Եվրոպական հարեւանության քաղաքականության ամենամյա զեկույցները վերստին ի ցույց են դնում Եվրոպական Միության կողմից հարեւաններին տրամադրվող առավելությունները:
Հինգ տարի է, ինչ Եվրոպական Միությունն ապահովում է առեւտրի եւ օժանդակության ծավալների ավելացում, ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացում եւ տնտեսական, քաղաքական ու բազմաթիվ ոլորտային բարեփոխումների շրջանակում ԵՄ-ի եւ հարեւանների միջեւ համագործակցության զգալի սերտացում: Ինչպես նշված է Եվրահանձնաժողովի երեւանյան գրասենյակի երեկ տարածած հաղորդագրության մեջ, ԵՄ-Հայաստան գործընկերությունն էապես խորացել է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը, հետազոտությունները, առողջապահությունը եւ կրթությունը: Գործընթացին սատարել է ընթացիկ Ֆինանսական ծրագրի 32%-ով ավելացումը, որի շնորհիվ տարեկան ֆինանսավորման գումարը 2013 թվականին կհատի 2 միլիարդ եվրոյի սահմանագիծը: «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը հաջողության պատմություն է` համեմված տեղերում կոնկրետ ձեռքբերումների բազմաթիվ օրինակներով,- ասել է Հանձնաժողովի փոխնախագահ եւ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Միության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը,- Մենք, սակայն, կարող ենք եւ պետք է շատ ավելին անենք` աշխարհի մեր մասը դարձնելու ավելի անվտանգ, կայուն եւ բարեկեցիկ: Գլոբալացվող աշխարհում մեզ` որպես եվրոպական եւ միջերկրածովյան երկրների, անհրաժեշտ է օգնել միմյանց` դիմակայելու տնտեսական ճգնաժամը: Անհրաժեշտ է աշխատել միասին` դիմագրավելու արդի նոր սպառնալիքները եւ մարտահրավերները, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, մարդկանց թրաֆիքինգը եւ անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը: Մեզ անհրաժեշտ է համագործակցել` լուծելու մեր տարածաշրջանի ընթացքը կասեցնող եւ շատերին գլոբալացման բարիքներից զրկող վեճերը եւ հակամարտությունները: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարեւանները սատարեն աշխարհի այլ` մեզանից պակաս բարենպաստ իրավիճակում գտնվող տարածաշրջաններում նույնպես խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու մեր ջանքերը: Որպես ընդհանուր արժեքների հիման վրա կառուցված Միություն` մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարեւանները վայելեն բաց եւ ժողովրդավար հասարակարգի եւ իրավունքի գերակայության պայմաններում առաջացող կայունության եւ բարեկեցության պտուղները: Հավակնոտ այս օրակարգն ինձ համար գերակա ուղղություն է Լիսաբոնյան համաձայնագրի իրագործման եւ Արտաքին գործողությունների ծառայության ստեղծման մեր հետագա աշխատանքներում: Եվրոպայի առավել ակտիվ, միահամուռ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության առաջին շահառուներից են լինելու եվրոպական եւ միջերկրածովյան հարեւանության մեր բարեկամները»: Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ավելացրել է. «ԵՀՔ-ի հետագա հզորացումը նույնչափ կարեւոր ներդրում է ԵՄ-ի կայունության եւ բարեկեցության մեջ, եւ դա պետք է արտացոլված լինի մեր կողմից մեր գործընկերներին ներկայացվող առաջարկում: ԵՀՔ-ն խաղ է, որի բոլոր մասնակիցները հաղթանակած են դուրս գալիս. որքան ավելի մեծ են մեր գործընկերների բարեփոխումների հավակնությունները, այնքան ավելի ուժեղ է մեր արձագանքը: Տնտեսական բարեփոխումների զգալի առաջընթաց է արձանագրվել մեր հարեւանության շրջանում` թե Արեւելքում, թե Հարավում: Ապագայում հույժ կարեւոր է, որպեսզի մեկ աստիճան վեր բարձրացվեն ժողովրդավարական եւ քաղաքական այն բարեփոխումները, որոնց գծով արձանագրվել է իրական, սակայն, ընդհանուր առմամբ, ավելի դանդաղ առաջընթաց»: