Քննությունները` հունիսի 1-ից

12/05/2010

Միասնական քննություն հանձնելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացն արդեն ավարտվել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում երեկ ասել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը: Այսպիսով, այս տարի դիմորդների թիվը կազմել է 17.665՝ անցյալ տարվա 19164-ի դիմաց: Այս ցուցանիշի մեջ ընդգրկված են նաեւ ԼՂՀ-ից դիմորդները: Մանուկյանը նշել է, որ Երեւանում դիմորդների թիվը կազմել է 6160: Մայրաքաղաքից հետո դիմորդների թվով Շիրակի մարզն է, իսկ դիմորդների ամենափոքր թիվը գրանցվել է Վայոց Ձորում: Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1-ին։ Այդ օրը շրջանավարտները կհանձնեն քննություն աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից: Հունիսի 4-ին շրջանավարտները կհանձնեն հայոց լեզու եւ գրականություն, 8-ին` ֆիզիկա, 11-ին` օտար լեզու, 15-ին` մաթեմատիկա, 19-ին` քիմիա եւ հայոց պատմություն: Վերջին քննությունը՝ ռուսաց լեզու առարկայից, կանցկացվի հունիսի 23-ին: