Հրապարակեք վարկառուների ցուցակը

12/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Սկսած 2008-ի վերջից, Հայաստանը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավեց մոտ 1,5 միլիարդ դոլարի չափով վարկային ռեսուրսներ: Դրանց մի մասն ուղղվեց բյուջեի դեֆիցիտի ծածկմանը, մի մասը` շինարարության ոլորտ, մի մասն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ցածր տոկոսադրույքով տրամադրվեց փոքր եւ միջին բիզնեսին:

Համենայն դեպս այդպես բազմիցս հայտարարել են թե վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ թե Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իրականում այնքան էլ պարզ չէ, թե փոքր եւ միջին ձեռնարկատերերից քանիսի՞ն բաժին հասավ արտերկրից ներգրավված վարկային միջոցներից: Նախորդ տարի, երբ Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 500 միլիոն դոլարի չափով վարկ, ֆինանսական ոլորտի ղեկավարները հայտարարեցին, որ այդ վարկի մի մասը եւս նախատեսված է ճգնաժամային տարում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Այս հայտարարությունից ոգեւորված` տասնյակ ձեռնարկատերեր իրենց բիզնես ծրագրերով ներկայացան ՓՄՁ ԶԱԿ` ռուսական վարկից իբր ցածր տոկոսադրույքով գումար վերցնելու համար: Այդ ընկերություններին ներկայացվող պահանջներն այնքան անիրատեսական են, որ, ծանոթանալով դրանց, միանգամից պարզ է դառնում, որ մեր խեղճուկրակ ՓՄՁ-ները դրան հավակնելու շանս չունեն: Փոխարենը, այդ վարկը, թերեւս, հաջողությամբ ծառայում է խոշորների բիզնեսի հզորացմանն ու այլ ոլորտների մեծածավալ ներդրումներին: Տասնյակ ընկերություններ, դեռեւս նախորդ տարվա մայիսից հույսով սպասում են, որ ՓՄՁ ԶԱԿ-ը մի օր կբարեհաճի պատասխանել իրենց` կարո՞ղ են ռուսական վարկից գումար ստանալ, թե՞ ոչ: Իսկ քանի որ պատասխան չկա, ապա հեշտ ու հանգիստ կարելի է պատճառաբանել, իբր, դիմումը չի մերժվել, այն դեռեւս ուսումնասիրման փուլում է: Չնայած ռուսական վարկը բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձավ, հնչեցին քննադատություններ այն մասին, որ անհասկանալի է, թե այդ գումարը ում բաժին հասավ, կառավարության անդամներից որեւէ մեկը հարկ չհամարեց անդրադառնալ այդ թեմային ու մասնավորեցնել, թե ովքեր են վարկավորվել եւ ինչ գումարի չափով:

Իսկ արդյո՞ք Ազգային ժողովի պատգամավորները, ովքեր հաստատել են այդ վարկերի պայմանագրերը, որեւէ անգամ հետաքրքրվել են, թե վերջապես ովքեր են այդ գաղտնի վարկառուները, եւ իսկապե՞ս դրսից ներգրավված գումարները ծառայում են մեր տնտեսության զարգացմանը: Մեզ հետ զրույցում անկուսակցական Լյովա Խաչատրյանն ասում է. «Ոչ միջին ու փոքր բիզնեսի զարգացման վարկ եմ տեսել, ոչ էլ նենց մարդ եմ ճանաչում, որը նման վարկ է ստացել: Մի անգամ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, Ֆինանսների նախարարին այդ մասին հարց ուղղեցինք: Թող ցանկը հրապարակեն, թե էդ ում են վարկ տվել, էդ ինչ փոքր ու միջին բիզնեսին ուղղված վարկ է, որ ոչ մեկս դրա մասին տեղյակ չենք: 5 հոգի ենք ապրում էս երկրում, բոլորս իրար ճանաչում ենք, մի հատ պարզենք, տեսնենք, էդ վարկը վերցնողն ի՞նչ արդյունք է ունեցել: Ասեցինք՝ թող անուն-ազգանունով, հորով, պապով գրեն, որ տեսնենք՝ նման վարկ էս երկրում ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ չէ: Անձամբ ես տենց վարկ չեմ տեսել, տենց մարդ էլ չկա, որ վարկ է վերցրել»: Պատգամավորը հավելում է նաեւ, որ, չնայած տեւական ժամանակ է անցել, բայց այս հարցադրմանը որեւէ արձագանք չկա: ՓՄՁ-ների վարկավորման հետ կապված ցանկացած հարցադրում սովորաբար մնում է անպատասխան, կամ հնչում են լղոզված ու ընդհանրական պատասխաններ: Փոխարենը՝ ամսեամիս ավելանում է մեր երկրի արտաքին պարտքը, որն այս տարեվերջին կհատի մոտ 4 միլիարդ դոլարի սահմանը (ՀՆԱ-ի 46,5 տոկոսը): Իսկ այդ հսկայական պարտքը, բնականաբար, մարվելու է վարկը փոշիացնելու հետ ոչ մի կապ չունեցող շարքային քաղաքացու ու նաեւ աջակցություն չստացած տեղական փոքր արտադրողի հաշվին: