Նկարիչների միության 2-րդ հարկում ներկայացվել են գեղանկարիչներ Համլետ Հովսեփյանի, Վարդան Թովմասյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի, Արթուր Սարգսյանի, Ֆելիքս Եղիազարյանի եւ Գագիկ Ղազանչյանի գործերը:
Աբստրակտ ու ֆիգուրատիվ արվեստի համադրումն արտառոց հոգեթերապիա է: Նկարիչների այս խումբը ցուցահանդեսի սիմվոլիկ խորագիր է ընտրել` «Հայաստանի գույները» պայմանական անվանումը, որի հետ կարելի է «խաղալ», քննարկել, խճճվել, մոլորության մեջ հայտնվել, գտնել կամ չգտնել Հայաստանի գույների միֆը: Նկարիչների գործերին նայելով, կարելի է պտտվել ամբողջ տիեզերքով, այնուհետեւ բախվելով սկզբի ու վերջի հանգույցին` գիտակցել, որ Հայաստանի գույների գաղափարն ազգայնացված սինդրոմներից հերթականն է: «Հայաստանի գույներ» խորագրով ցուցահանդեսի հեղինակները գույները տեղայնացնելու կարծրատիպը ջարդելու միտում ունեն: Գույնի սահմանումը պայմանականություն է, իսկ իրողությունը` տիեզերական արժեք: Լինելով նացիոնալիստ՝ մենք հաճախ բնության պայմանականությունները յուրացնում ու աշխարհին ներկայացնում ենք իբրեւ ազգային արժեք: Օրինակ, «Հայաստանի գույներ» խորագիրն ընտրելով` նկարիչների այս խումբն անհատական գործերով վերարտադրել է գույնի մեջ աշխարհընկալումն ու ճիշտ հակառակը` աշխարհընկալման մեջ գույնը: Եթե հաշվի առնենք, որ նկարիչն ինչ-որ տեղ արարիչ է` պետք է ընդունել, որ նրա «տարածության» մեջ տաբուներ չկան, հետեւաբար` չկան նաեւ ազգային ու ապազգային գույներ: Նկարչի իդեոլոգիան կատարումն է, իսկ երբ կատարման ընթացքում գույների օգնությամբ վերարտադրվում է ներսում կուտակված միտքը, ուրեմն` ինչպես Վահան Ռումելյանը կասեր` պայթուցիկ նյութ է: «Հայաստանը հատուկ գույն չունի: Նույն հաջողությամբ կարող էր Հայաստանը սեւ գույնի սիմվոլն ունենալ: Մեզ մոտ ընդունված է Հայաստանն, ասենք, ասոցիացնել ծիրանի հետ ու ծիրանագույնն ընդունել իբրեւ ազգային գույն: Ինձ համար էդպես չի. գույնը տեղայնացնելը մարդկային երեւակայության արդյունք է: Մեզ մոտ սեւը սգի գույնն է, բայց, օրինակ, Ճապոնիայում ոչ թե սեւը, այլ` սպիտակն է համարվում սգի գույն: Հոգեբանական բարդույթ, մտածելակերպ է, երբ սեւը կապում են խավարի, դժոխքի հետ: Ինձ համար բոլոր գույներն էլ կարող են լինել Հայաստանի գույնը, ստերեոտիպ չկա, որ Հայաստանի գույնը լինի ազգային սիմվոլ: Ո՞վ ասաց, որ նուռը` կարմիրը, կամ խաղողը Հայաստանի սիմվոլն են, սուտ, սարքած բան է: Մոլդովայում էլ է խաղող աճում ու շատ էլ լավ խաղող է, բայց էնտեղ խաղողը չեն դարձնում ազգային սիմվոլ: Բոլոր գույներն էլ հայկական ու աշխարհի գույներն են: Նայած թե արվեստագետը ո՞նց է այդ գույներն իր մեջ ֆիլտրում ու ստեղծագործության մեջ արտահայտում»,- ասում է Վահան Ռումելյանը` վստահեցնելով, որ յուրաքանչյուր գույն ունի իր բնավորությունն ու առանձնահատկությունը: Գույնի միջոցով կարելի է ընկալել մարդու հոգեբանական էությունը, հետեւաբար՝ գույնի կշիռը հասկանալու համար կարելի է անվերջ թեորիաներ ու թեզեր «պեղել»: Մինչդեռ գույների խորությունը վարպետորեն համադրողի` նկարչի մասին խոսել ցանկացողներն, ըստ Վ. Ռումելյանի` քիչ են: Նկարիչը մի քիչ էլ քիմիկոս է, տիրապետում է գույների տեխնիկային, գտնում է գույների ճիշտն ու այդ ճիշտը հաճախ դառնում է պայթուցիկ նյութ, որովհետեւ դրա մեջ նկարիչը «ներմուծում» է փիլիսոփայություն, գրականություն, երաժշտություն: Սրանք առանձին, բայց փոխկապակցված, ամբողջական գաղափարներ են. «Այդ պայթուցիկ նյութը շարունակական է, պրոցեսը գնում է: Մշակութային, քաղաքական, տնտեսական խնդիրներ է լուծում: Եթե Ազգային ժողովից կամ տնտեսական ոլորտից մարդ է գալիս ցուցահանդես, ուրեմն` նյութը տարածվում, դառնում է քաղաքական, տնտեսական ասպեկտ: Մարդկային հարաբերությունների հետ գործ ունի, որովհետեւ եթե այդ պայթուցիկ նյութը մտնում է մարդկային հարաբերությունների մեջ` մենակ շփումը բավական է, որ մարդու մեջ արվեստի քամի մտնի: Քաղաքական, տնտեսական գործիչներն ամեն քայլափոխի չգիտակցելով շփվում են արվեստի հետ: Օրինակ` հիմա մենք խոսում ենք` մենք շփվում ենք արվեստի հետ, որովհետեւ իմ ներքին կուլտուրան փոխանցվում է քեզ: Իսկ եթե քաղաքական գործիչը չի շփվում արվեստի հետ` իզոլյացվում է եւ շատ նեղ մտածելակերպ է ունենում: Արվեստի ճանապարհը հետաքրքիր, լայնածավալ է, կլանում է կյանքի քաղաքական, տնտեսական, հասարակական էլեմենտները, այս բոլորը պարփակված են արվեստի մեջ»,- արվեստի ուժը գնահատելու իր մոտեցումն այսպես է ներկայացնում Վ. Ռումելյանը, ով նկարչին համարում է գույնի վարպետ: Գույնը մարդկության պատմության մեջ մարդու հոգու վրա ներազդելու դիպուկ ֆրագմենտ է: Այնպես, ինչպես բառը, որն արտահայտելիս երբեմն դրա կշիռը թերագնահատելով՝ մարդուն կարելի է դարձնել հոգեզուրկ ու տրավմատիկ: Նկարիչը վարպետորեն համադրելով միտքն ու գույնը՝ կարող է մարդու հոգին բուժել, քանի որ հաճախ երանգների վիզուալ ներդաշնակությունը լցնում է մեր ներաշխարհում տիրող ջղաձիգ դատարկությունը: Գույնի գիտակներն այս դեպքում կարողանում են «մոգական» տարածություն ստեղծել մարդու հոգու ու կտավի միջեւ. «Գույնը նաեւ զգայական իրավիճակի արտացոլանք, տրամադրություն ու զգացմունք է, որը նկարիչը դնում է մակերեսի վրա: Դա համապատասխանում է մեր երկրի, միջավայրի հետ ու բոլոր դրական, բացասական էներգիաների ազդեցությունը կրելով` նկարիչն իր մեջ ֆիլտրում, դարձնում է ստեղծագործություն ու տալիս է կտավին»: Գույնի ուժն ու խորությունը մարդը հաճախ չի գիտակցում, հետեւաբար՝ գույնի միջոցով կարելի է մարդուն սթրեսի մեջ գցել, եւ հակառակը` սթրեսից հանել, տրամադրություն հաղորդել եւ այլն: «Արվեստագետի մեծությունն էլ դրանում է կայանում, որ գույների միջոցով մարդու հետ չխաղա, այլ ստեղծի հարմոնիա: Արվեստագետը կարող է կեղտը դարձնել ներդաշնակ, փայլուն մի առարկա: Այսինքն` գեղեցկացնելու, էսթետիկա ստեղծելու ունակությամբ օժտված մարդիկ են արվեստագետները: Այնպես որ` իզուր չեն արվեստագետներին համեմատում Աստծո հետ, ռուսներն ասում են` «ոՏՋպրՑՉպվվօՌռ ւցՊՏՋվՌՍ»: Արվեստագետը արարող, ստեղծող է…»,- ասում է Վ. Ռումելյանը, ում հետաքրքիր խառնվածքը, մինչեւ անգամ բառախաղերը, սարկազմը, մտքերն այնքան թափանցիկ ու բազմաշերտ են, որ կարելի է անվերջ վերլուծել ու շփվելով նրա «ներքին կուլտուրայի» հետ՝ ընկալել «պայթուցիկ նյութի» էներգետիկան: Ընդհանրապես Վ. Ռումելյանը նկարիչներին համարում է կախարդներ, քանի որ, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից շատ «գիգանտ» նկարիչների գործեր մարդկությանը հմայել են:
«Չգիտակցված ցուցահանդեսներն ինձ չեն խանգարում»
Վարդան Թովմասյանն անհանգիստ, շարժուն, որոնող ու հետախույզի «քիմքով» նկարիչ է, ում մատներն անգամ չնկարելիս առերեւույթ նկարում են: Այս ցուցահանդեսը, որը Հայաստանից շուտով պիտի տեղափոխվի Մարսել, նա համարում է ինտելեկտուալ ցուցահանդես: «Չինտելեկտուալ» ցուցահանդեսներ, անշուշտ, լինում են, բայց նկարչին դա ամենեւին չի խանգարում. «Խոսքը գիտակցված եւ չգիտակցված լինելու մասին է: Այսինքն` մի պարագայում նկարիչը գիտակցում է, թե ինչ է անում եւ ինչ պիտի անի, ծրագրերն ու նպատակները հաստատուն են, ինչը ես համարում եմ ինտելեկտուալ ցուցահանդես: Իսկ մյուս պարագայում, երբ նկարիչը նկարչության ու ծրագրերի մասին պատկերացումներ չունի, թերահավատ է` չգիտակցված նկարչություն, ոչ ինտելեկտուալ ցուցահանդես է անում: Մենք ապրում ենք քաղաքակրթության պայմաններում եւ չենք կարող նորից հեծանիվ հորինել, իսկ գիտակցված արվեստը մշտապես ինքն իրեն սնում, տրանսֆորմացիայի է ենթարկում եւ զարգանում է: Այս ցուցահանդեսում նկարիչներն իրենց պատկերացումներն ունեն որոշակի արվեստի մասին, գիտակցում են՝ ինչ պետք է անեն եւ ինչու անեն, ինչպես նաեւ՝ տեսնում են իրենց նպատակները»: Վ. Թովմասյանը նորմալ է համարում հասարակության անտարբերությունն ինչպես չգիտակցված, այնպես էլ` գիտակցված ցուցահանդեսներին: Ամեն դեպքում, այդ վերաբերմունքը նրան չի խանգարում, այլ հարց է, որ ինտելեկտը ճիշտ մատուցելու խնդիր կա: «Սպառողի գիտակցությունը պիտի բարձրանա: Անտոն Բրուկների սիմֆոնիան լսելով՝ հաճախ մենք ոչինչ չենք հասկանում, բայց նորից լսում ենք, փորձում ենք բարձրանալ, հասնել նրա ինտելեկտին եւ յուրացնել: Նրա սիմֆոնիան հսկայական էպոխա է, որը ցանկանում ենք վերապրել: Նույնն էլ նկարչությունն է… պետք է աշխատանք տարվի, որպեսզի սպառողն ունենա մի մակարդակ, որի միջոցով մենք կոնտակտ կունենանք: Ի զորու լինի վերապրել այն, ինչն իր ստեղծագործություններով վերապրել է նկարիչը»,- ասում է Վ. Թովմասյանն, ով հասարակության մեջ առկա բացասական երեւույթներին նորմալ է վերաբերվում` գիտակցելով, որ համապատասխան աշխատանքի արդյունքում կարելի է մարդկանց մեջ արվեստ ներարկել:
Նկարիչ Գարիկ Կարապետյանը նախանձելի խաղաղ ու հավասարակշռված մարդ է: Յուրաքանչյուր նեգատիվ երեւույթի հետ բախվելիս` քննադատելու ու հայհոյելու փոխարեն՝ փորձում է գտնել դրա շարժառիթը: Կարեւորում է ինչպես մարդու, այնպես էլ` արվեստի գործի էներգետիկան ու աշխարհում կատարվող յուրաքանչյուր իրադարձության մեջ հոգեւոր դաշտի կարեւորությունը համարում է անգնահատելի: Գ. Կարապետյանը նման է «լուռ շրջմոլիկի», ով այս կամ այն կառույցի, ղեկավարների կախվածությունից ձերբազատվելու կամքի ուժ գտնելով՝ «անաղմուկ» հայտնվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ տարբեր երկրների գալերեաներում: «Չնայած ցուցահանդեսը կոչվում է «Հայաստանի գույներ», բայց այդ խոսքերի մեջ մենք կոնկրետ բան ենք տեսնում` գույները չի կարելի ազգայնացնել: Մեծ հաշվով գույներն ապազգային են: Հայ նկարիչների մոտ գունային զգացողությունները մի քիչ տարբեր են եւ վերնագիրն էլ սիմվոլիկ բնույթ է կրում: Ուղղակի ներկայացնում ենք հայ ժամանակակից արվեստը եւ, քանի որ նկարչությունը կապված է գույների հետ` դրված է գույներ անվանումը: Ցուցահանդեսը հետաքրքիր էր առաջին հերթին նրանով, որ ներկայացվում էր աբստրակտ եւ ֆիգուրատիվ նկարչություն, այսինքն` մի քիչ իրարից տարբեր նկարչություն, որի մեկտեղումը, կոնտակտը միեւնույն սրահում` մեկը մյուսին ավելի օգնեց, ընկալելի դարձրեց: Ելնելով մեր ժողովրդի մենթալիտետից, այսինքն` մերոնք սովորաբար անմիջապես չեն արտահայտում իրենց մտքերը, որոշ ժամանակ անց կունենանք արձագանքներ»,- ասում է Գ. Կարապետյանը, այնուամենայնիվ, ցուցահանդեսը շատերի համար որակելով որպես տոն:
Այս ցուցահանդեսը շուտով կտեղափոխվի Մարսել, եւ ցուցահանդեսի հեղինակները շնորհակալություն են հայտնում կազմակերպիչներին` «Հայ բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղին (նախագահ` Սահագ Կարաբեկյան), «Art Est Ouest» (Արվեստ-Արեւելք-Արեւմուտք)-Մարսել ասոցիացիային (նախագահ` Արտակ Կարապետյան), «Delta Culture» (նախագահ` Իրինա Մնացականյան), Վահե Գաբրաշին եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Ի դեպ, Մարսելում գործող «Art Est Ouest» («Արվեստ-Արեւելք-Արեւմուտք») ասոցիացիայի նախագահ Արտակ Կարապետյանը, ով իր գործունեությամբ պրոպագանդում եւ աշխարհին է ներկայացնում հայ արվեստագետներին, այս օրերին գտնվում է Հայաստանում: Շուտով Ֆրանսիան կնշի Մարսելի 100-ամյակը, որի շրջանակներում ասոցիացիան նախատեսել է միջոցառումներ իրականացնել: Մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք Մարսելում հայ համայնքի, ինչպես նաեւ ասոցիացիայի գործունեության մասին Արտակ Կարապետյանի հետ հարցազրույցը: