց
«Եվրոպայի օրվան» նվիրված երաժշտական փառատոնին` հնչեցնելով Արամ Խաչատրյանի վալսը: Իսկ թանգարանները դեռ կշարունակեն մնալ որպես ուսումնառության տարածքներ՝ հատկապես առաջիկա օրերին: Մայիսի 15-ին Հայաստանում էլ, ինչպես տարիներ շարունակ եվրոպական մի շարք երկրներում, հայտարարվել է «Թանգարանային գիշեր»: Այն համարվում է մշակութային ակցիա, որը հնարավորություն է տալիս հասարակության լայն շերտերին լինել այն թանգարաններում, որտեղ այս կամ այն պատճառով չեն եղել: Ընդ որում` Եվրոպայի շուրջ 40 երկրների` արվեստի, պատմության ու գիտության ավելի քան 2000 թանգարաններ միայն այդ օրը մայրամուտից մինչ ուշ գիշեր իրենց դռները կբացեն բոլորի համար: Ի դեպ, Գյումրիում միջոցառումները տեղի ունեցան Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանում, Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների թանգարանում, Մհեր Մկրտչյանի թանգարանում, Ավ. Իսահակյանի եւ Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում, իսկ Վանաձորում` Լոռի-Փամբակ երկրագիտական, Վանաձորի կերպարվեստի թանգարաններում, Ստեփան Զորյանի եւ Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններում:
Իսկ այս մշակութային ակցիայի նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը: