Ճիշտ էր ծերուկ Ֆրեյդը

12/05/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Եվրոնյուզը» ուղիղ եթերով հեռարձակում էր, թե ինչպես Բուքինգհեմյան պալատից, արդեն՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ, դուրս եկան Դեւիդ Կեմերոնը եւ նրա տիկինը: Մեկնաբանն ազդարարեց. «Ահա՛, պալատի ելքի մոտ նրա մեքենան «կշրջափակի» մոտոցիկլետիստների կորտեժը, որովհետեւ այսուհետ նրանց պետք է պահպանեն»: Մեկ րոպե անց մեկնաբանն ինքն էլ զարմացավ. «Իսկ ո՞ւր են մոտոցիկլետիստները»: Տեսարանը վերեւից նկարահանող ուղղաթիռից երեւում էր, թե ինչպես աշխարհի հզորագույն երկրներից մեկի վարչապետի մեքենան, առանց ուղեկցող մեքենաների, շարժվում էր լոնդոնյան փողոցներով: Ինչպես էր նրա մեքենան դանդաղեցնում ընթացքը` ճանապարհը զիջելով փողոցը ոչ նախատեսված անցումներով անցնող մեկ-երկու հետիոտներին: Հեծանվորդներն անվրդով վազանցում էին նրա ավտոմեքենան` հավանաբար չիմանալով` ով է ներսում:

Կլինի՞ Դեւիդ Կեմերոնի պաշտոնավարությունը նույնքան պահպանողական, որքան իր կուսակցության անվանումն է, դժվար է ասել: Ամեն դեպքում, գերտերությունների առաջին դեմքերի մասին համացանցում հայտնված տեղեկատվությունը վկայում է, որ իշխանությունը, աշխարհի մասշտաբով մեծ դիրքը ենթադրում են լուրջ գայթակղություններ, որոնց դիմանալ, որպես կանոն, չի հաջողվում:

Առհասարակ, մարդկային ի՞նչ հատկանիշներ է ակնկալում հասարակությունը երկրի առաջնորդներից: Թերեւս այն, ինչ չունի հասարակության անդամների մեծ մասն` առանձին-առանձին: Հավատարմություն ընտանիքին, պարկեշտություն, անկեղծություն: Հասարակության յուրաքանչյուր անդամ իր մեծ ակնկալիքները երկրի առաջին դեմքերից կարող է հիմնավորել այսպես. «Այո՛, ես հավատարիմ ամուսին (կամ կին) չեմ, որոշ դեպքերում` կեղծավոր եմ, ստախոս, երեսպաշտ, սակայն ես երկիր կառավարելու հայտ չեմ ներկայացնում եւ երկիրը ղեկավարելու պատասխանատվություն չեմ ստանձնում»:

Իսկ ի՞նչ է պարզվում: Երկրի առաջին դեմքերը, ուղեւորվելով նախագահական նստավայր կամ կառավարություն, իրենց էներգիան ուղղում են ամենեւին ոչ այնտեղ, ուր պետք է:

Թե՛ միջազգային լրատվամիջոցները, թե՛ դրանցից ծաղկաքաղ անող հայաստանյան ԶԼՄ-ներն այս օրերին իրենց պարտքն են համարել անդրադառնալ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ամուսնալուծությանը: Երկրորդ կնոջից: Պատճառն այն է, որ առաջացած տարիքն ամենեւին չի պակասեցրել Իտալիայի վարչապետի ավյունը. նրա հմայքներին չի դիմացել անգամ անչափահաս ոմն մոդել: Կամ գուցե հակառակը: Բեռլուսկոնին մեղադրվում է նաեւ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ: Դատելով ինտերնետային արձագանքներից` Իտալիայի հասարակությունն ավելի շատ հակված է հավատալու իր վարչապետի արկածներին, քան լուրջ ընդունել Բեռլուսկոնիի հերքումը, թե այդ ամենը կազմակերպել է իր քաղաքական հակառակորդը:

Այն, թե ինչ արժեն քաղաքական առաջնորդների ժպիտներն ու սիրալիր պատասխաններն ընտրողներին, որքանով են անկեղծ նրանք, օրեր առաջ ցույց տվեց քաղաքավարության հայրենիքի` Մեծ Բրիտանիայի` արդեն նախկին վարչապետ Գորդոն Բրաունը: Իսկ ի՞նչ էր պատահել: Ընտրություններից առաջ վարչապետ, լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բրաունը, սիրալիր պատասխանելով իրեն մոտեցած տարեց տիկնոջ հարցերին, նստեց իր ավտոմեքենան: Եվ մոռանալով չանջատված բարձրախոսի մասին՝ վերջինիս «ցնդած պառավ» անվանեց, հայհոյեց եւ թիկնապահներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էին վերջինիս այդքան մոտ թողել: Դա լսեցին բոլորը: Աննախադեպ սկանդալից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետն ատելի այդ կնոջից անձամբ ներողություն խնդրեց: Ի դեպ, տիկինը նրան չներեց: Ըստ բրիտանացի փորձագետների` այս պատմությունը եւ՛ս անդրադարձավ լեյբորիստներին տրվելիք ձայների վրա:

Սակայն սիրային արկածների թեմայով պատմությունները ողողել են ո՛ղջ համացանցը: Թուրքական «Vakit» թերթի ինտերնետային կայքում տեղադրված էր տեսանյութ, ուր թուրքական ամենամեծ ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը եւ նույն կուսակցության անդամ, բարեբախտաբար, կին պատգամավորը միմյանց սիրում են: (Թեեւ կայքում կատարվածը հնչում է խիստ նատուրալիստական` սեռական հարաբերություն են ունենում): Եվ այդ ամենը նկարահանվում է թաքնված տեսախցիկով: Ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակությունն իր առաջնորդից նման բան չէր ակնկալում: Բայքալը հրաժարական է ներկայացնում, այնուամենայնիվ, շառագունելով արդարանալով, թե դա իր քաղաքական հակառակորդի` Թուրքիայի վարչապետ Էրդողանի ձեռքի գործն է: Էրդողանը հրաժարվում է ընդունել իր մեղքը:

Ժամանակին նույն պատմության մեջ հայտնվեց ԱՄՆ երբեմնի նախագահ Բիլ Քլինթոնը: Իսրայելի նախագահը եւս անբասիր վարքով աչքի չի ընկնում. նրան պարբերաբար մեղադրում են մե՛կ` կոռուպցիայի, մե՛կ` անբարո վարքի համար: Աշխարհի աչքի առաջ նախագահ դառնալու շեմին, նախագահի թեկնածու Սարկոզին ամուսնալուծվեց եւ կնության առավ գեղեցկուհի Կառլա Բրունիին: Հայաստանյան իշխանավորների կամ քաղաքական, օլիգարխիկ շրջանների առաջին դեմքերի արկածների, տարօրինակ հակումների մասին մամուլում մեկ-երկու անգամ գրվեց: Սակայն մեր մենթալիտետը, «բնական ամոթխածությունը» թույլ չեն տալիս հրապարակային հետաքրքրության առարկա դարձնել բոլորին հայտնի մոլությունները: Մի քանի ամիս առաջ, երբ անհասկանալի պատճառով հրաժարական տվեց Սպորտի եւ երիտասարդության նախարարը, մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որոնք ակնարկում էին նախարարի ինչ-ինչ թուլությունների մասին: Կուսակցական ընկերները դրանք հրապարակայնորեն չհերքեցին: Հայ հասարակությանն այդ փոքրիկ տեղեկությունը բավական էր: Հավելյալ մանրամասներ իմանալու անհրաժեշտություն, ըստ էության, չառաջացավ: Նախարարը պարզապես լուռ հեռացավ: Հետաքրքիր է, որ նման պատմությունների սիրահար են արեւմտյան, եվրոպական զարգացած երկրներում: Չկան հրապարակումներ, որոնք դատապարտում են թաքնված տեսախցիկներով շրջող հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին: Ի վերջո, դաստիարակված եւ ոչ մի մարդ իրեն թույլ չի տա բանալու ճեղքից ներս նայել: Սակայն մարդկանց հետաքրքրությունը նման նուրբ պատմությունների հանդեպ այնքան մեծ է, որ ուրիշի բարոյական անկումը դռան ճեղքից դիտելու հաճույքը մեծահոգաբար համարվում է ճշմարտությունն իմանալու ցանկություն: