Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակը առիթ հանդիսացավ, որ կառավարությունը որոշի վերջապես առաջնահերթության կարգով փոխհատուցել գոնե պատերազմի վետերանների ավանդները:
Հայաստանում հաշվառված 3649 վետերանների գումարները վերադարձնելու համար պետբյուջեից կհատկացվի մոտ 900 միլիոն դրամ: Նշենք, որ Խորհրդային բանկերին պահ տված յուրաքանչյուր 1000 ռուբլու դիմաց ավանդատուն կստանա 84 հազար դրամ: Նկատի ունենալով, որ պատերազմի մասնակիցների միջին տարիքը գերազանցում է 86-ը, կառավարության այս նախաձեռնությունը իսկապես կարելի է համարել տեղին: Մանավանդ որ, ինչպես որոշել է կառավարությունը, ավանդները միայն տվյալ անհատի սեփականությունն են հանդիսանում եւ ժառանգության իրավունքով չեն փոխանցվում հարազատներին: Համարենք, որ 3649 վետերանների բախտը ինչ-որ տեղ բերել է, գոնե այն առումով, որ այդ տարիքում կարող են վայելել տարիների իրենց վաստակը: Սակայն անհավասար իրավիճակում հայտնվեցին այն վետերանները, ովքեր ժամանակին պետությունից գնել են գանձապետական պարտատոմսեր եւ արժեթղթեր: Դրանք մարդկանց վաճառելով, պետությունը պարտավորություն է ստանձնել, բացի ամսական տոկոսադրույքների վճարումից, պարտատոմսի տիրոջը որոշակի ժամանակ հետո վերադարձնել դրա անվանական արժեքը` գումարի կամ գույքի տեսքով: Հայտնի է, որ պետական պարտատոմսերը ենթակա են փոխհատուցման առաջնահերթության կարգով, քանի որ պարտապանը հանդիսանում է անմիջապես պետությունը եւ ոչ առեւտրային բանկերը: Իսկ պետությունը պարտատոմսերի վաճառքից ստացված գումարով հիմնականում ծածկում է բյուջեի դեֆիցիտը:
Բացի սերտիֆիկատներից եւ պետական պարտատոմսերից, վետերաններից շատերը նաեւ ժամանակին վճարել են պետությանը` որոշակի գույք ձեռք բերելու համար: Քանի որ խորհրդային տարիներին ազատ վաճառքում դժվար էր գտնել թանկարժեք ավտոմեքենա, կահույք կամ ոսկյա իրեր, հարյուրավոր քաղաքացիներ «Հայխնայբանկում» վճարել են դրանց արժեքը ու ստացել հավաստագրեր` տվյալ իրը որոշակի ժամկետում ստանալու վերաբերյալ:
Սակայն, իրերը, որոնց դիմաց արդեն վճարվել է, նրանք չեն ստացել, իսկ գումարն էլ` հետ չի վերադարձվել: Այս գումարները եւս գանձել է «Հայխնայբանկը», այսինքն՝ նույն բանկը, որտեղ ներդրվել են մարդկանց ավանդները: Հիմա պետությունը պարտավորություն է ստանձնել վերադարձնել ավանդները, իսկ առաջնահերթություն հանդիսացող պարտատոմսերի կամ հավաստագրերի վերաբերյալ ոչ մի խոսք չկա: Բազմաթիվ մարդկանց անհանգստացնող այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել ՀՀ Ֆինանսների նախարարությունից, քանի որ հենց վերջինս է հանդիսանում ավանդների վերադարձի վերաբերյալ նախագծի հեղինակը: Նախարարությունից տեղեկացրեցին, որ որոշվել է փոխհատուցել միայն 1993 եւ 1994 թվականներին թողարկված գանձապետական փոխառությունների դիմաց: Այն տրամադրվում է պետության կողմից` «ՎՏԲ Հայաստան» բանկի միջոցով: Ինչ վերաբերում է մինչ 1993 թվականը գնված փոխառություններին, ապա այս պահին դրանց վերաբերյալ որեւէ հայեցակարգ կամ որոշում չկա: Նախարարությունից խոստացան առաջիկայում տրամադրել լրացուցիչ տեղեկություն, թե արդյո՞ք նախատեսվում է դրանց վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկել: