Ի՞նչ է Թուրքիայից բերելու Մեդվեդեւը

11/05/2010

Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Դատելով այցից առաջ մասնավորապես ՌԴ նախագահի հայտարարություններից ու քննարկվելիք հարցերի շրջանակից` այս այցից հետո ռուս-թուրքական հարաբերություններում արձանագրվելու է բավական շոշափելի «ջերմացում»` Հայաստանի համար դրանից բխող հետեւանքներով: Ակնհայտ է, որ Մեդվեդեւը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկելու է նաեւ Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցեր: Այդ մասին դեռեւս անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` նշելով, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումների օրակարգում ներառված են նաեւ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն ոչ ՌԴ-ի, ոչ Թուրքիայի եւ ոչ էլ առավել եւս Հայաստանի իշխանությունները դրա վերաբերյալ որեւէ պարզաբանում չեն ներկայացրել: Իրականում ՌԴ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը գոնե ֆորմալ առումով կարող է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ: Հակառակ դեպքում, դա վկայում է այն մասին, որ Թուրքիան արդեն ոչ ֆորմալ, սակայն բովանդակային առումով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային կողմ է համարվում: Այն, ինչին ձգտում էին Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի «նախաձեռնողական քաղաքականության» արդյունքում: Ի դեպ, հետաքրքիր է, որ Թուրքիա կատարելիք այցից հետո Մեդվեդեւը այցելելու է Հայաստան, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` Ադրբեջան: Գրեթե այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցերից հետո: