Մայիսի 8-ին, փաստորեն, Ռուսաստանը չկարողացավ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ի.Ալիեւը պարզապես հրաժարվեց Ս.Սարգսյանի հետ միասին մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ ընդհանրապես հանդիպել նրա հետ:
Ավելին, ԼՂՀ հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 11-12-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից էլ իր հերթին հրաժարվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ի դեպ, եթե Ի.Ալիեւն ուներ գոնե ադրբեջանական կողմի տեսանկյունից քիչ թե շատ տրամաբանական բացատրություն («թե Հայաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր մասնակցել են Շուշիի գրավմանը»), ապա նրա արտգործնախարարի պատճառաբանությունը կարելի է վիրավորանք համարել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահների ու նրանց երկրների նկատմամբ: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի ներկայացմամբ՝ Է.Մամեդյարովը չի կարող հանդիպել, որովհետեւ ծանրաբեռնված է: Դժվար է հիշել, թե վերջին շրջանում նման արհամարհական կեցվածք Ադրբեջանը երբ է դրսեւորել համանախագահների ու Հայաստանի հետ հանդիպումների պարագայում: Այդպիսով Ադրբեջանի նախագահը ակնհայտորեն ցույց տվեց, որ ինքը կարող է դեմ կանգնել Ռուսաստանին ու նրա ցանկություններին, իսկ նրա արտգործնախարարն ամբողջ աշխարհին հասկացրեց, որ իրենք իրենց պայմաններից հետ չեն կանգնի եւ, որ հայկական կողմի հետ հերթական հանդիպումը կարող է զիջումների գնալու տպավորություն ստեղծել: Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատրաստվում է Բրյուսելում հանդիպել համանախագահների հետ: «Տվյալ փուլում Մինսկի խմբի համանախագահներն ավելի շատ պետք է աշխատեն հայկական կողմի հետ, քանի որ, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, Երեւանը չի արտահայտել իր վերաբերմունքը Մադրիդյան նորացված սկզբունքների առնչությամբ»,- ասել է Է.Պոլուխովը: Եվ նրա ներկայացմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հաջորդ քայլը պետք է լինի հակամարտության կարգավորման համընդգրկուն պայմանավորվածության ձեռքբերմանը հասնելը: «Այդ պատճառով հայկական կողմը պետք է վերաբերմունք արտահայտի Մադրիդյան նորացված սկզբունքների առնչությամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն ընդունել է Մադրիդյան նորացված սկզբունքները, այդ փաստաթղթի մասին կարծիք հայտնելու հերթը Հայաստանինն է, ինչը մեր իշխանություններն առայժմ խուսափում են անել: Հարկ եղած դեպքում նրանք ընդամենը հայտարարում են, թե ԼՂՀ կարգավորման բանակցությունների հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Բայց ոչ մի խոսք` նորացված տարբերակի մասին: Հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքներն ի հայտ են եկել 2007-ի վերջին: Իսկ անցած տարվա հուլիսին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները բացահայտեցին Մադրիդյան սկզբունքների 6 կետերը, որտեղ առաջին կետը ԼՂՀ հարակից տարածքների վերադարձն է Ադրբեջանին: ԼՂՀ կարգավիճակի հարցի որոշումը գտնվում էր 4-րդ տեղում եւ պետք է որոշվի այդ տարածքների հանձնումից հետո: Մինչդեռ ՀՀ իշխանությունները միայն հայտարարում են, թե Հայաստանի համար առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի հարցն է: Նույնիսկ ակնարկ է եղել, որ Մադրիդյան փաստաթղթում կարգավիճակի հարցը առաջին տեղում է: Հավանաբար, դա այդպես էլ եղել է, սակայն Ակվիլայում արդեն այն նահանջել է մի քանի կետով: Եվ Ակվիլայի հայտարարությունից հետո ի հայտ եկած Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակն, ամենայն հավանականությամբ, հենց այդ բացահայտված կետերն են այդ նույն հերթականությամբ: Այսինքն` կարելի է եզրակացնել, որ այժմ քննարկվող փաստաթուղթը հայկական կողմի համար ավելի անբարենպաստ է, քան Մադրիդյան սկզբունքներն ինքնին: Այսինքն՝ ինչ-որ իմաստով Մադրիդյան սկզբունքներն այլեւս բանակցության առարկա չեն, փոխարենը՝ քննարկվում է նոր տարբերակը, ինչը 2007-2009թթ. բանակցությունների արդյունք է: Եվ հիմա, երբ մեր իշխանությունները հայտարարում են, թե իրենք բանակցում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, դա նշանակում է, որ չեն ընդունում Ակվիլայում բացահայտված տարբերակը: Դա էլ իր հերթին նշանակում է վերադարձ մինչ 2008թ. հուլիսը եղած վիճակին: Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները սկզբնական փուլում դրական էին արտահայտվել Ակվիլայի հայտարարության մասին:
Իսկ հիմա կարծես թե ԼՂՀ կարգավորումը տեղափոխվել է բանակցությունների թեեւ ոչ պաշտոնական, բայց այլ ֆորմատ: Այսօր Թուրքիա է այցելելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որտեղ քննարկումների հիմնական թեմաներից է լինելու ԼՂՀ կարգավորման հարցը: Դ.Մեդվեդեւն արդեն հայտարարել է, թե այցելության ընթացքում ձեւավորվելու է միջպետական խորհրդակցությունների սկզբունքորեն նոր մեխանիզմ: «Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը գործելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ իմ համանախագահությամբ: Ստեղծվելիք կառույցի նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների գլխավոր ուղղությունների եւ ռազմավարության մշակումն է, կարեւոր նախագծերի իրականացման համակարգումը, երկու երկրների գործարարների միջեւ կապերի հաստատումը»,- հայտարարել է ՌԴ նախագահը` ավելացնելով, որ ձեւավորվելիք նոր կառույցի նպատակներից է լինելու նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում քայլերի համաձայնեցումը` միջազգային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու նպատակով: Այս հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն է մեկնելու Ադրբեջան: Արդեն հայտնի է, որ առաջիկայում կայանալու է նաեւ Դ.Մեդվեդեւի այցը Հայաստան: Այսինքն՝ ԼՂՀ հակամարտության կարգավորումը սպառնում է տեղափոխվել այս տարածաշրջան` Ռուսաստան-Թուրքիա, նաեւ` Իրան ոչ պաշտոնական ֆորմատի շրջանակում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն այսօր բոյկոտում է Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը ու չի մերժել Իրանի միջնորդական ցանկությունները:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նորմալ է համարում ՌԴ ակտիվությունն այս տարածաշրջանում եւ բնական է համարում Ադրբեջանի բոյկոտը: «Վերջապես Ալիեւը հասկացավ, որ իր ընտրած գործելաոճը չի կարող արդյունք բերել ընդհանուր գործընթացին: Այդ իսկ առումով կամ Ալիեւը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, կամ պետք է սկսի պատերազմ: Պատերազմը գրեթե բացառում ենք, որովհետեւ դա միայն Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրը չէ: Իսկ Ալիեւին մնում է՝ իր նեղացված կեցվածքով իր ազգաբնակչության ու խորհրդատուների հետ զրուցի եւ ճանաչի ԼՂՀ անկախությունը: ՌԴ նախագահն էլ՝ որպես գերտերության ղեկավար, պարզ է, որ պետք է առաջնորդվի իր երկրի շահերով, բայց դա բացարձակ միավոր չէ: Նա կարող է Թուրքիայի հետ ակտիվ հարաբերություններ վարել, բայց մենք մեր դիրքորոշումը հայ-թուրքական եւ ԼՂՀ կարգավորման հետ կապված բազմիցս արտահայտել ենք, եւ դա պահպանվում է»,- ասում է Հ.Սահակյանը:
Ռուս-թուրքական «մերձեցումը», սակայն, մտահոգում է «Ժառանգություն» կուսակցությանը: «Դարասկզբի ռուս-թուրքական ջերմ գրկախառնության արդյունքում մենք կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը, Ղարաբաղը, Նախիջեւանը: Նման «գրկախառնություններ» հնարավոր են նաեւ այժմ: Թեեւ այս պահին հույս ունեմ, որ ռուսները պրագմատիկ կգտնվեն եւ իրենց դարավոր ռազմավարական ընկերոջը չեն դավաճանի»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: