Տասնամյակ, որն «Օրրանի» հետ երբեւէ առնչված յուրաքանչյուր մարդու համար տոնի զգացողություն էր առաջացրել: Կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանը զարմանալի մարդ է, քանի որ նա իր սրտում բոլորի համար տեղ է հատկացրել ու դեռ մեծ տարածություն էլ «բացել» է «Օրրանի» ջերմության կարիքն ունեցող մարդկանց համար: Մեր քաղաքում կա մի տուն, որտեղ բոլորը` անօթեւան երեխաները, կարիքավոր միայնակ ծերերը, համբավ վայելող երգիչները, դերասանները, տնտեսական գործիչները, պետական պաշտոնյաներն ու լրագրողները` մոռանալով անձնական ու հասարակական ամբիցիաները, դառնում են բարեկամներ ու գտնում են հոգեկան ներդաշնակություն: «Օրրանում» բոլորը հավասար են, ու այնտեղ գերակա են մարդկային արժանիքները: Առհասարակ այս կենտրոնում հետաքրքիր մթնոլորտ կա, քանի որ ցանկացած այցելու «Օրրանում» իր տունն է գտնում: Հասարակական տարբեր շերտերի, ոլորտների ներկայացուցիչներին «Օրրանում» կապում է մի բան` մարդկային հարաբերությունները, ինչը կարծես թե մեր քաղաքում խաթարված ու վիրավոր է: Երեկ կենտրոնի տասնամյակի տոնակատարության ժամանակ հետաքրքիր բան նկատեցինք. բոլորն իրար շնորհավորում էին, ու տոնը ոչ թե «Օրրանինն» էր, այլ մեր քաղաքի հայտնիներինն ու ոչ այնքան հայտնի մարդկանցը: Այս բարեգործական կենտրոնը պաշտպանում է մեր քաղաքի կարիքավոր երեխաներին ու ծերերին, եւ գուցե դրա համար է, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պաշտպանության տոնը դարձնում է իրենը: «Օրրանի» տասնամյակի առիթով բացման խոսքեր հնչեցին տնօրենների խորհրդի անդամների, դեսպանների, հեղինակավոր մարդկանց կողմից, որոնք նույնքան ջերմ ու դրական էին, որքան կենտրոնի նախագահ Ա. Հովհաննիսյանի մարդկային տեսակն է` դրական ու «արեւոտ»: Իսկ ամենահուզիչն ու տպավորիչը կենտրոն հաճախող տատիկ-պապիկների ու երեխաների ելույթներն էին:
Ընդհանրապես մեր քաղաքում բարեգործությունը վերածվել է «ֆորմալ» ակցիայի: «Բարեգործություն» բառը դարձել է անարժեք գործողություն, որը կարեկցանքի, գթասրտության դաշտից տեղափոխվել է բավարարելու մարդկային փառասիրությունը: Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են մարդկանց արժանապատվությունը ոտնահարելով՝ թմբկահարում «բարեգործություն» անողների` իրենց ունեցվածքից աղքատներին բաժին հատկացնելու «մեծահոգությունը»: Բարեգործություն երեւույթը դարձել է խիստ մատերիալիստական, հնչեղ ակցիա, որը զուրկ է մարդկային արժեհամակարգի` գաղտնիության, չբարձրաձայնելու սկզբունքի տրամաբանությունից: Բարեգործությունն իրականում մարդուն սիրելն է, որն այսօր մեր իրականության մեջ դեֆիցիտ է: «Օրրանում» հանդիպում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են սիրել եւ ովքեր սիրո կարիք ունեն: Կենտրոն հաճախող կարիքավոր երեխաներն ու ծերերը սիրո պակաս ունեն, որը գալիս են լրացնելու հարուստ, հեղինակություն, պաշտոն ունեցող այն մարդիկ, որոնք նույնպես սիրելու ու մարդկանց մասին հոգ տանելու կարիք ունեն: Այստեղ բոլորն իրենց հոգու «բացը» լրացնում են յուրովի: Իսկ ընդհանրապես բարեգործությունն այն է, երբ ընկածին բարձրացնում են (թեկուզ խոսքով), սովածին կերակրում են եւ դա անում են նաեւ սեփական խղճի առաջ պատասխանատվության գիտակցումից:
«Օրրանն» արդեն 200-ից ավելի շահառու ունի
2000թ. հիմնադրված «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իր գործունեությունը մեկնարկել է` խնամքի տակ ունենալով 16 երեխա, մինչդեռ այսօր երեխաներն ավելի քան 140-ն են, իսկ ծերերը` 60-ը, որոնք հաճախում են ինչպես Երեւանի, այնպես էլ` Վանաձորի «Օրրանի» մասնաճյուղ: Լրացուցիչ ամսական 150 անձ եւս ստանում է օգնություն: «Օրրանի» առաքելությունն է` օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին` ներառելով նրանց կրթական, հոգեբանական, բժշկական, մշակութային եւ սոցիալական ծառայությունների մեջ: Երեխաների եւ ծերերի շրջանում կանխել եւ վերացնել մուրացկանությունը, աջակցել միայնակ եւ կարիքավոր ծերերին: Օգնել ճգնաժամի մեջ հայտնված ընտանիքներին: Հայտնաբերել եւ զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները եւ նրանց ուղղորդել համապատասխան ապագա մասնագիտություն: «Օրրանում» հետեւում են, որպեսզի որեւէ երեխա հանրակրթական ծրագրերից դուրս չմնա, ինչպես նաեւ կենտրոնն աջակցում է չափահաս երեխաներին, ովքեր ցանկանում են մասնագիտություն ստանալ եւ կրթությունը շարունակել բուհերում` վճարելով նրանց ուսման վարձը: Տարվա մեջ երկու անգամ յուրաքանչյուր երեխա «Դիագնոստիկ» կենտրոնում ամբողջական հետազոտություն է անցնում, իսկ կենտրոնի մանկաբույժը մշտապես հսկում է երեխաների առողջական վիճակը եւ հիգիենան, անհրաժեշտության դեպքում` դիմում համապատասխան մասնագետների: «Օրրանի» հոգեբանի անհատական եւ խմբային թերապիաների միջոցով երեխաներն ավելի հեշտությամբ են հաղթահարում ճնշվածությունը, դառնում մարդամոտ ու համարձակ: Մուրացիկ ու ծնողական խնամքից զրկված շատ երեխաների ու կարիքավոր մարդկանց «Օրրանի» ներկայացուցիչները գտնում են փողոցային շրջայցերի, պետական ու հասարակական տարբեր հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում: Բոլոր շահառուները բարերարների կողմից պարբերաբար օգնություն են ստանում` հագուստի, գրենական պիտույքների, սննդի տեսքով: «Օրրանում» գործում է ձեռարվեստի եւ փայտի գեղարվեստական փորագրության կենտրոն, որի գործունեության ընթացքում մասնագետները փորձում են գտնել եւ զարգացնել աշխատանքի հանդեպ երեխաների հետաքրքրությունները եւ տաղանդը: Ինչ վերաբերում է մշակութային դաստիարակությանը, ապա «Օրրան» հաճախող երեխաները նաեւ հնարավորություն են ունենում ճանաչել եւ գնահատել հայկական եւ համաշխարհային մշակութային ժառանգությունը: Լինելով ամառային ճամբարներում, այցելելով պատմական հուշարձաններ, թատրոններ եւ զվարճանքի վայրեր` երեխաները լիարժեք վայելում են իրենց մանկությունը եւ սովորում են լինել կոկիկ ու բարեկիրթ: