Մայիսի 11-ին Ստրասբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին: Նախարարների կոմիտեի նիստին մասնակցել են ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները: Օրակարգում ներառված են եղել Եվրոպայի խորհրդի գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ-Եվրոպական Միություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացումը, այլ հարցեր: Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, նստաշրջանում ունեցած ելույթում Է. Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել կազմակերպության բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը, այդ թվում՝ հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությունների միջոցով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Է. Նալբանդյանն ասել է. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավելի հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչեւ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրեւ թե ընդունում են այն` որոշ բացառություններով: Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունը, ու օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար: Ելնելով նախորդ տարիների փորձից, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը՝ հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, ապակառուցողական են: Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին, Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի Նախագահի նախաձեռնությունն էր՝ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները եւ ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմբռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ եւ աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ, եւ փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, եւ այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»: