«Հայաստան-2020» ծրագրի Համակարգող խորհրդի անդամ, ԱՄՆ «Flagship
Ventures» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը
համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանի զարգացման չորս տարբեր
սցենարներ: Այդ սցենարներից գոնե մեկն իրականություն դարձնելու դեպքում,
ըստ Ն. Աֆեյանի, Հայաստանը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել:
– Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների միջեւ ընթացող մրցակցությունը
հիմնականում քաղաքական է: Մրցակցությունից դուրս է մնում այն
կազմակերպությունը, որտեղ իշխանության այս կամ այն ներկայացուցիչն ունի իր
մասնաբաժինը: Ձեր ծրագիրը սրան լուծում ունի՞:
– Այդ պրոբլեմի լուծումը, վստահ եմ, մի օր լինելու է, բայց այն շատ դժվար
է լինելու: Մեր ծրագիրը ոչ թե լուծում է նման պրոբլեմները, այլ մատնանշում
է այն ճյուղերն ու ներուժը, որտեղ հնարավոր է զարգացում ապահովել: Դյուրին
լուծում չունի այդ խնդիրը, բայց կարող ենք գոնե մի քանի ոլորտներում
թափանցիկ մրցունակություն ապահովել, որպեսզի մյուսների համար օրինակելի
դառնանք: Կարծում եմ, առաջիկա առնվազն 5-10 տարիների ընթացքում այդ հարցը
լուծում չի ստանա:
– Տնտեսության խոշոր ոլորտները Հայաստանում մենաշնորհային կարգավիճակ
ունեն: Մեզանում կա, այսպես ասած, օլիգարխիա, որը միաձուլվել է
իշխանությունների հետ:
– Չեմ կարծում, թե այդ խնդիրները կարող եք լուծել առանց նոր գործերի սկիզբ
դնելու: Օրինակ, տուրիզմի կամ ՏՏ-ի ոլորտում: Պետք է մի քանի
ընկերություններ միավորվեն ու այս ոլորտները զարգացնեն: Այդ խնդիրն
օրենքով, դաս տալով, թելադրանքով չի լուծվելու: Պետք է որոշ կոնկրետ
քայլեր նախաձեռնել, որից հետո լավացնել բենզինի կամ այլ ոլորտներում տիրող
իրավիճակը: Նման իրավիճակը կարող է դանդաղեցնել մեր ծրագրի իրագործումը,
բայց, չեմ կարծում, թե պետք է մեր ծրագիրը դադարեցնել, որովհետեւ մենք
կարող ենք մասամբ այն իրականացնել նաեւ այս պայմաններում:
– Շատերի դիտարկմամբ, Հայաստանում իշխանափոխությունը կարող է լուծել այդ խնդիրը եւ քանդել կոռուպցիայի շղթան:
– Չկա որեւէ փաստ, որը կարող է մեզ նման հետեւություն անելու
հնարավորություն տալ: Որեւէ երաշխիք չկա, որ եթե ներկա իշխանությունները
փոխվեն ու այլ իշխանություն գա, նրանք նույն ձեւով չեն առաջանալու:
Ընդհանրապես, ընտրությունների ժամանակ մարդիկ ցանկանում են նման խոսքերով
փոփոխություններ մտցնել, սակայն նոր մարդիկ էլ նույն բաներն են անում:
Այնպես որ, դա ինձ վստահություն չի ներշնչում: Ինձ համար շատ ավելի
ընդունելի է, երբ համազգային ցանկություն կա, եւ մարդիկ պատրաստ են
խոսելու նման խնդիրների փոփոխությունների մասին, քան կառավարություն
փոխելով՝ հուսալ, որ նորերը նույն բաները չեն անելու:
– Շատերը խուսափում են Հայաստանում խոշոր ներդրումներ անել, քանի դեռ լուծված չէ ԼՂՀ հիմնախնդիրը:
– Որոշ առումով, կարծում եմ, ԼՂՀ հակամարտությունը կազդի Հայաստանի
տնտեսության վրա: Մեր ծրագիրն ավելի շատ զարգացման մասին է, եւ եթե մենք
կարողանանք կառավարության հետ աշխատել նման խնդիրների շուրջ, բավական
արդյունավետ կլինի: Եթե ԼՂՀ հիմնահարցը լուծվի՝ շատ ավելի լավ կլինի, բայց
չենք կարող ասել, թե քանի այդ հարցը կա, Հայաստանում ներդրումներ չենք
կարող ունենալ: